News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այսoր առավոտյան, ժամը 11-ին մոտ, հարավային ուղղությամբ տեղակայված   զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սեւակի Խաչատրյանի դին՝ ծառից կախված վիճակում: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեպքի առիթով կատարվում է քննություն։

Անվտանգության խորհրդի քարտուղարությունը հրապարակել է խորհրդի՝ պատերազմի 4-րդ օրը, անցած տարվա սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության գաղտնազերծված՝ 25 վայրկյան տևողությամբ ձայնագրություն, որտեղ գլխավոր շտաբի այդ ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը զեկուցում է․ «Ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել։ Ամեն դեպքում, զորքերն իրենց խնդիրը կատարում են»։

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 17-ին Գասպարյանը հայտարարել էր, թե պատերազմի 4-րդ օրը ինքը զգուշացրել է, որ հայկական կողմի ռեսուրսները թշնամուն դիմակայելու համար կբավարարեն մի քանի օր եւ պետք է արագ կանգնեցնել պատերազմը։ Դրանից 5 ամիս անց Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, թե նման բան Գասպարյանը չի ասել։ Ի դեպ, մասնագետները շեշտում են, որ ակնհայտ է, որ գեներալի խոսքի մոնտաժը կատարվել է փնթի կերպով՝ առանց ձայնի տոնայնության հնչյունային համադրման։

Օնիկ Գասպարյանը, ArmLur.am-ի հետ զրույցում, իշխանությունից  պահանջել է ամբողջությամբ հրապարակել Հանրապետության նախագահի և իր ելույթը: Դեռ իր նախորդ հայտարարությունում Բանակի սպայակույտի նախկին ղեկավարն ահազանգել էր,  որ էժանագույն վարքագիծ դրսեւորելով եւ միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, ընտրովի ու հատվածաբար հանրայնացնելով գաղտնի փաստաթղթերը, իշխանությունն իրական սպառնալիք է ստեղծում ազգային անվտանգության համար, խարխլում   հանրային համերաշխությունը, բարոյալքում մեր զինված ուժերը, խոցելի դարձնում մեր պետությունը թշնամու առաջ։

Հայաստանի ռազմական ղեկավարությունը հաշվարկել էր Արցախում ապագա պատերազմի բոլոր հնարավոր սցենարները, Sputnik Արմենիայի հետ զրույցում պնդել է գլխավոր շտաբի պետի նախկին խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, բայց, ըստ նրա,  քաղաքական ղեկավարությունն ու պետությունը պատրաստ չէին պատերազմին։ «Ամեն ինչ գրել էինք, հավաստիացնում եմ, որ մենք ոչ մի հարցում չենք սխալվել։ Պատերազմում են առաջին հերթին ոչ թե բանակները, այլ պետությունները, մեր դեպքում պետությունը չէր պատերազմում։ Պատերազմի օրերին, երբ Արցախից Երեւան էի գալիս, տեսնում էի, որ մարդիկ չեն հասկանում իրավիճակի լրջությունը, չէի տեսնում գիտակցումը, որ Ադրբեջանի հետ ընթանում է ծանր, արյունահեղ պատերազմ», – հավելել է Պողոսյանը։

Պատերազմին անպատրաստ լինելը, պատերազմի ծանր հետեւանքները զինվորականը համարել է քաղաքական ղեկավարության գիտելիքների պակասի, նրա անզուսպ հավակնությունների, կառավարման համակարգում քաոսի արդյունք։ Ըստ նրա, Տիրան Խաչատրյանին ազատելու հուզական որոշումը վերջին կաթիլն էր, բանակի հետ իշխանության հակասությունները կուտակվել էին մի քանի ամիս։

Հայ ռազմագերիների հարցի ընդգրկումը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում եւ դրա քվեարկությունը դարձել են Հայաստանի ներքաղաքական քննարկումների ու վեճի մյուս թեման։ Ադրբեջանցիներից ու թուրքերից բացի, դեմ էին քվեարկել նաեւ Ռուսաստանի պատվիրակները։ Հակառուսական ալիք բարձրացնողներին նստաշրջանին հետեւողները պարզաբանել են, որ օրակարգում նաեւ «Նավալնու կալանավորման» հարցն էր, հետեւաբար օրակարգին ռուսները չէին կարող կողմ քվեարկել։ Իսկ Ազգային ժողովի նախորդ գումարումից Եվրախորհրդի հնաբնակները շեշտել են, որ քննարկումը, բացի գոլորշի բաց թողնելուց, այլ բան չի տալու, քանի որ պատերազմի ընթացքում Եվրոպան աչք էր փակում Ադրբեջանի վայրագությունների վրա եւ հիմա էլ չի պարտադրելու այդ պետությանը վերադարձնել գերիներին։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան մի շարք մայրաքաղաքների կոչ է անում հանդարտվել եւ հրաժարվել հակառուսական փսիխոզից: «Կոչ ենք անում կառուցողական ու հանգիստ երկխոսություն վարել տարաձայնությունները հարթելու համար»,-ասել է նա: Պեսկովի խոսքով՝ շատ երկրներ անհիմն մեղադրում են Մոսկվային ցանկացած հաքերային հարձակման մեջ:   

NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր օրվա երկրորդ կեսին ուղևորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։ Ավելին, ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանի համար վստահելի ոստիկանության աշխատակիցներին պարզապես հրահանգել են մեկնել Սյունիք՝ չտեղեկացնելով, թե ինչ նպատակով։ Նրա անվտանգությունը տեղում ապահովելու նպատակով մարզ է գործուղվել վեցերորդ վարչության ստորաբաժանում։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո՝  նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Փաշինյանի այցը Սյունիքի մարզ տապալվել էր։ Նա Սիսիանից առաջ չէր շարժվել, քանի որ սյունեցիները Գորիսի մոտ փակել էին մայրուղին։

Նշենք, որ նախօրեին Ոստիկանապետ Վահե Ղազարյանն անսպասելիորեն փոխել է Սյունիքի մարզային ու համայնքային ոստիկանապետերին։ Նրա հրամանով Ալիկ Հակոբյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Մամիկոնյանը։ Ազատվել է նաեւ վարչության պետի ծառայության գծով տեղակալը։ Փոխվել են Գորիսի, Կապանի  ոստիկանության բաժնի պետերը։

ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսն ագրոքաղաքներ կկառուցի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Խոսքն ամբողջ ենթակառուցվածքի վերականգնման մասին է. կհայտնվեն ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ: Ըստ բելառուսական լրատվամիջոցների՝ այժմ քննարկվում են համալիր շինարարության մանրամասները:

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը ահազանգում է Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող 7-րդ դարի Վանքասար հայկական եկեղեցու հնարավոր վտանգի մասին։ Նշվում է, որ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս եկեղեցու մոտակայքում գտնվող ծանր տեխնիկա և եկեղեցու հարևանությամբ՝ ճանապարհի եզրին տեղակայված շինություն։ Կազմակերպությունն Ադրբեջանից շինտեխնիկայի ներկայության առչնությամբ պարզաբանում է պահանջել։

Սննդային թունավորումից Իջեւանում 12-ամյա աղջնակ է մահացել։ Նախօրեին, ուշ երեկոյան, սննդային թունավորմամբ Իջեւանի բուժկենտրոն են տեղափոխվել Գետահովիտ գյուղի 4 բնակիչներ, որոնցից 2-ը՝ երեխա։ Վերջիններից մեկը մահացել է, մյուսներին տեղափոխել են Երեւան, նրանց վիճակը կայուն է։ Նախնական վարկածով՝ նրանք այգուց հավաքած կանաչի են տապակել ու կերել, դրանից էլ թունավորվել են։ 

Ոստիկանության Արտաշատի բաժին է ինքնակամ ներկայացել նույն քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը։ Նա կասկածվում է ապրիլի 14-ին Երևանում՝  54 համարի երթուղայինում, դիմակ դնել-չդնելու հարցի շուրջ վիճելուց հետո դանակի 3 հարվածով 40-ամյա երեւանցի Արմեն Հունանյանին սպանելու մեջ։ Սպանությունից հետո նա  հեռացել էր դեպքի վայրից, նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ և հայտարարվել հետախուզում։

Պաշտոնանկությունները շարունակվում են նախարարություններում։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գոռ Մելիքյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել է նաեւ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 667 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 209485-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 4901 է:

Նախօրեին Սուպերլիգա հիմնելու հայտարարությունից հետո փոթորիկ է բարձրացել համաշխարհային ֆուտբոլում։ Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» ՈւԵՖԱ-ի կամքին հակառակ նորաստեղծ Սուպերլիգային միանալու պատճառով չեն շարունակի ելույթները Չեմպիոնների լիգայում եւ չեմպիոն կհռչակվի «Պարի Սեն-Ժերմենը»։ Սուպերլիգայի ստեղծման մասին հայտարարել էին եվրոպական 12 առաջատար ակումբներ՝ իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Սպասվում է, որ հիմնադիրներին կմիանան ևս 3 ակումբներ:

Սուպերլիգայի առաջին մրցաշարը, որին կմիանան եւս 5 ակումբներ, նախատեսված է սկսել օգոստոսին: ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն կտրուկ դեմ են Սուպերլիգային եւ ֆուտբոլը չսպանելու եւ ուշքի գալու կոչ են անում դրա հիմնադիրներին։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 0.32 դրամով, կազմել է 521.89 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.60 դրամով ու հասել 629.29 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.20 դրամով ու հասել  729.86 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով  ու կազմել 6.85 դրամ:

Ապրիլի 21-ին երկրի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Երևանում եւս հնարավոր է կարճատև անձրև։ Գիշերը մայրաքաղաքում սպասվում է +14-ից  +16, վաղը ցերեկը +25-ից +27։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ