Tokyo Motor Show ավտոսալոնը, որը պետք է անցկացվեր այս աշնանը, երկրորդ տարին անընդմեջ չեղյալ է հայտարարվում կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ավտոմեքենաների արտադրողների ճապոնական ասոցիացիայի ղեկավար Ակիո Տոյոդան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այս անգամ եւս մենք որոշում կայացրեցինք Tokyo Motor Show-ն իրական ձեւաչափով չանցկացնել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ավտոսալոնը բազմաթիվ ավտոարտադրողների հետ է համագործակցում, եւ դրա կազմակերպիչները կցանկանային, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենար ծանոթանալու ոլորտի վերջին նորամուծություններին: Սակայն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը թույլ չի տալիս ապահովել մեծ թվով մասնակիցների մասնակցությամբ միջոցառման անվտանգությունը:
Անցյալ տարի Tokyo Motor Show-ն նույնպես չեղյալ էր հայտարարվել: Վերջին անգամ այն տեղի է ունեցել 2019-ի աշնանը: Այդ տարի միջոցառումը շուրջ 1.3 միլիոն մարդ էր այցելել: