News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, որն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:

Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը մայիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նույն օրը բեմում հանդես կգան նաեւ միրզոյանական առաջին մրցույթի հաղթողները: Մայիսի 11-ին Կոմպոզիտորների միությունում կկայանան երկու տարիքային խմբերի մրցութային փուլերը, իսկ մայիսի 13-ին՝ գալա համերգն ու մրցանակաբաշխությունը, որի շրջանակում կհնչեն մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների ստեղծագործությունները:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Միրզոյանական մրցույթին իրավունք կունենան մասնակցելու մինչեւ 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ՝ ընդգրկվելով տարիքային երկու խմբերում: Կրտսեր խմբի ներկայացուցիչները  (մինչեւ 13 տարեկան) պետք է ներկայացնեն 1 ստեղծագործություն՝ գրված ցանկացած գործիքի համար (առավելագույնը՝ 10 րոպե տեւողությամբ), իսկ ավագ խմբի մասնակիցները (14-18 տարեկան)՝ մինչեւ 4 գործիքի համար գրված 1 ստեղծագործություն (առավելագույնը՝ 15 րոպե տեւողությամբ):

Բոլոր մասնակիցները կպարգեւատրվեն մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, կունենան ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում ձայնագրվելու հնարավորություն, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ նաեւ պատվոգրերով եւ մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում են նաեւ դրամական պարգեւատրություններ երկու խմբերի հաղթողների եւ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչների համար:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մրցույթի ֆեյսբուքյան էջին մինչեւ մայիսի 8-ը՝ կցելով անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, հայտաձեւը, նաեւ ստեղծագործության նոտաները (կարող է լինել նաեւ ձեռագիր (ընթեռնելի) տարբերակով):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 055 07 07 80 հեռախոսահամարով:

Տպել
Ամենաշատ