News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2021թ․ առաջին եռամսյակն առանձնացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնությունների շեշտակի աճով․ այդպիսի դեպքերի քանակը դիտարկվող ժամանակահատվածում ավելին է, քան նախորդ ողջ տարվա ընթացքում․ 7 դեպք՝ 8 տուժողով։ Դրանք հիմնականում գրանցվել են զանգվածային միջոցառումների, բողոքի ակցիաների ժամանակ: Այս մասին նշված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2021 թվականի առաջին եռամսյակային զեկույցում:

Արձանագրվել է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների 12 դատական նոր հայց, որոնցից 10-ը՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով, ընդ որում՝ դրանցից 6-ը՝ ներկա և նախկին պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից: Այսպիսի դատական գործերի մեծ թվի առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտն իր՝ «Մարդու իրավունքների վիճակն աշխարհում» 2020թ․ զեկույցում՝ հղումով անելով ԽԱՊԿ ուսումնասիրություններին։

Տարատեսակ ճնշումների ընդհանուր քանակն այս եռամսյակում հասել է 20-ի, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ վիրավորական կամ արհամարհական վերաբերմունքի դեպքերը, որոնցով աչքի են ընկել և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները։ Այս բոլոր դեպքերի առնչությամբ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարություններով։

Լրատվամիջոցները շարունակում են դժգոհել գերատեսչությունների գործունեությունից, որոնք հարցումներին պատասխանելն անհարկի ձգձգում կամ մերժում են, կամ տրամադրում են ոչ ամբողջական տվյալներ։ Եռամսյակի ընթացքում արձանագրվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 15 դեպք, և միայն 2 դեպքում է լրատվամիջոցը հայցով դիմել դատարան։

2020-2021 թթ. 1-ին եռամսյակների խախտումների քանակական տվյալները

 

Խախտումների տեսակները

2020 թ. 1-ին եռամսյակ

2021 թ. 1-ին եռամսյակ

Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ

0

7
(8 տուժող)

Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ

50

20

Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ

21

15


2020-2021 թթ. 1-ին եռամսյակների ընթացքում ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործեր

 

Դատական գործերի տեսակները

2020թ. 1-ին եռամսյակ

2021թ. 1-ին եռամսյակ

Վիրավորանքի և զրպարտության հիմքով

12

10

Այլ վեճեր

2

2

Ծայրահեղ քաղաքականացված ու բևեռացված լրատվական դաշտում շարունակում են տարածված մնալ ատելության խոսքը, ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերը, վիրավորանքն ու զրպարտությունը։ Այս իրավիճակին հակազդելու համար իշխանությունները վերջին ամիսներին հանդես եկան մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, որոնք լրագրողական հանրության կողմից գնահատվեցին

որպես ոչ համաչափ, խոսքի ազատությանը սպառնացող և միջազգային չափանիշներին չհամապատասխանող սահմանափակումներ։

Մասնավորապես՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով, ի թիվս այլի, առաջարկվեց արգելել հղումն անանուն կամ, ինչպես հետո վերափոխվեց՝ չնույնականացվող աղբյուրներին։ Սա իրականում չի լուծում անհանգստացնող խնդիրը՝ կապված կեղծ լուրերի տարածման հետ, ավելին՝ կարող է լրջորեն խոչընդոտել լրագրողական գործունեությունը, սահմանափակել տեղեկատվության աղբյուրների հետ աշխատանքը։

Մյուս խիստ մտահոգիչ նախաձեռնությամբ, որի հեղինակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է, Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված՝ զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման վերին շեմը եռապատկվեց․ մարտի 24-ին օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Օրենսդրական այս քայլը քննադատվեց տեղական լրագրողական ՀԿ-ների, միջազգային իրավապաշտպան «Freedom House» և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունների կողմից, իշխանություններին կոչ արվեց չեղարկել փոփոխությունը։ Ապրիլին ՀՀ նախագահը, փորձագետների հետ քննարկումներից հետո, չստորագրեց այս օրենքը և ուղարկեց ՍԴ՝ որոշելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը։

Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել ԶԼՄ-ներին մտահոգող ևս 2 օրենսդրական առաջարկ։ Դրանցից մեկը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու նախագիծն է, որով առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել համացանցում կեղծանուն աղբյուրի միջոցով

հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու և անձին զրպարտելու կամ վիրավորելու համար։ Մյուսը, որը կապվում է նախորդի հետ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի՝ պատասխանատվությունից ազատելուն վերաբերող 6-րդ կետի փոփոխությունն է․ դրանում առաջարկվում է վերջում ավելացնել «բացառությամբ, եթե աղբյուրը կեղծանուն է» բառակապակցությունը։

Մի խնդրահարույց նախաձեռնությամբ էլ հանդես եկավ ՀՀ դատախազությունը՝ առաջարկելով քրեականացնել պաշտոնատար անձանց զրպարտելը կամ վիրավորելը։ Սրանում, ըստ էության, իշխանության ներկայացուցիչներին քննադատությունից զերծ պահելու միտում է  նկատվում։              

Այս բոլոր նախաձեռնությունները ռեպրեսիվ բնույթ ունեն, հակասում են միջազգային հայտնի նորմերին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2011թ․նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման դրույթներին։

Դիտարկվող ժամանակահատվածում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններից էր հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու համար հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթների ամփոփումը, որի արդյունքում «Հ2»-ը ճանաչվեց պարտված և դիմեց դատարան՝ բողոքարկելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը։ Կրկին լիցենզիա չստացավ «Ա1+»-ը։ Մի քանի բացառությամբ ոլորտում պահպանվեց ստատուս-քվոն, լուրջ բարեփոխումներ չնշմարվեցին, ինչը մեծապես պայմանավորված է 2020թ․հուլիսին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի թերություններով ու բացերով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ