News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սոլյարի կամ արհեստական թխություն անելիս պետք է երկար մտածել` հաշվի առնել օրգանիզմի առանձնահատկությունները, հնարավոր բոլոր հետեւանքները եւ թե ում եք վստահում ձեր մարմինը: Ինչպես եւ խոստացել էր NEWS.am-ը, «Ի՞նչ արժե սոլյարին, գներ, հարցումներ» նյութի հրապարկումից հետո մենք կանդրադառնանք սոլյարիի դրական եւ բացասական կողմերին:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ սոլյարի ծառայություն իրականացնող կենտրոններում հիմնականում աշխատում են ոչ մասնագետներ, օրինակ` ադմինիստրատորները միացնում եւ անջատում են ապարատը:

Ինչ վերաբերում է սոլյարիի դրական եւ բացասական կողմերին, ապա նշենք, որ սոլյարիի առաջին եւ գլխավոր առավելությունը գեղեցիկ, համաչափ արեւայրուքն է: Երկրորդ առավելությունն այն է, որ այդ արեւայրուքը կարելի է ընդունել տարվա բոլոր ամիսներին: Սոլյարի կենտրոններից NEWS.am-ին հայտնեցին, որ սոլյարին վտանգ չի պարունակում, եթե այն չես չարաշահում, ինչպես օրինակ` վտանգավոր է արեւի տակ երկար մնալը:

Բայց փոքր-ինչ ուսումնասիրելով բժշկության շրջանում այդ մասին առկա փաստերը եւ զրուցելով մասնագետների հետ, ականատես եղանք, որ այն իր մեջ վտանգավոր տարրեր է պարունակում:

Հայաստանի գլխավոր մաշկաբան,պրոֆեսոր Կարեն Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սոլյարիի ժամանակը մաշկը թխացնող ուլտրամանուշակագույն ճառագայթները իրենց «սեւ գործն են անում»` ոչ թե թխացնելով մաշկը, այլ օրգանիզմում հիվանդություններ առաջացնելով: «Դրանք Ճառագայթներ են արտադրում, որոնք վտանգավոր են առողջության համար: Չափաբաժնի խախտումը կարող է հանգեցնել չարորակ ուռուցքների, քաղցկեղների առաջացման, օրինակ` մաշկի քաղցկեղի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն փաստարկին, թե սոլյարին օգտակար է մարդու առողջության համար, քանի որ D վիտամին է պարունակում, գլխավոր մաշկաբանն ասաց, որ D վիտամին ստանալու համար պարտադիր չէ գնալ սոլյարիի պրոցեդուրաներ ընդունել, այլ միջոցներ էլ կան: Կարեն Բաբայանը կարեւորեց այն, որ սոլյարիի դեպքում պահպանվեն կանոնները եւ այն կատարվի չափավոր: «Ով որտեղ ուզել, էդ սարքը դրել է, բայց արդյոք կա՞ն մարդիկ, ովքեր հսկում են դա, ունե՞նք համապատասխան մասնագետներ»,- ասաց գլխավոր մաշկաբանը:

Նրա ներկայացմամբ, սոլյարին հակացուցված է մասնավորապես սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով, տուբերկուլյոզով ու բրոնխիալ ասթմայով տառապողներին, արյան հիվանդություն ու վահանաձեւ գեղձի խնդիրներ ունեցողներին, հղիներին, նոր վիրահատվածներին: Այն խիստ հակացուցված է նաեւ դաշտանի օրերին, չի կարելի նաեւ այն դեպքում, եթե հիվանդությունից հետո հակաբիոտիկներ են ընդունում կամ հորմոնային, հոգեմետ, միզամուղ պրեպարատներ:

Սոլյարին հակացուցված է մաշկի պիգմենտացիայի, պեպենների դեպքում,այն կարող է ավելացնել կորյակների քանակը: Նպաստում է մաշկի չարորակ ուռուցքի զարգացմանը, հատկապես՝ սպիտակամորթների ու շիկահերների մոտ: Եթե մարդը վախենում է փակ տարածությունից, չի դիմանում շոգին, ապա սոլյարի չի կարող ընդունել:

Այսպիսով, եթե ամբողջությամբ թխանալու կամ արհեսստական արեւայրուք ստանալու համար պետք է ծախսել նվազագույնը 7000 դրամ, ապա հարց է առաջանում, թե որքան գումար է պետք ծախսել սոլյարիից հետո առաջացած հիվանդությունների բուժման համար:

Տպել
Ամենաշատ