News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հերթական աղմկահարույց նշանակումն է արել Նիկոլ Փաշինյանը. իրավունքի ուժով Արշակ Կարապետյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: Այս ձեւակերպման պատճառն այն է, որ պետության նախագահը չի ստորագրել նրա նշանակման հրամանագիրը։ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից հանված Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ նախագահի դեռ քննվում է։ Հիշեցնենք, որ Կարապետյանը մինչեւ վերջերս վարչապետ Փաշինյանի խորհրդականն էր, նա 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո ազատվել էր գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, բացի այդ եղել է Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Քոչարյանի դեմ ցուցմունք տված միակ զինվորականը։

Ռոբերտ Քոչարյանն այսօր չի ներկայացել դատական նիստին, որը շարունակվում է նրան եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղսագրվող կաշառքի հոդվածներով։ Փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է, որ նախկին նախագահը բժշկի ցուցումով կորոնավիրուսի թեստ է հանձնել, քանի որ նրա մերձավորների շրջանակում կորոնավիրուսով վարակված անձ կա։ Քոչարյանը սպասում է պատասխանին, սակայն եթե դատարանը պարտադիր համարի նրա ներկայությունը, դատարան կգա: Դատավոր Աննա Դանիբեկյանը, պատճառաբանելով, որ արձակուրդ է մեկնում, նիստը հետաձգել է մինչեւ մայիսի 4-ը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է։

Գյումրիում այսօր լարված իրավիճակ է ստեղծվել։ Կեսօրից Շիրակի մարզպետարանի մոտ էին հավաքվել Խածեբերդից գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները և պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իրավիճակը լարվել է, երբ գերեվարվածների հարազատները աշխատանքային օրվա ավարտին մարզպետարանի աշխատակիցներին թույլ չեն տվել շենքից դուրս գալ։ Ոստիկաններ են ժամանել, որոնք փորձել են բռնի ուժով հեռացնել գերության մեջ գտնվող զինվորների ծնողներին։ Քաշքշուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով գերիների հարազատներից մի կին վնասվածք է  ստացել։ Ոստիկաններին այդպես էլ չի հաջողվել հեռացնել գերիների հարազատներին։ Ժամը 20։00–ի դրությամբ մարզպետարանի աշխատակիցները դեռ դուրս չէին եկել շենքից։

Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպմանը ռազմագերիների եւ անհետ կորածների ծնողներին վրդովեցրել է իրենց հանդեպ վերաբերմունքը։ Զինծառայողներից մեկի հոր խոսքով՝ Փաշինյանն ի վիճակի չէ իրենց հարցերին պատասխանել, որ իմանան՝ իրենց զավակները  գերի՞ են,  թե՞ անհետ կորած։

Ըստ անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի՝ հանդիպումը լարված մթնոլորտում է անցել. ծնողների եւ Արսեն Թորոսյանի, ապա նաեւ՝ Փաշինյանի միջեւ սուր խոսակցություն է եղել, Փաշինյանը նույնիսկ մատ թափ տվել իրենց վրա, հաթաթա տվել։ Ծնողները որոշել են դուրս չգալ կառավարության շենքից, սակայն իրենց ընդունելու՝ ԱԱԾ տնօրենի խոստումից հետո՝ հեռացել են։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ի ցույց դրեց իր բարբարոս էությունը։ Նա ֆոտոսեսիա է արել Բաքվում բացված ցուցահանդես–պուրակում, որտեղ ցուցադրված են Արցախի դեմ վերջին պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտները, հայկական զրահատեխնիկան և ռազմավարի ավարի այլ նմուշներ, սպանված ու գերեվարված հայ զինվորների տեսքով մանեկեններ։  Այս սահմռկեցուցիչ լուսանկարներին իրենց միկրոբլոգերում անդրադարձել են միջազգային հեղինակավոր պարբերականների լրագրողներ, որոնք Ալիեւին համեմատել են միջնադարի՝ թշնամիների գլուխների տեսարաններից վայելք ապրող սադիստ բռնապետների հետ։

Այս խայտառակ պուրակի բացմանը Հայաստանում առաջինն արձագանքել է մարդու իրավունքների պաշտպանը։ Այն, ըստ Արման Թաթոյանի, վերահաստատեց հայերի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը: «Հայ զինծառայողների բոլոր մանեկեններն էլ ներկայացված են նվաստացուցիչ վիճակում, հայերի ու Հայաստանի նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար,  արված են ցինիզմով՝ հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը», նշված է օմբուդսմենի հայտարարությունում, որն ուղարկվելու է միջազգային կառույցներին։

Մեկ օր անց Ալիեւի ցինիզիմին արձագանքեց նաև Հայաստանի արտգործնախարարությունը։ «Դիակապտության տարրերով պարուրված նման «ցուցադրության» կազմակերպմամբ Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն», – նշված է հայտարարությունում։

Հայաստանի կառավարությունից ուշացումով կամ զուսպ արձագանքերից կամ բացակայությունից ոգեւորված Իլհամ Ալիեւը հերթական անգամ բաց չի թողել Հայաստանի դեմ լկտի ելույթների առիթը, ընդ որում, սովորության համաձայն, հակասական մտքեր հայտնել: Բաքվում կայացած մի խորհրդաժողովին նա հայտարարել է, թե տարածքային պահանջներ չունի որեւէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ, մեկ այլ վայրում հոխորտացել, թե Զանգեզուրը «պատմական ադրբեջանական հող է», ապա ավելի վեր բարձրացել՝ հասել Սեւանա լիճ կամ, ինչպես ինքն է ասում, Գոյչա, եւ վերջապես հասել Երեւան: Ունկնդիրներին Ալիեւը հավաստիացրել է, թե իրենք կվերադառնան այնտեղ։ Իսկ տխրահռչակ պուրակի բացմանը Ալիեւը հայտարարել էր, թե 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը իրեն խոստացել էր հողերը վերադարձնել՝ իրենից երկու շաբաթ խնդրելով:

Ի պատասխան՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Իլհամ կեղծարարը հայոց պատմությունն ու մշակույթը լկտիաբար կեղծելու, հայ ժողովրդի պատմական բնօրրանն իր մայրաքաղաքով սեփականաշնորհելու փորձերից հետո որոշել է իրեն հատուկ ցինիզմով նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունն ու Ապրիլյան քառօրյայում Ադրբեջանի ձախողումը վերափոխել հաղթանակի, պատերազմը դադարեցնելու իր միջնորդավորված խնդրանքը վերագրել հակառակ կողմին, ցիտել հորինվածքներ»: Ըստ Սերժ Սարգսյանի գրասենյակի՝ Ալիեւի «հնարքի» իմաստը նույն բանն անընդհատ կրկնելու մեջ է, հույսով, որ դիմացինը հոգնի դրանք հերքելուց եւ իր ստերն անցնեն ճշմարտության տեղ։ «Եթե Սերժ Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Իլհամ Ալիևին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է», նշված է հայտարարությունում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև միջադեպն իրավական ընթացք չի ստանա, Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը: Հատուկ քննչականից հայտնել են, որ քրեական գործ հարուցելը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Հակոբ Արշակյանը հարձակվել էր լրագրողի վրա, հարվածել նրան, կոտրել նրա գույքը:

Երեկ երեկոյան ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Mercedes մակնիշի իր ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտայում, «Երեւան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով անցնող երիտասարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն 27-ամյա երիտասարդը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Պարզվել է, որ Մարտիրոսյանը  սթափ է եղել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 726 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 204 հազարից: Մեկ օրում մահացել է 24 վարակված, որոնցից 2-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 4730 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 8.67 դրամով, կազմել է 519.43 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 10.85 դրամով ու կազմել  617.91 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 10.35 դրամով  ու կազմել 715.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով ու կազմել 6.73 դրամ:

Ապրիլի 14-ի գիշերը եւ առավոտյան ժամերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Եղանակը մինչեւ շաբաթվա վերջ կտաքանա 7-9 աստիճանով: Երեւանում գիշերը եւ առավոտյան ժամերին սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +16+18:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ