News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարության անցած տարվա ծրագրի կատարման մասին Նիկոլ Փաշինյանի երկարաշունչ զեկույցը Ազգային ժողովում հերթական անգամ ներքաղաքական ու հանրային փոթորիկ է բարձրացրել: Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունից 5 ամիս անց նա, ըստ էության ստախոս համարեց նրան, պնդելով՝ Գասպարյանի ասածը, թե պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները եւ որ երկու-երեք օրում պետք է միջոցներ գտնել պատերազմը կանգնեցնելու համար, իրականության հետ աղերս չունի։ Նիստի արձանագրություններն ու ձայնագրությունը կան, ասել է Փաշինյանը:

Ծավալուն ելույթում Փաշինյանն անդրադարձել է բոլոր նախկին նախագահներին, մեջբերումներ արել նրանց հարցազրույցներից, փորձել ապացուցել, որ նրանք գիտեին, որ պետք է տարածքները հանձնվեին Ադրբեջանին, եւ չնայած Հայաստանը պայմանական միավորներով 10-1 հաշվով զիջել է Ադրբեջանին, ինքը փորձել է պայքարով հասնել հայանպաստ լուծման, որ 20 տարում քանդածն ինքը չէր կարող 2 տարում ուղղել, որ իրենք կռիվ են տվել՝ ընդդեմ այդ 20-ամյա դավաճանության ու կապիտուլյացիայի։ Վարչապետը նախկիններին նորից մեղադրել է թալանի, պետությունը մաֆիոզ կառույցի վերածելու համար, որ նրանք մինչեւ հիմա իրենց շոշափուկներն ունեն ամենուր՝ սկսած դատական համակարգից, վերջացրած զինված ուժերով:

Իր հասցեին Տեր-Պետրոսյանի՝  «ազգակործան պատուհաս» բնորոշման առիթով, Փաշինյանն ասել է, որ 2018-ի ամռանը իր հետ հանդիպմանը առաջին նախագահն ասել է՝  «Հողերը արդեն պետք է տաս»։ Նա ժխտել է, թե Լելե Թեփե բարձունքը գրավելու հրամանն ինքն է տվել, որտեղ կոտրվել է Պաշտպանության բանակի հարվածային ուժը։ Նա մեղադրել է գեներալ Մովսես Հակոբյանին ստախոսության համար, պնդել, թե նա էր ուզում հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, բայց ինքը չի թողել։  Լելե Թեփեի գործողության առաջարկն էլ, ըստ նրա, արել է եւ որոշումը կայացրել է մի գեներալ, բայց չի ասել՝ ով։  Փաշինյանը մեջբերումներ է արել Սերժ Սարգսյանի հարցազրույցներից ու պնդել, թե իրենք եկել են մի հանգրվանի, երբ մենք ասում ենք՝ Ադրբեջան, 7 շրջանները քեզ ենք վերադարձնում, Ադրբեջանն ասում է՝ ոչ, ավելին պետք է տաք: Ռոբերտ Քոչարյանի համար ակնկարել է, թե նա կարող է լինել թուրքական գործակալն, քանի որ նրա օրոք է եղել հոկտեմբերի 27-ը։

Փաշինյանի ելույթի վերջնամասն ու դրան հետեւած հոտնկայս ծափողջույնները շոկի են մատնել հանրության լայն շերտերին։

Այդպես էր պետք, ծափահարությունների առիթով լրագրողների տարակուսանքին ի պատասխան՝ հայտարարել է իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը, ապա ավելացրել, որ նրանց հարցրերին պատասխանելու ցանկություն չունի։

Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը նույնպես խույս է տվել լրագրողներից ու չի պատասխանել  հարցին, թե ինչի համար էր հոտնկայս ծափ տալիս Նիկոլ Փաշինյանին:

Նույն թեմայով լրագրողների հետ զրույցում նորընծա պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որը խմբակցությունից հեռացած Սոֆյա Հովսեփյանին համեմատել էր Փաշինյանի ուսապարկի հետ, բարձրացրել է ձայնը։ 

Ազգային ժողովի մյուս փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ընդհանրապես ափերից դուրս է եկել եւ կրկնելով Փաշինյանի ելույթի վերջին բառերը՝  զայրացած ծափ է տվել միջանցքում։

Դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանի ելկույթի պահին, կոչ է արել հավաքվել Ազգային ժողովի մոտ: «Հողատուն հանգիստ վայրկյան չպետք է ունենա ու շարունակի դավաճանությունը», – հայտարարել է նա։ Անմիջապես մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Դեմիրճյան փողոցում եւ փակել փողոցը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն արձագանքելով Փաշինյանի ելույթին, հայտարարել է՝ այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ «Վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են գցում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում»,- ասել է գեներալ Գասպարյանը։

Բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, NEWS.am-ի համար մեկնաբանելով Փաշինյանի ասածները, բառացիորեն ասել է. «Հիվանդ մարդ է, այդ հիվանդությունից է նրա ստախոսությունը: Հիվանդ մարդուն ի՞նչ մեկնաբանեմ, ամեն գժի ես պետք է մեկնաբանե՞մ: Իր ասածները բացարձակ սուտ են, բացի այդ էլ նա տգետ է, չի հասկանում՝ ինչ է նշանակում մարտական կոչ, ինչ է նշանակում զորահավաք: Երեւի դա նույնպես կապված է հիվանդության հետ»,- ասել է գեներալ-գնդապետը։

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը եւս արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին, բառացի կրկնելով 2020-ի նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերի» գնահատականը. «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:

Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։ Այս բառերը երկրորդ նախագահի գրասենյակի հայտարարությունից են։ «Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, որն ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»,- նշել է Միկոյանը։

Նիկոլ Փաշինյանի ցինիկ ստերն ու կեղծիքները բացահայտող բազմաթիվ փաստեր վաղուց հանրության սեփականությունն են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ազգային ժողովում ունեցած ելույթին։

«Ազգային Ժողովում կապիտուլյանտի այսօր հնչեցրած ստերի առիթով խնդրում ենք զանգվածային լրատվամիջոցներին այլևս չդիմել և հարցումներ չուղարկել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ այդ զառանցանքներին մեր արձագանքը ստանալու ակնկալիքով»,– ասվում է հայտարարությունում:

ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իլհամ Ալիեւի հետ Բաքվում կայացած հանդիպմանը, աջակցություն է խոստացել  «վերջին հակամարտությունից տուժած տարածքների վերականգնման գործում»: «Պետք է իմանաք, որ Բելառուսում ձեր հուսալի ընկերներն են», ասել է Լուկաշենկոն, ըստ որի՝ ոչ մի համավարակ չի կարող խոչընդոտել Բելառուսի եւ Ադրբեջանի համագործակցությանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը ԲՀԿ փոխնախագահի պաշտոնում ընտրել է պատգամավոր Շաքե Իսայանին: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր խմբակցությունից հեռացած Սերգեյ Բագրատյանը: Պատգամավոր Վարդան Վարդանյանը չի բացառել, որ մինչև ընտրությունները մեկ անգամ ևս քաղաքական խորհրդի նիստ կանցկացնեն և վերանայեն կազմը:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 1075 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 205128-ի: Մեկ օրում մահացել է 21 վարակված, որոնցից 2-ի  մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահացածների ընդհանուր թիվը 4751 է:

Երևանում երթուղային տաքսու մեջ մարդ է սպանվել։ Նախնական տվյալով՝ դիմակ կրել-չկրելու թեմայով վիճելուց հետո ավտոմեքենայի մեջ միլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, որը տեղում մահացել է։

Գիշերը Երևանի ռեստորաններից մեկում գետին տապալելով իրավապահները ձերբակալել են օրենքով գող Պզոյին։ Մեդիապորտ տելեգրամ ալիքը նաեւ տեսանյութ է տարածել այդ գործողությունից:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 0.09 դրամով, կազմել է 519.34 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.01 դրամով ու հասել 620.92 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու կազմել 715.03 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն (աճել է 0.13 դրամով կազմել է 6.86 դրամ:

Ապրիլի 15-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մինչեւ ապրիլի 18-ը եղանակը կտաքանա 8-10 աստիճանով: Երևանում եւս տեղումներ չեն լինի։  Գիշերը մայրաքաղաքում կլինի +3-ից +5, վաղը ցերեկը +19-ից +21։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ