Գլխավոր շտաբի պետն իրավունք չունի ասել՝ կռիվը դադարեցրեք, ես գնում եմ տուն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԱԺ ամբիոնից արված այն պնդմանը, թե պատերազմի չորրորդ օրը Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը չի հայտարարել, որ պետք է կանգնեցնել պատերազմը։
«Գլխավոր շտաբի խնդիրը կռիվը կառավարելն է։ Ինքը կռիվն էր ղեկավարում, շատ հնարավոր է՝ կռիվը տեղափոխեր այլ ուղղությամբ, բայց նման բան ասելու իրավունք չուներ»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը՝ եթե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում էր իրականությանը, այդ դեպքում ինչու Օնիկ Գասպարյանը երկար ժամանակ շարունակեց մնալ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, Քոչարյանն ասաց, որ ինքը կարող է պատասխանը ենթադրել, բայց չի հնչեցնի․ «44-օրյա պատերազմի ընթացքին վերաբերվող ուսումնասիրությունների արդյունքում այդ բոլոր հարցերի պատասխանը անպայման պետք է գտնենք»։
Հարցին, թե երբ է պատրաստվում Անդրանիկ Քոչարյանն այցելել Արցախի Խծաբերդ գյուղից գերեվարված պահեստազորային զինծառայողների ծնողներին, որոնք բողոքի ակցիա են իրականացնում Շիրակի մարզպետարանի առաջ, Քոչարյանը պատասխանեց․ հարազատներին․ «Եթե դրա կարիքը լինի անպայման կգնամ»։











