News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ապրիլի 8-ին եւ 9-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրը շրջափակելուց հետո ռազմագերիների եւ անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր էլ  հավաքվել են կառավարության շենքի դիմաց եւ պահանջում են հանդիպում անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարության ներկայացուցիչը զրուցել է նրանց հետ՝ նրանց պահանջները հասկանալու համար:

Ակցիայի մասնակիցների մի մասը կողմ է եղել բողոքի լուսաբանմանը, մյուս մասը՝ դեմ։ Վերջինները վրդովված պահանջել են անջատել տեսախցիկները, վիճաբանել մյուսների հետ։ Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատները դեմ էին նաեւ իրենց նախորդ ակցիայի լուսաբանմանը՝ «թշնամին չտեսնի» պատճառաբանությամբ, թեեւ այն ներկայացվել է Պակիստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի լրատվամիջոցներով, ցուցադրվել են համալիրի ներքին տարածքից ուղղաթիռով գլխավոր շտաբի պետի հեռանալու եւ կին աշխատակիցների տարհանման կադրերը։

Լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ գերիների վերադարձի հարցում կա որոշակի առաջընթաց, քանիցս վերադարձվել են գերիներ, եւ այդ աշխատանքը շարունակվում է: Դիվանագետի խոսքով՝ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը:

Լեռնային Ղարաբաղի հարցը փակ ռեժիմով կքննարկվի Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում:  Քննարկումն ընթանալու է «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» թեմայի շուրջ: Պատգամավորները կլսեն Հետախուզական ծառայության ղեկավարին:

Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումների  նպատակով կավելացվեն հենակետեր: Հիշենենք, որ ապրիլի 7-ի առավոտյան օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները գնդացրով կրակել են Սարուշենի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ, ջարդել  տրակտորի ապակին: Արցախի ոստիկանները պատրաստել են նյութեր, կազմել արձանագրություն՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար:

Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել  ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Ընտրություններին մասնակցելու ենք միայնակ: Մենք գալիս ենք հաղթելու, իշխանություն վերցնելու եւ Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա հստակ պետության ղեկավար»,- ասել է նա: Հարցին, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանին պատկերացնում որպես բանակցող, Մելքումյանն ասել է՝ շատ լավ.

Ինչ վերաբերում է շաբաթ օրը Ծառուկյանի որդու ճոխ հարսանիքի առիթով քննադատությունների ալիքին, Մելքումյանը նշել է՝  պետք չէ կենտրոնանալ մարդու, ընտանիքի, անձնական միջոցառման վրա, սարքել չգիտեմ ինչ: 

Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին «Փարավոն» ռեստորանային համալիրում  հրավառության առիթով ոստիկանությունը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել եւ կազմակերպչին տուգանել 100 հազար դրամով։ Հիշեցնենք, որ դժգոհությունները պայմանավորված էին ժողովրդի տրամադրությունն անտեսող ճոխությամբ եւ հատկապես հրավառությամբ, նաեւ Հայրենիքի փրկության շարժման որոշ առաջնորդների մասնակցությամբ։ Նշենք, որ հանրապետականները չեն մասնակցել հարսանիքին, Ռոբերտ Քոչարյանը եւս մերժել է մասնակցելու հրավերը։ 

Հանրապետության նախագահը չի ստորագրել աղմկահարույց դատական նոր օրենսգիրքը, համարելով, որ այն առերեւույթ հակասում է Սահմանադրությանը։ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան մայր օրենքին դրա համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Հարցը քննարկելով արդարադատության նախարարի, ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների հետ, նախագահը հանգել է եզրակացության, որ օրենքի նոր կարգավորումներն իրավիճակային են եւ առերեւույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:

Հայաստանում կորոնավիրուսի պատվաստումները կսկսվեն վաղվանից, լրագրողների հետ ասուլիսին ասել է  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ AstraZeneca պատվաստանյութի ցուցումներում փոփոխություններ են կատարվել եւ բարդություններից խուսափելու համար դրանք հաշվի են առնվել նաեւ Հայաստանում։ Նախարարը ներկայացրել է, թե որ խմբերում է կիրառվելու AstraZeneca-ն։

Sputnik V ռուսական պատվաստանյութը կիրառվելու է  18-54 տարեկան բուժաշխատողների, նույն տարիքի քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների եւ աշխատակիցների շրջանում։  Հայաստանը ձեռք է բերել 24 հազար  «AstraZeneca» եւ  15 հազար դեղաչափ «Sputnik V» պատվաստանյութ:

Հայաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 510 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 203327-ի: Մեկ օրում մահացել է 19 վարակված, նրանցից 1-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հանգստյան օրերին մահացել էր 46 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 4706 է։

Կորոնավիրուսից 82 տարեկանում մահացել է հայտնի դիվանագետ Արման Նավասարդյանը: 1991-1993 թթ. Նա զբաղեցրել է Հայաստանի փոխարտգործնախարարի պաշտոնը, Ալժիրում, Սենեգալում, Ավստրիայում, Հունգարիայում, Լիբանանում զբաղեցրել է դիվանագիտական տարբեր պաշտոններ: Նավասարդյանն ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Կիրակի Երեւանում, նախնական վարկածով, ինքնասպանություն է գործել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի 40-ամյա դուստրը: Ահազանգը ոստիկանության Զեյթունի բաժինը ստացել էր մի քաղաքացուց։ Դավիթ Անհաղթի  շենքերից մեկի բնակարանի պատշգամբում՝ բազմոցին, ոստիկանները հայտնաբերել են նույն բնակարանի բնակչուհու դին՝ կրծքավանդակի ձախ կողմում հրազենային միջանցիկ վնասվածքով։ Դիակի կողքին հայտնաբերվել է նրա հոր «Մակարով» տեսակի ատրճանակը։

Մոսկվայում ավարտված ծանրամատի Եվրոպայի առաջնությունում հաջող մասնակցությունից հետո Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք:

14 ծանրորդով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականը, նվաճելով 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալներ, երկամարտի մեդալային հաշվարկում գրավել էր երրորդ տեղը, առաջ թողնելով միայն Ուկրաինայի եւ Բուլղարիայի հավաքականներին։ Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում նվաճել են Կարեն Ավագյանը  և Սամվել Գասպարյանը:

Բրազիլիայի մեկ այլ քաղաքում կանգնեցվող Քրիստոսի նոր արձանը կլինի ավելի բարձր, քան Ռիո դե Ժանեյրոյի հայտնի Քրիստոսի անդրին է: Էնկանտադու քաղաքում, Քրիստոսի արձանը կունենա 43 մետր բարձրություն՝ ներառյալ պատվանդանը, ինչի արդյունքում այն կլինի աշխարհում բարձրությամբ Հիսուսի երրորդ արձանը: Արձանի ներսում վերելակը կտեղափոխի զբոսաշրջիկներին դեպի դիտահրապարակ կրծքավանդակի շրջանում:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 4.68 դրամով, կազմել է 528.10 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.09 դրամով ու կազմել 628.49 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.61 դրամով  ու կազմել 725.35 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով  ու կազմել 6.83 դրամ:

Հայաստանի շրջանների մեծ մասում ապրիլի 13-ի գիշերը եւ ցերեկը սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում սպասվում է անձրև օրվա երկրորդ կեսին: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5 +7, վաղը ցերեկը՝ +16 +18:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ