News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անվտանգության խորհուրդը հրապարակել է Օնիկ Գասպարյանի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի խոստացած ապացույցները։ Դրանք սեպտեմբերի 30-ի անվտանգության խորհրդի նիստին արձանագրությունից որոշ գաղտնազերծված՝ իրարից անջատ հատվածներ են, որոնք վերաբերում են Գլխավոր շտաբի պետի նախկին զեկույցին։ Ըստ այդ փաստաթղթերի՝ Գասպարյանը զեկուցել է, որ որեւէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել, առավոտյան հայկական կողմը փոքր հակահարված է ձեռնարկել Ջաբրայիլի ուղղությամբ եւ հաջողություններ ունեցել։ Նախօրեին Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր նաեւ, որ օգոստոսի 21-ին Օնիկ Գասպարյանը ԱԽ նիստի զեկույցում հավաստիացրել է, որ արցախյան ուղղությամբ հայկական կողմը կարող է առկա ուժերով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները։ Այսօր անվտանգության խորհուրդը վարչապետի նաև այս հայտարարությանն առնչվող փաստաղթեր է հրապարակել, որտեղ նույնությամբ գրված Փաշինյանի՝ ամբիոնից ընթերցված տեքստը։ Գլխավոր շտաբի նախկին պետը դեռեւս չի արձագանքել հրապարակված փաստաթղթերին։

Հադրութ տեղափոխված և շրջափակման հետևանքով զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործով հարցաքննվել է պաշտպանության բանակի նախկին հրամատարա ՋԱլա Հարությունյանը։ Այս գործով արդեն մեղադրանք է առջաադրված ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։ Զինծառայողների հարազատները պնդում են, որ հրամանը Առուստամյանը ստացել է Ջալալ Հարությունյանից, որոնք տեղյակ են եղել, որ այդ տարածքները թշնամու վերահսկողության տակ են։

Գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած Լելե Թեփեի գործողությունը, Սամվել Բաբայանն է, այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը: Ալիքի տեղեկություններով, բարձունքը վերադարձնելու լոբբինգով զբաղվել է անձամբ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որ հաջողության դեպքում ասեն, թե իբր «Սերժ Սարգսյանի ժամանակ կորցվածը իրենք հետ են բերել»։ Նշենք, որ այդ ձախողումը կործանարար է դարձել Պաշտպանության բանակի համար՝ կոտրելով հայկական պաշտպանական ուժերի ողնաշարը։

Աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աղմկահարույց հայտարարություն է արել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ։ Նա ասել է, որ Ադրբեջանի նախագահներ Հեյդար եւ Իլհամ Ալիեւները պարբերաբար փող են առաջարկել Ղարաբաղի համար, եթե պաշտոնական Երեւանը համաձայնի խաղաղ ճանապարհով կարգավորել խնդիրը:  Լուկաշենկոն ընդգծել է, որ Հայաստանի նախկին ղեկավարները մինչեւ Փաշինյանը, մերժել են առաջարկը։ Բելառուսի նախագահի այս հայտարարությանն արձագանքել է Սերժ Սարգսյանը։

«Ես չէի ցանկանա, որ նրանք երբևէ նման «խաղաղասեր» հարևան ունենային, քանի որ կարճ ժամանակ հետո կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ՝ որպես այդպիսին, չի էլ եղել, ուստի ալիևյան «պատմական արդարությունը» այդ տարածքում պետք է վերականգնվի՝ բոլոր հետևանքներով հանդերձ»,– NEWS.am–ին ասել է երրորդ նախագահը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ ապրիլի 15-ին, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։ Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ, քննարկել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել հայտարարությամբ։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն, թե ինչ հատկանիշներով, դեռ հայտնի չէ։ Դատախազությունը, հղում անելով դատական օրենսգրքին, նշել է, որ քրեական գործի վերաբերյալ տեղեկություն չի հրապարակվում, Վարդազարյանն էլ խոստացել է բոլոր հարցերին պատասխանել վաղը։ Նրա լիազորությունները կասեցվել են, ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Գագիկ Ջհանգիրյանը։

Կոտայքի մարզում այս գիշեր  վրաերթի հետեւանքով 2 պայմանագրային զինծառայող է մահացել, եւս 4–ը վիրավորվել են։ Դեպքը տեղի է ունեցել Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում, վարորդը վրաերթի է ենթարկել զինվորականներին եւ թողնելով նրանց անօգնական՝ դիմել փախուստի։ Զինծառայողներից երկուսը տեղում են մահացել, մյուսները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Պարզվել է՝ վրաերթը կատարել է 34-ամյա Կարեն Միքայելյանը, որը դեպքի պահին եղել է ոչ սթափ։ Նա ձերբակալվել է։

Սրտի կաթվածից մահացել է Հրաչյա Հարությունյանը` «Կրակեմ Հրաչը»: Նա Սերժ Սարգսյանի օրոք Պետական պահպանության ծառայության ղեկավարն էր և նրա մտերիմներից մեկը: Իշխանափոխությունից հետո Հրաչյա Հարությունյանը թողել էր ծառայությունը:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 1014 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 206 հազարից: Մեկ օրում մահացել է 30 վարակակիր, նրանցից 7-ը, սակայն, մահացել է այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 4781 է:

Ամանորի հանգստյան օրերը կկրճատվեն։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել «տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքի փոփոխություններին, որով նախատեսվում է ոչ աշխատանքային դարձնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը որպես Սուրբ Ծնունդ։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 1.86 դրամով, հասել է 521.20 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.37 դրամով ու հասել 624.29 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.55 դրամով ու կազմել 718.58 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն նվազել է 0.07 դրամով ու կազմել 6.79 դրամ:

Ապրիլի 16-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +6-ից +8, վաղը ցերեկը +21-ից +23։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ