News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության, պատմական հայրենիքում արժանապատիվ անվտանգ ապրելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մամուլի կենտրոնում իր ելույթի ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Նա մասնավորապես ասաց․ ամեն տարի` ապրիլի 24-ին, ողջ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Իր ծավալներով նախադեպը չունեցող այս ծրագրված ոճրագործության հետևանքով թիրախավորվեց, բռնի տեղահանության և զանգվածային կոտորածների զոհ դարձավ Օսմանյան կայսրությունում ապրող հայ ժողովուրդը։ Տարիների ընթացքում պանթուրքիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտթուրքական և դրան հաջորդող կառավարությունները Հայոց ցեղասպանության քաղաքականությունը տարածեցին նաև Արևելյան Հայաստանում։

Այս գործողությունների հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն մարդ, խեղվեցին հարյուր հազարավոր ճակատագրեր, մի ամբողջ ժողովուրդ զրկվեց իր հոգևոր, կրթական, մշակութային և տնտեսական սեփականությունից, նրանից խլվեց իր պատմական հայրենիքի գերակշիռ հատվածում ապրելու իրավունքը։

1878թ․ Բեռլինի կոնգրեսում Մեծ տերությունները և Օսմանյան կայսրությունը հանձնառություն էին ստանձնել երաշխավորելու վերջինիս հայկական նահանգների բնակչության անվտանգությունը։ Ծրագրելով և իրականացնելով Հայոց ցեղասպանությունը՝ երիտթուրքական կառավարությունը ի չիք դարձրեց հայ ժողովրդին տրված անվտանգության միջազգային երաշխիքները և ստեղծեց մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը մի ամբողջ ժողովրդի մահապատժով «լուծելու» նախադեպ։

Այս գործողությունները հետագայում հիմք դարձան ցեղասպանության հանցանքի սահմանման համար և արտացոլվեցին «Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայում։ Այնուհանդերձ Հայոց ցեղասպանության կազմակերպիչները չկանգնեցին միջազգային արդարադատության առջև:

Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին: Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը և դրա ընթացքում թուրք-արբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին, որ ուժով միջազգային խնդիրները «լուծելու» մոտեցումները չեն փոխվել։

Արցախահայության դեմ իրականացված ոճրագործությունները փաստեցին նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև հայ ժողովրդի անվտանգության համար։

Հայոց ցեղասպանության նպատակը հայ ժողովրդի լիակատար բնաջնջումն էր։ Հայ ժողովրդի հավաքական ջանքերի, ցեղասպանության վերապրողներին աշխարհի տարբեր երկրների և ժողովուրդների կողմից ցուցաբերված աջակցության շնորհիվ հայ ժողովուրդն արժանապատվորեն վերապրեց իր պատմության ամենամեծ արհավիրքը։

Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճմշարտության համար պայքարելու իր տոկունությունը։ Այդ պայքարը մեկ անգամ ևս հավաստում է, որ ոչ երիտթուրքական կառավարության բիրտ ուժը, ոչ Թուրքիայի հաջորդական կառավարությունների ժխտողական շահարկումները և տարածաշրջանում հայ ժողովրդի հանդեպ թշնամական գործողություններն ի զորու չեն մոռացության մատնել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և նրա նահատակներին։

Այդ պայքարը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և քայլեր ձեռնարկելու դրա հետևանքների վերացման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ