News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ներկա պահին ինձ հայտնի է, որ գիշերը ոստիկանությունն ու իրավապահ մարմինները խուզարկություն են արել ինչպես Մեղրի համայնքի ղեկավարի տանը, այնպես էլ մեր մի քանի տասնյակ սյունեցիների տներում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե Մեղրիի դեպքերի հետ կապված ակնկալում է, որ հատուկ գործողություններով հարցը կլուծվի, Փարսյանն ասաց. «Իմ իմացած տեղեկություններով քրեական գործը հարուցվել է խուլիգանության հանցակազմով՝ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով: Իմ կարծիքով այն որակավորումը, որ տվել են արարքին, իրականությանը չի համապատասխանում: Խուլիգանություն է, եթե այն ուղեկցվել է բռնությունների կամ բռնության սպառնալիքով, իսկ այնտեղ ոչ բռնություն կա, ոչ էլ բռնության սպառնալիք: Այսինքն՝ ստացվում է, որ փորձում են ինչ-որ ծանրացնող հանգամանքներով այդ գործողությունները, արարքները որակավորել»։

Հարցին, թե քանի՞ մարդու տուն ու բնակարան է խուզարկվել, արդյոք կա՞ն բերման ենթարկվածներ, նա պատասխանեց. «Ոչ, բերման ենթարկվածներ այս պահի դրությամբ չկան: Միայն ունեմ տեղեկություն, որ Մեղրի համայնքի ղեկավարին տեղափոխում են Երեւան»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ այցին եւ դրա նպատակներին, Կապանի քաղաքապետն ասաց. «Իր խոսքից միայն հասկացա, որ եկել է մարզպետարանում խորհրդակցություն անցկացնելու: Բայց անհասկանալի է, որ եթե գալիս ես խորհրդակցություն անցկացնելու, ի՞նչ իմաստ ունի գնալ Մեղրի, Ագարակ եւ այնտեղ էլ ավելի գրգռել արդեն իսկ գրգռված կրքերը, որոնք գոյություն ունեն՝ պայմանավորված հետպատերազմյան իրավիճակով: Արդեն իսկ վիճակը լարված է եւ բնական է, որ շատերը կարձագանքեին այնպես, ինչը եղավ երեկ»:

Անդրադառնալով իշխանության կողմից արվող այն պնդումներին, թե Սյունիքում տեղի ունեցածն ընդամենը մեկ փոքրիկ խմբակի կողմից է կազմակերպվում, քաղաքապետն արձագանքեց.

«Միանշանակ ոչ, քանի որ մենք ենք շփվում մեր քաղաքացիների հետ, պատկերացում ունենք տրամադրությունների վերաբերյալ։ Ես չեմ բացառում այն հանգամանքը, որ տարածաշրջանում կան նիկոլապաշտներ, որոնք փոքրամասնություն են կազմում, բայց հիմնական տրամադրությունն այնպես է, որ պարզապես Նիկոլ Փաշինյանին չեն ընդունում հիմնականում պատերազմի լինելու եւ հետեւանքների պատճառով»։

Նա նշեց, որ հետեւել է Կապանի ակցիային, այնտեղ միայն կապանցիներ են եղել։

Կապանի քաղաքապետի խոսքով՝ երեկ Կապանում տեղի ունեցածը ինքնաբուխ ակցիա էր. «Մեր քաղաքացիները պարզապես չթույլատրեցին, որ Նիկոլ Փաշինյանը բարձրանա մեր հուշահամալիր։ Ինչու չթողեցին, որովհետեւ բոլորն էլ լավ հասկանում են, որ պատերազմ լինելու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, եւ այդ զոհերը պատերազմի արդյունքն են»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Զանգեզուրն ուժով վերցնելու հայտարարությանը, եւ այդ հայտարարությանն էլ հաջորդած Փաշինյանի այցին, Փարսյանն ասաց. «Չեմ ուզում ենթադրություններ անել, որովհետեւ կարող եմ սխալվել։ Ես գտնում եմ, որ այս պարագայում ավելի շատ պետք է խոսվի դրա մասին, եթե ներկա դրությամբ երկրի իշխանություններն իրենք են, եթե ակտիվ խոսվում է թշնամու կողմից Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, այդ դեպքում պետք է լինեն թափանցիկ։ Պետք է հրապարակային խոսել ընթացքի վերաբերյալ, բանակցությունների ընթացքի վերաբերյալ»։

Քաղաքապետը նշեց՝ ունի մտավախություններ, որ կարող է կայացվել այնպիսի որոշում, որը մեզ համար կործանարար լինի. «Որովհետեւ տարաբնույթ խոսակցություններ կան Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Ես չեմ հասկանում մեր շահը, որովհետեւ դա պարզապես միացնելու է Թուրքիան թուրքական այլ երկրների հետ, Հայաստանի շահն ինձ համար անհասկանալի է։ Մտավախություն ունեմ, որ հետագայում նաեւ այս ամենը կարող է բերել իրենց կողմից մեր տարածաշրջանի կլանման։ Այս բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնվի, նոր որոշումներ կայացվի։ Այս իշխանություններից սպասելի է, որ կարող է անսպասելի եւ առանց մեր իմացության որոշում կայացվի»։

Անդրադառնալով դիտարկումներին, թե Փաշինյանի երեկվա այցի նպատակը կարող է լինել Սյունիքում Վահե Հակոբյանի հիմնած կուսակցությունը «գլխատելը», որպեսզի կուսակցության առաջնորդներին ձերբակալեն, քաղաքապետն ասաց. «Չեմ ուզում ենթադրություններ անել։ Կոշտ վերաբերմունքի մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններն անթույլատրելի են երկրի վարչապետի համար, ավելի շատ էմոցիոնալ ֆոնի վրա էր, ելնելով նրանից, որ Ագարակում, Մեղրիում արժանացավ նման վերաբերմունքի։ Նույնը կարելի էր պատկերացնել, որ կլիներ Քաջարանում, Կապանում»։

 Գեւորգ Փարսյանն ասաց, որ մարզում մեծ թվով ոստիկանական ուժեր կան. «Առանձնացված թե Գորիսում, թե Կապանում, թե Քաջարանում, թե Մեղրիում։ Սուրեն Պապիկյանը գտնվում էր Կապանում, իմ տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենն էլ է Կապանում, ոստիկանապետն էլ մարզում է, բայց ոչ Կապանում»։

Հարցին, թե իր դիտարկմամբ ի՞նչ կարող է լինել, քաղաքապետն ասա՝ ոչինչ էլ չի կարող լինել. «Բացի Նիկոլ Փաշինյանի էմոցիաներից որեւիցե լուրջ բան չեմ տեսնում։ Չեմ բացառում, որ իմ աշխատասենյակում, բնակարանում խուզարկություններ լինեն։ Կարող է լինել, նախկինում էլ է եղել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ