News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հանգստյան օրերին վարչապետը շարունակել է իր մարզային այցերը՝ նոր ֆորմատով. Այցերի մսին նախապես չի հայտարարվում, բնակիչների հետ հանդիպման  առաջին շարքերում երեխաներն են կանգնած, հանդիպումներն էլ ոչ թե ուղիղ են հեռարձակվում, ինչպես հին ու բարի ժամանակներում, այլ նկարահանվում են մի քանի տեսախցիկներով, ապա մոնտաժվում ու տեղադրվում Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։

Մոնտաժելու արդյունքում Վայոց Ձորի Գետափ համայնքի գերեզմանատանը տեղի ունեցած միջադեպը դուրս էր մնացել Փաշինյանի ֆեյսբուքյան տեսանյութերից։ Վարչապետը  այցելել էր ծաղիկներ դնելու արցախյան վերջին պատերազմում զոհվածների շիրիմներին.  քաղաքացին Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրմին:

Ավելի ուշ քաղաքացին ասել է, որ իշխանությունից ոչ ոք իրեն չի օգնել իր հարազատի մարմինը գտնելու հարցում, ընդհակառակը խանգարել են:

Քաղաքացիների հետ հանդիպումը նորից փաստացիորեն վերածվել է նախընտրական քարոզչության։ Փաշինյանը դարձյալ մեղադրել է նախկին իշխանություններին, նշել, թե ում  իրենք չեն կարողացել դատել, ժողովուրդը կդատի հունիսի 20-ին, ակնարկելով, որ նրանք իրենց ընտրությամբ դա կանեն։

Փաշինյանը նաև աղմկահարույց հայտարարություն է արել. առաջարկում է փոխել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետները։

Օրեր առաջ Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի թեզերն է Հանրային հեռուստատեսությամբ զարգացրել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, փորձել հիմնավորել, թե քաղաքական իշխանությունը մեղք չունի պարտության համար, գեներալներն են մեղավոր, բանակը եղել է անպատրաստ եւ այլն։ Շատերի զայրույթն է հարուցել նրա՝ «բանակ ասելը չափազանցություն է» արտահայտությունը։  Բաբայանն ասել է, որ առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներին հրամանատարական կետ չեն թողել մտնել Ջալալ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը, սլաքներն ուղղել նաեւ  Օնիկ Գասպարյանի վրա. «4000 զոհ ենք ունեցել, հիմա դու պատասխանատվություն կրո՞ւմ ես, թե՞ չէ», հարցրել է նա: Պարտության ամբողջ պատասխանատվությունը  Բաբայանը դրել է բանակի հրամկազմի, առաջին հերթին Օնիկ Գասպարյանի վրա՝ ոչ մի բառ չասելով այն մասին, թե ինչ պատասխանատվություն պետք է կրի  այդ նշանակումներն արած անձը՝ վարչապետը։

Գեներալը նաեւ խոստովանել է, որ հակահարձակման գաղափարն ինքն է տվել, նպատակը դեպի Հորադիզ ճեղքելն էր, որպեսզի փոքրացնեն պաշտպանական գիծը։ Բաբայանը հերքել է, որ դա Լելե Թեփեի գործողությունն էր, որ ունեցել ենք 700 զոհված, ըստ նրա՝ իրականում այդ գործողության ժամանակ ունեցել ենք 2 զհ և կորցրել 4 տանկ։  Այդ մարտը նկարահանվել է, պետք է քննությամբ պարզել ամեն ինչ, ասել է նա։

Ադրբեջանցիները չեն կարող մտնել Ստեփանակերտ եւ գնումներ կատարել, արցախցին նրանց ոչինչ չեն վաճառի՝ ինչ գին էլ առաջարկեն, Ազգային ժողովում կայացած քննարկմանը հայտարարել է Արցախի Արտակար իրավիճակների ծառայության ղեկավարի տեղակալ Բորիս Ավագյանը՝ մեկնաբանելով համացանցում հայտնված լուրը:  Նա խոստացել է, որ եթե նման բան տեղի ունենա, ապա ինքն անձամբ ադրբեջանցուն գերի կվերցնի: Ավագյանը տարակուսել է իմքայլական պատգամավորների վարքագծից, որոնք անհետ կորածների ծնողներին ուղղորդում են Ռուսաստանի դեսպանատուն։

Այս հանդիպումից հետո Բորիս Ավագյանը տեղեկացել է, որ ինքն աշխատանքից ազատվել է, ավելացրել, որ դա իր համար անակնկալ էր։ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ նրան հեռացրել են առանց ղեկավարությանը տեղյակ պահելու ծառայության անունից ներկայացել է և խոսել իր լիազորություններից դուրս գտնվող թեմաներից։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ էլ Բորիս Ավագյանը հայտարարել էր, որ Արցախում ականազերծում անող բրիտանական «HALO Trust» ընկերությունը թուրքերին է փոխանցել Արցախի  ականապատ տարածքների քարտեզը, ինչն էլ հակառակորդին հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի պաշտպանական տարածքները։

Անհետ կորած զինծառայողի հայրն այսօր վրդովված եկել էր Կառավարության շենքի մոտ։ Նրա խոսքով՝ իշխանություններն իրենց խաբում են՝ այսօր–վաղն անելով։ Փաշինյանն ասում է աժամանակ չունի իրենց ընդունելու, մինչդեռ ինքը որդու հետ Ծաղկաձոր է գնում հանգստանալու։ Նա սպառնացել է՝ եթե Փաշինյանն ինձ չընդունեց, ի երեխային չբերեցին, իմ դեմն առնել չի լինի, նրանց ոչ ոք չի փրկի։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա խոսնակ Մանե Գեւորգյանի դեմ իր դատական հայցից։ «Բարոյական առումով անհնար է պատիվ պահանջել մի անձից, որը կորցրել է սեփական պատիվը», գրավոր դիմումում նշել են հայցվորի ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ Փաշինյանի խոսնակը գրել էր, թե Վանեցյանին է փոխանցվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Մինասյանի փայաբաժինը, ինչից անմիջապես հետո ԱԱԾ նախկին տնօրենը դիմել էր դատարան։ 

Իսրայելում  Հայաստանի  դեսպանին մեղադրանք է առաջադրվել մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարի՝ ենթադրյալ չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Խոսքը կոմպոզիտոր եւ դիվանագետ Արմեն Սմբատյանի եւ Աբովյան 3 հասցեով ԱՕԿՍ-ի հայտնի շենքի տարածքը՝ հասարակական կազմակերպությանը վաճառելու մասին է։ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 20 միլիոն դրամ գրավը: Նրա փաստաբանները հայտարարել են, որ հերթական անգամ գործ ունենք սանձազերծված ապօրինի հետապնդման հետ։

Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Մեծ Եղեռնի տարելիցի միջոցառումները, որոնց համար հատկացվել է 70 միլիոն դրամ։  «Հիշատակի եռերգություն» կոչվող միջոցառումների շարքում ապրիլի 23-ին ժամը 23-ին Ցեղասպանության հուշահամալիրում կկատարվի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»:

ժամը 24-ին  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»: Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, մարզահամերգային համալիրում կկատարվի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։ Կլինեն նաեւ այլ միջոցառումներ:

Ապրիլի 24-ին առավոտյան 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կսահմանափակվի պաշտոնական պատվիրակությունների արցելությունների պատճառով:

Նույն ասուլիսում առողջապահության նախարարության պաշտոնյա Ռոմելլա Աբովյանը հորդորել է Ապրիլի 24-ի երթում պահպանել հակահամաճարակային կանոնները, նշել, որ ունենք COVID-ի մահաբերության ցուցանիշի աճ։ Ըստ նրա՝ բոլոր հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը սպառված է:

Անցած մեկ օրում Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 298 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 208818 է: 24 ժամում մահացել է 19 վարակակիր, որոնցից 2-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հանգստյան օրերին մահացել էր 54 մարդ։ Մահացածների թիվը հասել է 4877-ի։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.01 դրամով, կազմել է 522.21 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.20 դրամով ու հասել 628.69 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.12 դրամով ու հասել  725.66 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով  ու կազմել  6.87 դրամ:

Ապրիլի 20-ին, կեսօրից հետո երկրի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Երևանի առանձին հատվածներում եւս հնարավոր է կարճատև անձրև: Գիշերը մայրաքաղաքում կլինի +14-ից +16, վաղը ցերեկը +25-ից +27։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ