ՀՀ դատախազության դիմաց քիչ առաջ տեղի ունեցած բախումների ժամանակ բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ։ Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին։
Քաշքշուկի հետեւանքով գետնին է տապալվել նաեւ օպերատորներից մեկը՝ տեսախցիկը ձեռքին։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ բերման ենթարկվածների թվում նաեւ մեկ կին կա։
Նշենք, որ դատախազության բակում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ հավաքված բազմության միջից ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։
Նշենք, որ խիստ գաղտնի պայմաններում Սյունիքի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանին երեկ մարզի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները պահանջել են՝ հեռանալ մարզից։
Քաջարանցիները փակել էին քաղաք մտնող ճանապարհը, այդպիսով Փաշինյանն ընդհանրապես չէր կարողացել Քաջարան մտնել։ Փաշինյանի հետ մարզ էին գնացել մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։ Փաշինյանը փողոցներով քայլում է մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել եւ բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, այդ թվում Մեղրի համայնքի ղեկավարը: