Ոստիկանության Աշտարակի բաժին հունիսի 20-ին ժամը 07:55-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ղազարավանգյուղի մոտ, ճանապարհին դանակահարված քաղաքացի կա:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ նշված վայր են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները` վարչության պետ ոստիկանության գնդապետ Մարգար Մելքոնյանի եւ ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետ, գնդապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:

Մինչ օպերատիվ խումբն Աշտարակի բաժնից կհասներ դեպքի վայր, Աշտարակի ոստիկանությունից տեղեկացրել են նաեւ Աշտարակի բուօգնության կայան, որ Ղազարավան գյուղի մոտ ուղարկեն շտապօգնության ավտոմեքենա:

Նշված վայրում օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորվածը Երեւանի Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ 43-ամյա Արմեն Կարապետյանն է: Նա «Ռենո Լոգա» տաքսի ծառայությունում աշխատում է որպես վարորդ:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները արդեն առավոտյան ժամը 06:20-ի սահմաններում պարզում են, որ այդ ժամին Երեւանի թիվ 137 դպրոցի մոտից անհայտ անձը նստել է «Ռենո Լոգա» տաքսի ծառայության Տ 5144 համարանիշի ավտոմեքենան եւ պատվիրել իրեն տեղափոխել Աշտարակ, ապա նաեւ Ղազարավան գյուղ:

Հասնելով գյուղ, վարորդը հանկարծ պարանոցի մասում սուր ցավ է զգում եւ նկատում է, որ ուղեւորը ձեռքին եղած գրիչի վրա հարմարեցված սրիչ դանակով փորձում է կտրել իր պարանոցը: Ուղեւորը վնասել է վարորդի պարանոցը, որից հետո վարորդն սկսել է պաշտպանվել:

Նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, ոստիկանության Արագածոտնի մարզի եւ Աշտարակի բաժնի աշխատակիցները Ղազարավան գյուղի տարածքից ոստիկանության Աշտարակի բաժին բերման են ենթարկում Իրանի քաղաքացի, 30-ամյա Մոհամեդ Աքբարիին: Վերջինիս նկատմամբ նշանակվել է բժշկական փորձաքննություն եւ հաստատվել, որ նա եղել է ոչ սթափ վիճակում: Նրա մոտ հայտնաբերվել է գրիչի վրա հարմարեցված սրիչ դանակը:

Վիրավոր վարորդին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Այս պահին Իրանի քաղաքացին գտնվում է ոստիկանության Աշտարակի բաժնում: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի հատկանիշներով:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի