News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 10
USD
522.09
EUR
630.68
RUB
7.05
ME-USD
0
Տեսնել լրահոսը


Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի արդեն նախկին տեղակալ Բորիս Ավագյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ավագյանը։

«Այո, հրավիրվել եմ ԱԱԾ, կայցելեմ, չգիտեմ, դեռեւս չեմ եղել։ Ոչ մի բան չեմ ենթադրում, կիմանամ»,-  նշեց նա։

Ավագյանը հայտնեց, որ Արցախի ԱԻՊԾ ներկայացուցիչը նախարարի հրամանով քիչ առաջ վերցրել է իր տաբելային զենքը։

Նա նշեց, որ դեռեւս Արցախի նախագահի հրամանը չի ստացել, ծանոթ չի. «Երբ ինձ ծանոթացնեն հրամանի հետ, ես կարձագանքեմ։ Ունեցել եմ գործնական հանդիպում պատգամավորների մի խմբի հետ եւ դա չի եղել ասուլիս, իրենք ուզել են խորհուրդներ հարցնել նրանց գործունեության վերաբերյալ, ես իմ կողմից նրանց տվել եմ խորհուրդներ։ Ես շեշտել եմ, որ այդ քննադատությունները հնչեցրել եմ որպես ՀՀ քաղաքացի, հայ եւ ծնող։ Քանի որ ես իմ աշխատանքը դիտարկում էի որպես ծառայություն, եթե Արցախի Հանրապետության նախագահը հաշվում է, որ իմ ծառայության կարիքն արդեն չունի Հանրապետությունը, ես հաշվում եմ՝ ոչ մի խնդիր չկա դրանում»։

Նշենք, որ այսօր ԱՀ ԱԻՊԾ–ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ավագյանի պաշտոնանկության վերաբերյալ, որում ասվում է. «Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։

Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։

Բորիս Ավագյանը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին նշանակվել էր մարտի 12–ին։ Նա այդ պաշտոնում նշանակվելու առաջարկը ստացել էր Արցախի նախագահի կողմից։

Հիշեցնենք նաև, որ դեռ մարտ ամսին, Բորիս Ավագյանը հայտարարել էր, որ Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր ականազերծման աշխատանքներով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, ինչն էլ հակառակորդին հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ականապատված ՊԲ-ի պաշտպանական տարածքները։

Այս հայտարարությունից հետո, Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտարարել էր, որ Բորիս Ավագյանը չի արտահայտել Արցախի Հանրապետության նախագահի տեսակետը:

Ավելի վաղ ՀԱԼՈ Թրաստ կազմակերպությունը ևս  հերքել էր այդ լուրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ