News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարությունից։

Ուղերձում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր, ինչպես եւ տասնամյակներ շարունակ, մենք ոգեկոչում ենք Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում միլիոն ու կես նահատակներին, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դարձան Օսմանյան կայսրության իշխանությունների հանցավոր քաղաքականության զոհը։

106 տարի առաջ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության ձեռքերով եւ մտահղացմամբ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Տեղի ունեցածն այն օրերին մեծ տերությունների կողմից որակվեց որպես մարդկության եւ մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն։ Հազարամյակներ էլ անցնեն, մենք՝ հայերս, շարունակելու ենք հիշել եւ աշխարհին թույլ չենք տալու մոռանալ, որ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվեց եւ մահվան դատապարտվեց արեւմտահայ մտավորականության սերուցքը։ Գլխատվեց ժողովրդի մտավոր, հոգեւոր եւ մշակութային վերնախավը: Հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանում ապրելու իրավունքից։

Նա ենթարկվեց զանգվածային կոտորածների եւ դուրս շպրտվեց իր հայրենիքից՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ նախադեպը չունեցող ծավալի կորուստներ: Գնահատման ենթակա չէին եւ անվերականգնելի մեր ժողովրդի մշակութային եւ կրոնական ժառանգությանը հասցված վնասները։

Մեզ հետ միասին հայրենիքից զրկվեցին նաեւ պոնտոսցի հույները, ասորիներն ու եզդիները։ Հայերիս համար եղբայրական այդ ժողովուրդները եւս ենթարկվեցին բնաջնջման՝ զրկվելով իրենց հարազատ վայրերում ապրելու իրավունքից։

Ովքե՞ր էին այդ սարսափելի հանցագործությունների մեղավորները, ովքե՞ր էին դրա պատասխանատուները։ Պատասխանը միանշանակ է․ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը՝ թուրքիզմի եւ պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ եւ ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության եւ ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը։ 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի նացիստական կուսակցության ղեկավարմամբ իրականացվեց հրեա ժողովրդի ցեղասպանությունը։ Հոլոքոստի զոհ դարձավ վեց միլիոն հրեա: Պատերազմից հետո ոճրագործները կանգնեցին արդարադատության առջեւ եւ կրեցին արժանի պատիժ։ Դատապարտվեց նաեւ այն գաղափարախոսությունը, որով առաջնորդվում էին ցեղասպանները։ Նացիզմն արդարացիորեն դրոշմվեց որպես հանցավոր գաղափարախոսություն, եւ այսօր որեւէ մեկն աշխարհում չի համարձակվում որեւէ բան ասել ի պաշտպանություն դրա։

Պատմական հանգամանքների բերումով նույնը, սակայն, տեղի չունեցավ Հայոց ցեղասպանության պարագայում։ Նախ, անցած դարի առաջին կեսին դեռեւս մշակված չէին արդարադատության այնպիսի մեխանիզմներ, որոնք պատասխանատվության կկանչեին պետության կողմից կատարված նման ահռելի ոճրագործությունների համար։ Անգամ ցեղասպանություն եզրույթը գոյություն չուներ։

Ավելին, հայ ժողովուրդը զրկված էր իր դատը հետապնդելու հնարավորությունից։ Ցեղասպանությանը հաջորդած առաջին տասնամյակներին Սփյուռքի ձայնը դեռ բավականաչափ լսելի չէր. նա դեռ նոր էր ամոքում իր վերքերը եւ ոտքի կանգնեցնում ազգային կառույցները։ Իսկ Խորհրդային Հայաստանը մինչեւ Հայրենական մեծ պատերազմի ավարտը առհասարակ զրկված էր հարցին հետամուտ լինելու հնարավորությունից։

Հայկական Սփյուռքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարողացավ լսելի դարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տասն­ամյակներին։ Սակայն այդ ժամանակաշրջանում, երբ աշխարհը երկբեւեռ էր, պանթյուրքիզմը համարվում էր պատմական անցյալ։ Հայոց ցեղասպանությունը եւ այն ծնած  գաղափարախոսությունը մնացին անպատիժ։ Իսկ անպատիժ մնացած հանցագործությունները եւ դրանց սնած գաղափարախոսություններն ունեն կրկնվելու եւ վերստին ի հայտ գալու սովորություն:  

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ  է, իսկ դրա ամենազազրելի դրսեւորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների կատարմամբ։

Ո՞րը պետք է լինի մեր պատասխանն այդ նեոպանթյուրքիստական սպառնալիքին։ Միայն ու միայն ամուր, ժամանակակից եւ հզոր դաշնակիցներ ունեցող Հայաստանը, որը կառուցված կլինի ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքների վրա։ Միաժամանակ, անհերքելի է, որ միայն հանցագործության դատապարտումն է կասեցնում ապագայի նոր ոճրագործությունները, եւ մենք բարձր ենք գնահատում եւ կարեւորում աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Ասվածը, սակայն, որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես տարածաշրջանային երկխոսության ժխտում։ Մենք պատրաստ ենք դրան: Սակայն մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից։ Այն կարող է տեղի ունենալ միայն իրավահավասարության սկզբունքով: Մենք երբեւէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, եւ թող որեւէ մեկը չկարծի, որ որեւէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որեւէ քաղաքական հոսանք երբեւէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը եւ կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից։ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները:

Սիրելի հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը մեր ազգի, մեր ժողովրդի անցյալի եւ ապագայի մասին մտորելու  ամենապարտադրող պահն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենապատեհ առիթը: Կարեւորագույն հետեւությունը, որ կարելի է անել դրանից, հետեւյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդի առջեւ ծառացած  մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դրա վառ ապացույցն էր: Միայն առաջատար տնտեսություն, արդիական անվտանգային եւ քաղաքական համակարգ ունեցող Հայաստանը, որն իր շուրջը կհամախմբի ողջ հայությանը, կարող է  դիմակայել այդ մարտահրավերներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանը համալրվել է Իսրայել Չարնիի անձնական գրադարանի գրքերով
2011 թ. Իսրայել Չարնին արժանացել էր Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի «ի ճանաչումն տասնամյակների ակադեմիական աշխատանքի և ի նպաստ...
Ավստրալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Հայ դատի հանձնախումբ
Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի...
Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Եթե ելույթ ունեցողների մեծ մասը կողմ հանդես գա բանաձևին, ապա...
«Սինոփսիս»-ի նախագահ Չի-Ֆուն Չանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության նահատակների հիշատակին
Չի-Ֆուն Չանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ մեկ րոպե…
Մեծ Բրիտանիայում առաջին քայլն արվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործում. դեռ շատ անելիք կա. Սասունյան
Ահա ներկայացված թիվ 190 58/2 օրինագծի ամբողջական տեքստը՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը» վերնագրով...
Ուկրաինացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երեւանում մեկնարկել են Ուկրաինայի հայերի միության միջոցառումները, որոնց մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ուկրաինայից ավելի քան 70 հյուր...
Ամենաշատ