News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հյուսիս-հարավ ճանապարհի Արգավանդ-Շիրակ կապող հատվածում շինարարները խեցեղեն իրեր են հայտնաբերել, ինչից հետո ապրիլի 3-ից մասնագետները սկսել են պեղումներ իրականացնել։

«Սա Կարմիր բլուրի ծայրամասն է և փաստորեն, մենք Կարմիր բլուրի ծայրամասում՝ հնագիտական շերտի մեջ, ֆիքսել ենք խեցեղեն, այսինքն՝ դա մարդն է օգտագործել, և ֆիքսել ենք նաև կառույցի հետքեր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Գտածոները Ք.ա. 8-6 դարերի են։ Հնագիտական շերտի մեջ խաչասերվում են ուրարտական և սև տեղական խեցեղենը։ Գտածոները տարվում են Էրեբունի թանգարանի լաբորատորիա, որտեղ հատուկ կերպով մաքրվում են։ Ամբողջանալու դեպքում դրանք իրենց տեղը կգտնեն թանգարանում՝ մշտական կամ ժամանակավոր ցուցադրության համար և կլինեն հիմք լուրջ գիտական ուսումնասիրությունների։

«Ունենք մի սափորի ամբողջական հատված, որի բեկորներն արդեն միացել են իրար։ Եվ դրանք գծվելու են, չափագրվելու են և հետո դառնալու են թանգարանային առարկաներ»,- նշեց Միքայել Բադալյանը։

Հնագիտական խումբն աշխատում է անվճար։ Նրանց միացել են կամավորներ, որոնց մասնագիտական կրթության բացակայությունը չի ազդում աշխատանքի վրա։

«Հաճույքով եմ աշխատում, սիրում եմ փոշու հետ աշխատել, հողի շերտերը մաքրել, պատմության մեջ ընկմվել ու ընդգրկվել»,- ընդգծեց կամավորներից Մարիամ Մարգարյանը։

Հնագիտական պեղումներին էր միացել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

«Քար ես գտնում և անգամ քեզ թվում է, թե կարող է դա լինել մի փոքր մաս, որ կարող է պատմություն բացել։ Ես մեծ հույս ունեմ, որ այստեղ նաև դամբարան կգտնենք։ Աշխատենք և տեսնենք։ Կարծում եմ՝ այստեղ՝ մասնագիտական հմտություններն այդքան էլ պետք չեն, որովհետև աշխատանքը բարդ չէ, միայն ցանկություն է պետք»,- նշեց նա ։

Հնագիտական աշխատանքների վերջին օրը վաղն՝ ապրիլի 11-ը։ Միքայել Բադալյանը չի բացառում, որ նաև դամբարան հայտնաբերվի, սակայն դա չի խանգարի Հյուսիս-հարավ ճանապարահաշինարաությանն այդ հատվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ