News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այս տեսանյութն այսօր կայծակի արագությամբ տարածվեց համացանցի հայկական տիրույթում։ Հանրությունը հերթական անգամ շոկի մատնվեց Շուռնուխի նախկին գյուղապետ Արարատ Աղաբեկյանին Քննչական կոմիտե քարշ տալու կադրերից։ Արդեն 7 օր թոքաբորբով հիվանդ, հազիվ ոտքի վրա մնացող, դիմադրելու անընդունակ մարդուն ձեռնաշղթաներ հագցրած եւ ծնկաչոք հարցաքննության տանելու տեսարանը շատերին հիշեցրել է, թե ինչպես էին 2014-ին մոլորվելով Ադրբեջանում հայտնված երիտասարդ հային դիմակավորված ասկյարները քարշ տալիս ինչ-որ գեներալի առանձնասենյակ։  Փաստաբան Գայանե Պապոյանի տրամադրած տեսանյութում երեւում է, թե ինչպես է քաղաքացին հեւիհեւ խնդրում, որ շտապ օգնություն կանչեն.

Հիվանդ մարդու ձեռնաշղթաները հանել են իրավապաշտպանի հորդորից հետո։

Արարատ Աղաբեկյանին առավոտյան 7-ին են բերման են ենթարկել, ապա բերել Երեւան։ Հիշեցնենք, որ Աղաբեկյանն իր ձեռքով այրել էր իր տունը, երբ նրա բնակության վայրը կառավարության համաձայնությամբ հանձնվել է թշնամուն։

Ի դեպ, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Աղաբեկյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, պարզվել է՝ թոքերը 40% ախտահարված վիճակում են գտնվում։

Երեկ, Սյունիքի դեպքերից հետո, երբ վարչապետը իրավապահ եւ քննչական կառույցներին հրահանգել էր գտնել իր դեմ ցույցերի կազմակերպիչներին, ուշ երեկոյան բազմություն էր հավաքվել կառավարական առանձնատան մոտ։ Երբ ակցիայի մասնակիցները մի քանի ձու են նետել առանձնատան ուղղությամբ, ոստիկանների հետ քաշքշուկ է սկսվել։ Չնայած դիմադրությանը, նրանցից մի քանիսին ոստիկանները բերման են ենթարկել, այդ թվում պատերազմում կռված ու վիրավորված երկու մարդու։ Քաշքշուկի ընթացքում տարածքով անցնող մեքենաները ազդանշաններով աջակցություն էին հայտնում հավաքվածներին:

Իսկ այդ ընթացում ձերբակալություններն արդեն սկսվում էին։ Վերջին պաշտոնական տվյալով՝ 16 մարդ է բերման ենթարկել։ Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի բնակարանը: Հետո Զաքարյանին հրավիրել են բաժին, զգուշացնելով, որ հակառակ դեպքում բերման կենթարկեն։

Այսօր առավոտյան Մեղրիի համայնքապետը բերվել է քննչական կոմիտե՝ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Նշենք, որ Մխիթար Զաքարյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ է:

Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին Քննչական կոմիտեում մարմնական վնասվածքներ պատճառելու մասին նրա շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել։ Բռնության մասին իրազեկվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը։ «Ուղարկվել են նաեւ լուսանկարներ»,– ասել է համայնքապետի մյուս տեղակալ Իրինա Յոլյանը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանը Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր տվյալներով՝ 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել ու ձերբակալվել, գրեթե բոլորը՝ ապօրինի: Սյունիքի նախկին մարզպետի խոսքով՝ իշխանություն կոչվածները փորձում են մարդկանց գտնել, որոնք կգան ու տեսախցիկի առաջ մեղա կգան Սյունիքում իրենց արածների համար, սակայն  իրական մարդկանցից որևէ մեկը նման մտադրություն չունի:

Վահե Հակոբյանի համոզմամբ՝ իշխանության նպատակն է տապալել իրենց իսկ հայտարարած ընտրությունները, որովհետեւ շատ լավ գիտեն, թե ինչքան է իրենց վարկանիշը։ Ձերբակալություններն, ըստ նրա, իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն են, փորձում են իրենց ոգին կոտրել, ինչը, նրա խոսքով, չի ստացվելու:

Ավելի ուշ ձերբակալվածներին աջակցողները նրանց պաշտպանության հանրահավաք են անցկացրել Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի դատախազություն։ 

Այնտեղ ցուցարարները հայտարարեցին, որ 20 րոպե ժամանակ են տալիս, որպեսզի գլխավոր դատախազն իջնի իրենց մոտ ու լսի նրանց պահանջները։ Դատախազությունից պատասխանեցին, որ Արթուր Դավթյանն արձակուրդում է, և նրան փոխարինող տեղակալը կարող է ընդունել ցուցարարներից հինգին։ Ցուցարարները հրաժարվեցին այդ առաջարկից։ Քիչ անց իրավիճակը դատախազության դիմաց լարվեց, երբ ցուցարարները ձվեր նետեցին շենքի ուղղությամբ։ Սկսվեցին բախումներ, ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի տասից ավելի մասնակիցների։ Ակցիան դադարեց, երբ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում արդարացրել է իրավապահների գործողությունները։ Նահամոզված է, որ Սյունիքում կազմակերպված ակցիա էր։ Իրենց բողոքի ձայնը բարձրացրած սյունեցիներին բերման ենթարկելու եղանակները նույնպես պատգամավորի սրտով են։

«Ազատագրում» նախաձեռնության մի խումբ անդամներ իրենց շղթայել են կառավարության շենքի դարպասներին՝ Նիկոլ Փաշինյանի մուտքը դժվարացնելու նպատակով։ Ոստիկանները հատուկ սղոցով անջատել են նրանց դարպասներից եւ բերման ենթարկել: Կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել ութ մարդ:

Երեկ մոտ մեկ ժամ սահմանին անկանոն կրակոցներ են հնչել, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ Ըստ նրա՝ անկանոն կրակոցներ հաճախակի են լինում։

Քաղաքապետի խոսքով՝ գյուղացիներին անհանգստացնում են այդ կրակոցները, քանի որ մեծ հաշվով նրանք չգիտեն՝ կրակոցները թիրախայի՞ն են, թե՞ ոչ։

Առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին: Առաջին նախագահն ինչպես միշտ լակոնիկ, բայց դիպուկ է արտահայտվել։ «Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»։

Հիշեցնենք, որ շուռնուխցի կինը, որի տուն էր անսպասելիորեն այցելել Փաշինյանը տասնյակ դիմակավորված հատուկջոկատայինների ուղեկցությամբ, պատմել էր, որ իրենք ահաբեկվել են անակնկալ այցից, բացի դրանից ինքը զգուշացրել է, որ չի ուզում տեսնել Փաշինյանին, բայց վարչապետը մտել է տուն։ Տանտիրուհին նաև անհարմար էր զգացել, որովհետև այդ պահին իրենք ընթրում էին, և նա չէր ուզի, որ այդ վիճակում գտնվող իր կացարանը լուսանկարվեր, հատկապես որ դրանք ավելի ուշ համացանցում տարածել էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին: Ընդունելով Եվրադատարանի մտավախությունները՝ ենթադրաբար 188 գերեվարված հայերի վերաբերյալ, հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ապահովել, որ բոլոր հայ կալանավորվածներն անհապաղ ազատ արձակվեն և փոխացվեն Հայաստանի իշխանությունների հոգածությանը:

New York Times- ը եւ Associated Press-ը գրում են, որ այս ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Ըստ The Wall Street Journal-ի՝ վերջնական որոշում դեռ կայացված չէ, եւ Բայդենը կարող է սահմանափակվել պաշտոնական հայտարարությամբ, որում ցեղասպանության պաշտոնական ճանաչում չի հնչեցվի: Հիշեցնենք, որ 100 կոնգրեսական Բայդենին կոչ է արել ճանաչել հայերի ցեղասպանությունը։ Ի դեպ, Բայդենի ուղերձի հեռանկարը փլուզել է թուրքական լիրան, մեկ օրում այն անկում է ապրել ավելի քան 2 տոկոսով։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նրանց նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցր էր, այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել այդ հոդվածը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 881 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 211399-ի: Փաստացի այս պահին բուժվում է 15 հազարից ավելի մարդ: Մեկ օրում մահացել է 29 վարակված, նրանցից 4-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահացածների ընդհանուր թիվը 4960 է։ 

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.01 դրամով, կազմել է 522.24 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.05 դրամով ու հասել 628.99 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.45 դրամով ու կազմել 726.17 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով ու կազմել 6.86 դրամ:

Ապրիլի 23-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ:  Երևանում եւս տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 12-ից 14, վաղը ցերեկը 23-ից 25 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ