News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարարության շենքի մոտ իրավիճակն արդեն 2 օր մնում է լարված. անհայտ կորած զինծառայողների ծնողները երեկվանից փակել են գերատեսչության մուտքերը եւ պահանջում են հանդիպում նախարարի եւ ԳՇ պետի հետ, որ նրանք մոտենան եւ պատասխանեն իրենց հարցերին: Ինչ-որ պահի զինծառայողների հարազատները սկսել են քաշել դարպասները, պոկել դրանց մի մասը: Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել այստեղ: Նրանք պատ են կազմել եւ թույլ չեն տալիս, որ մյուս ծնողները եւս մոտենան դարպասներին: Ակցիայի 2 օրերին ամեն աննշան վիճաբանության դեպքում մուտքին շղթայով իրեն ամրացրած ծնողը մյուսներին ուղարկում էր բենզինով շշի հետեւից, ակնհայտորեն սպառնալով ինքնահրկիզվել։ Երկրորդ օրը նրանց են միացել նաեւ գերիների հարազատները, որոնք երեկ հույս ունեին, որ իրենց որդիները կվերադառնան, սակայն պարզվել է, որ ոչ մի գերի էլ Ադրբեջանից չի վերադարձել: Օրվա երկրորդ կեսին ՊՆ է ժամանել ոստիկանապետ Վահե Ղազարյանը, նա 10 րոպե խոսել է ցուցարարների հետ, ապա մտել նախարարության շենք: Վերադառնալով Ղազարյանն առաջարկել է, որ ծնողները փոքր խմբերով հյուրընկալվեն Վաղարշակ Հարությունյանին ու Արտակ Դավթյանին, սակայն ծնողները մերժել են, նշել, որ ցանկանում են բոլորով հանդիպել։ Ի վերջո նրանցից 50-ին ընդունել են նախարարությունում, սակայն մյուսները շարունակել են դարպասները փակ պահել։

Նախօրեին, չնայած լուր էր տարածվել, թե հայ ռազմագերիներ են վերադառնալու, ինքաթիռը Բաքվից Երեւան է ժամանել  դատարկ։ Ինքնաթիռում եղել է միայն ռուսական  խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Ավելի վաղ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատել էր, որ հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնում Երեւան, «Ազատությունն» ու Հանրայինն ուղիղ հեռարձակում էին իրականացնում  «Էրեբունի» օդանավայակայանից, որտեղ հավաքվել էին գերիների տասնյակ հարազատներ։ Երբ պարզվել է, որ ինքնաթիռը դատարկ է ժամանել, ուղիղ հեռարձակումներն ընդհատվել են։ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից լուր է տարածվել, որ գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը։

«Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է գեներալ Ռուստամ Մուրադովին: Թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե ինչու՞ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։ «Կեղծ սադրանք էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանել է Մուրադովը։ Նրա խոսքով՝ գերիների վերադարձ ծրագրված չի եղել։ Կայքը հայտնում է, որ Մուրադովի թիկնազորը թույլ չի տվել նկարահանել, օպերատորին սպառնացել են, գետնին շպրտել տեսախցիկը։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջին պաշտոնական մեկնաբանությունը հնչեց իշխանական պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից։ Պատգամավորն այսօր առավոտյան հայտարարեց, որ եղել է գերիների վերադարձի պայմանավորվածություն, որը խախտվել է․

Այս հակասական իրավիճակն ավելի խորացավ, երբ մեկնաբանություն տվեց ԱԺ փոխոխոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ իշխանությունները գերիների վերադարձի շուրջ ոչ թե պայմանավորվածություն են ունեցել, այլ՝ ընդամենը հույս։  «Հույս է եղել, որ այդ թռիչքն իր հետ լուր կբերի և կկարողանանք գերիներ տեղափոխել Հայաստանի հանրապետություն։ Մենք պետք է այդ ապատեղեկատվության համար ներողություն խնդրենք ծնողներից»,– ասել է նա։

Միաշամանակ, Ալեն Սիմոնյանը պնդել է, որ որևէ  բարձրաստիճան պաշտոնյա գերիների վերադարձի մասին հայտարարություն չի արել։ Մինչդեռ, բաց աղբյուրներում պահպանվում են ինչպես Մանե Գևորգյան և Նժդեհ Հովսեփյանի մեկնաբանությամբ լուրերը, այնպես էլ Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցի տեսագրությունը։

Նշենք, որ նախօրեին ակցիան սկսելուց հետո անհետ կորածների հարազատները լրագրողներին կոչ էին արել հեռանալ եւ չլուսաբանել իրադարձությունը։ Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում առավոտյան տեղեկացրել էր, որ ԳՇ պետից եղել է հրավեր, բայց իրենք պահանջում են, որ նա գա իրենց մոտ։ Ղուկասյանը տեսել է, թե ինչպես է Արտակ Դավթյանը վաղ առավոտյան ուղղաթիռով հեռացել նախարարությունից։

Պաշտպանության նախարարության հարեւան շենքերի բնակիչները նկարահանել են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղղաթիռով հեռանալը։ Ցերեկը որոշում է ընդունվել ուղղաթիռներով խումբ-խումբ տարհանել գերատեսչությունում աշխատող կանանց։

Գերիների հարազատները Շիրակի մարզում փակել են Երեւան-Գյումրի ճանապարհը՝ Հոռոմի խաչմերուկի հատվածում։ Նրանք պահանջում են ստույգ պատասխան տալ, թե ինչու երեկ այդպես էլ չվերադարձան ռազմագերիները, ինչի մասին նախապես հայտարարվել էր: Նրանք նշել են, որ փակ են նաեւ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:

Ըստ նրանց՝ խոսքը 54 գերու մասին է, նրանք գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին: Գերիների հարազատները փակել են նաեւ Գյումրու երկաթգծի  Իսահակյան-Բայանդուր հատվածը։

Ջրականում  Արցախի փրկարարները հայտնաբերել են 7 զոհվածի աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները: Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: 2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում գտնված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:

Անհետ կորածներին գտնելու համար ցույցեր են նաեւ Ադրբեջանում։ Ադրբեջանցի զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիեւի հետ, քանի որ նախորդ հանդիպումից հետո գտնվել ու վերադարձվել է 2 մարմին։ Ծնողները համարում են, որ որոնողական աշխատանքները պատշաճ կերպով չեն կազմակերպվում: Ադրբեջանի տվյալներով՝ 2021 թվականի հունվարի դրությամբ անհետ կորած է համարվում 64 զինծառայող:

Ադրբեջանի «Մուսավաթ» երիտասարդական կազմակերպությունն էլ Ռուսաստանի դեսպանատան դիմաց է ակցիա կազմակերպել: Նրանք բողոքում են Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Իսկանդեր-Մ» հրթիռների կիրառման դեմ,  Ռուսաստանից բացատրություն պահանջում: Նրանք նաեւ ռուս խաղաղապահներից պահանջել են չխոչընդոտել Ղարաբաղում ադրբեջանցիների տեղաշարժին:

Ցուցարարների մոտ եղել են «Ռուսաստան, ձեռքերդ հեռու Ղարաբաղից», «Իվան, գնա տուն» բովանդակությամբ պաստառներ: Ոստիկանությունը չի միջամտել ակցիայի ընթացքին:

91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը: Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը շեշտել է, որ առանց նրա չէր կայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որ Հովնանյանը հայրենիքում հսկայական բարեգործական ծրագրեր է ֆինանսավորել։

99 տարեկանում մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը: Բուքինհեմյան պալատը հաստատել է Էդինբուրգի դուքսի մահվան լուրը:

«Նորին մեծություն թագուհին խորը վշտով հայտնում է սիրելի ամուսնու՝ Նորին արքայական մեծություն արքայազն Ֆիլիպի՝ Էդինբուրգի դքսի մահվան մասին: Նորին արքայական մեծությունը մահացել է այսօր առավոտյան Վինձորի ամրոցում»,-ասվում է պալատի հայտարարության մեջ: Արքայազն Ֆիլիպն ու ԷԵղիսաբեթ 2-րդը միասին ապրել են 74 տարի։

Հայաստանում անցած մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 26 մարդ։ Մահածացների ընդհանուր թիվը հասել է 4641 է։ 24 ժամում գրանցվել է COVID-ով վարակվելու 1029 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 201158 դեպքի:

Ներկայացուցիչների պալատի անդամները ստորագրահավաք են սկսել երկկուսակցական նամակի տակ, որով նախագահ Ջո Բայդենին կոչ են անում միանալ Կոնգրեսին` ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: «Մենք միանում ենք հպարտ ամերիկահայ համայնքին եւ բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությունն ու արդարությունը, եւ ձեզ խնդրում ենք ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ հստակ եւ ուղիղ ճանաչել Հայոց ցեղասպանությունը», նշված է նամակում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատները Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւեր են ընդունել 2019 թվականին: Վերլուծաբանները նշում են, որ երբեւէ Միացյալ Նահանգներն այսչափ մոտ չի եղել Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչմանը։

Եվրոպայի նորընծա չեմպիոն Կարեն Ավագյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր հաղթանակը սպասված էր եւ այն ինքը նվիրում է մեր զինվորների վառ հիշատակին։ Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ավագյանը 89 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճել է երկամարտի 375 կգ արդյունքով եւ 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի ծանրորդին։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 4.58 դրամով, կազմել է 532.36 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.00 դրամով ու կազմել 633.58 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 8.32 դրամով  ու կազմել 729.96 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով  ու կազմել 6.90 դրամ:

Ապրիլի 10-ին եւ 11-ին երկրի շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երեւանում եւս սպասվում է կարճատև անձրև։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 13-15, վաղը ցերեկը 22-24 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ