Սյունիքի մարզի Ագարակ քաղաք Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի ունեցավ քաշքշուկ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ։ Սյունեցիները պահանջում էին, որ վարչապետը հեռանա Ագարակից։
«Տղերքի արյունը վրեդ ա, դավաճան, թուրք, Ալիեւի ախպեր, Նիկոլ դավաճան»,- այսպիսի մեղադրանքներ էին հնչեցնում բնակիչները։
Նշենք, որ այսօր Փաշինյանն այցելել էր Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով եւ վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Ագարակից։ Արդյունքում Փաշինյանի երթը չիրականացավ։
Նախօրեին՝ ապրիլի 20-ին, NEWS.am-ը հայտնել էր, որ Փաշինյանի խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։
Փաշինյանը երեկ գիշերով այցելել էր Շուռնուխ համայնք։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։
Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։