News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ջո Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ավելի քան 100 տարի անց այն բանից հետո, երբ դա տեղի է ունեցել, National Interest-ի իր հոդվածում գրում է Մայքլ Ռուբինը:

2020թ. ապրիլի 24-ին նախագահի այն ժամանակվա թեկնածու Ջո Բայդենը Twitter-ում գրել էր․ «Ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ սատարել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը եւ մարդու համընդհանուր իրավունքները գերակայություն դարձնել»։

2021թ. մարտի 22-ին «Եվրասիական խմբի» անդամ Յան Բրեմերը հայտնել է, որ «Սպիտակ տան աղբյուրները» իրեն ասել են, թե Ցեղասպանության ճանաչումը տեղի կունենա: Ի դեպ, Բրեմերը նշել է ոչ միայն Բայդենի նախընտրական խոստումը, այլ նաեւ այն փաստը, որ փոխնախագահ Քամալա Հարիսը 2019-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի համահեղինակն է: Նա նաեւ ճիշտ էր՝ նշելով, որ նախագահ Բարաք Օբաման նման խոստում տվել եւ հրաժարվել էր դրանից:

Դրանում է խնդիրը՝ կառավարությունում կա մի դինամիկա, երբ պաշտոնատար անձինք կամ օգտակար են համարում խեղաթյուրել պատմությունը, կամ անտեսել ողբերգությունը՝ կարճաժամկետ դիվանագիտական անհրաժեշտության համար: Սամանտա Փաուերը գիրք է գրել այս մասին եւ, այնուամենայնիվ, ոչ միայն չկարողացավ պաշտպանել Հայաստանը, այլեւ անտեսեց Սիրիայում շարունակվող ցեղասպանությունը: Կլիմայի հարցով ԱՄՆ-ի բանագնաց Ջոն Քերին, որը, ինչպես Հարիսը, նույնպես, որպես սենատոր, հովանավորում էր Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերը, մոռացավ դրանց մասին, երբ դարձավ գործադիր իշխանության մաս:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր պաշտոնավարման առաջին շաբաթներին խոստացել էր ավելի մեծ ուշադրություն դարձնել մարդու իրավունքներին, բայց նա արդեն սկզբունքները քաղաքականությանը զոհաբերելու պատրաստակամություն է ցուցաբերել:

Շատ հայերի հնարավոր է դուր չգա հանգուցյալ պատմաբան Բեռնար Լյուիսը, քանի որ նա կասկածի տակ էր դնում Հայոց ցեղասպանության կանխամտածված լինելը: Սակայն հետագա տեղեկատվությունը, որն այդ ժամանակ մատչելի չէր Լյուիսին, հաստատում է միտումնավորությունը: Լյուիսը նույնքան ազնիվ էր, որքան կիրթ էր: Գրեթե չեմ կասկածում, որ եթե նա այսօր կենդանի լիներ, թույլ կտար նոր վկայություններին փոխել իր մեկնաբանությունը:

Կա մեկ այլ պատճառ, թե ինչու հայերը չպետք է ամբողջովին մերժեն Լյուիսին: 2012-ի իր հուշերում Լյուիսը գրել է. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հսկայական էներգիա է վատնվում պատմությունը կեղծելու համար: Նման աղավաղումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, նույնիսկ եթե դրանք անշահախնդիր դրդապատճառներ ունեն»: Սա Լյուիսի հայտարարությունն է, որից հայերն ու պատմական ճշմարտությամբ հետաքրքրվողները պետք է այսօր կառչեն, քանի որ այն ընդգծում է անթույլատրելիության կարեւորությունն այն բանի, որ կարճաժամկետ դիվանագիտական շահերը խեղաթյուրել են պատմության ընթացքը:

Բայդենի վարչակազմում, Պետդեպարտամենտում եւ Պենտագոնում շատերը կարող են Բայդենի պարտավորություններից շեղվելու կամ նրանց բարոյական համարժեքություն տալու խթան գտնել: Պետական դեպարտամենտում մնում է ուժեղ թուրքական լոբբին, որը պատրաստ է պաշտպանել Թուրքիայի շահերը եւ Թուրքիային ազատել իր գործողությունների համար պատասխանատվությունից:

Թե՛ Պետդեպարտամենտը, թե՛ Պենտագոնը կարող են ենթադրել, որ Էրդողանի հետ անտագոնիզմը կարող է ստիպել նրան հարձակվել Միջերկրական ծովի արեւելյան հատվածի վրա: Արդեն կան նախազգուշական նշաններ, որ Բայդենը եւ Բլինքենը տատանվում են, օրինակ՝ չնայած Թուրքիայի վերաբերյալ իրենց բոլոր կոշտ հայտարարություններին, նրանք ուժեղացրել են նրա բռնապետ Էրդողանին՝ նրան դարձնելով Աֆղանստանում խաղաղ բանակցությունների տերը:

Կա Լեռնային Ղարաբաղ, որտեղ անցյալ տարվա աշնանը Թուրքիան եւ Ադրբեջանը սանձազերծեցին քառասունչորսօրյա պատերազմ, իսկ խաղաղությունը մնում է փխրուն:

Այս խնդիրներից ոչ մեկը չի արդարացնում պատմության խեղաթյուրումը: Բանը միայն այն չէ, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է, այլ նաեւ դրա թերագնահատումը կարող է թանկ նստել: Ադրբեջանը եւ Թուրքիան սեպտեմբեր ամսվա իրենց անակնկալ հարձակումը հայաբնակ Լեռնային Ղարաբաղի վրա նվիրեցին Հայաստան օսմանյան ներխուժման հարյուրամյակին: Ե՛ւ Էրդողանը, եւ՛ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը օգտագործեցին ծայրահեղական հռետորաբանությունն այն մասին, որ իրենց վերջնական նպատակը կրոնական պատերազմն է եւ բուն Հայաստանի կործանումը:

Այս ամենը կարող է հանգեցնել հետագա ագրեսիայի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ քրդերի եւ Կիպրոսի դեմ:

Չնայած Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ ճիշտ է, եւ իմաստուն, Բայդենը եւ Բլինքենը պետք է ավելի առաջ գնան: Ցեղասպանության ժխտումը խարխլում է երկարաժամկետ անվտանգությունը, եւ, հետեւաբար, Բլինքենը կարող է ինչպես Անկարայում, այնպես էլ Բաքվում Հայոց ցեղասպանության հուշարձանների տեղադրումը դիտարկել որպես ցուցանիշ, որը թույլ է տալիս որոշել, թե արդյոք Ցեղասպանության ճանաչումը դուրս է գալիս հռետորաբանության սահմաններից: Նման քայլը կօգներ նաեւ ազատվել պատմական կուրությունից, որն առաջացել է տասնամյակների թուրքական հրահրմամբ:

Նման հուշարձաններ հիմնելու նախադեպեր կան: Ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի, որոնք արեւմտյան այցելուների համար բազմահավատ հանդուրժողականության պատկերներ են ստեղծում եւ օտար մամուլին հրավիրում փոքր տոնակատարությունների, Հայաստանում կա Հոլոքոստի հուշարձան, քանի որ հայերը խոստովանում են, որ պատմությունը շատ հաճախ է կրկնվում:

Բայդենը եւ Բլինքենը նաեւ պետք է պարտավորվեն չեղյալ հայտարարել 907-րդ փոփոխության (Ազատության աջակցության ակտ) բացառումը, որը դիվանագիտությունն անտեսելու համար արդյունավետորեն պարգեւատրում է Ադրբեջանին:

Բլինքենը պետք է նաեւ հորդորի Թուրքիային եւ Ադրբեջանին ընդունել Սիրիայից «Ալ-Քաիդա»-ի հետ կապված վարձկանների տեղակայումը:

Թրամփի վարչակազմը թերագնահատել է Հարավային Կովկասում դիվանագիտության կարեւորությունը՝ նշանակելով Մինսկի խմբի համանախագահ, որը չունի իր ռուս եւ ֆրանսիացի գործընկերների դիվանագիտական աստիճանը: Փոխանակ պարզապես դեսպան նշանակելու, Բլինքենը կարող էր նշանակել քարտուղարի օգնական: Միացյալ Նահանգները Արցախի Հանրապետության համար կարող է առաջարկել նաեւ Կոսովոյի մոդելը: Այդ դեպքում Բլինքենը պետք է մշտական դիվանագետ ուղարկի Ստեփանակերտ:

Ցեղասպանության ճանաչումը կարեւոր է, բայց բավարար չէ: Հաշվի առնելով Հայաստանի արեւելքում եւ արեւմուտքում բռնապետներին՝ կարեւոր է ընդունել, որ մեկ դարի վաղեմության սպառնալիքը պահպանվում է մինչ օրս: Դատարկ հռետորաբանությունը կարող է թանկ նստել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ