News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


 

Կիրակի Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, սակայն կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Իր տեսաուղերձում նա ասել է, որ երկու անգամ կառաջադրվի վարչապետի թեկնածու, քվեարկությամբ չի ընտրվի, մյուս խմբակցությունները թեկնածու չեն առաջադրի ու կնշանակվեն արտահերթ ընտրություններ: Այսպիսին է խորհրդարանական ուժերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ Մի խումբ սահմանադրագետներ ու իրավաբաններ պնդում են, որ Փաշինյանն իշխանության զավթում է իրականացնում, քանի որ հրաժարականից հետո պաշտոնավարելու իրավունք չունի, չի կարող ուղղորդել խորհրդարանին, նաեւ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին։ Շատերը հիշեցրել են 2018-ին Փաշինյանի խոսքերը, որը, վկայակոչելով իրավաբաններին, ասել էր, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանում չի կարող լինել ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ Հայաստանի սահամանդրությունը դա չի նախատեսում։ ԱՎելին, Փաշինյանն այն ժամանակ ասել էր, թե  Կարեն Կարապետյանը, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար դառնալով, քրեորեն պատժելի արարք է թույլ տալիս։ Վարչապետի ընտրության հարցը Ազգային ժողովը կքննարկի մայիսի 3-ին։

Փաշինյանի պաշտոնավարման շարունակականության հարցին անդրադարձել է Հայաստանի առաջին նախագահը։  Լեւոն Տեր–Պետրոսյանը հորդորել է քաղաքական բոլոր ուժերին, նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին եւ, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում բերված փաստարկներին։ «Դրանք հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։ 2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգեւորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերեւս միակ միջոցը, ամենեւին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար», նշել է Տեր-Պետրոսյանը։

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը համարում է, որ որպես «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» դիրքավորող, բայց Փաշինյանի հետ պայմանավորվող քաղաքական  ուժերն ունեն շանս ապացուցելու, որ իրապես ընդդիմություն են։ Ըստ Մինասյանի, եթե նրանք չառաջադրեն իրենց թեկնածուին, ուրեմն ամեն ինչի շուրջ պայմանավորվել են Փաշինյանի հետ. «Նրանք համաձայնել են երկիրը տանել ընտրությունների, ընտրական օրենսգիրքը փոխելու Նիկոլի միանձնյա որոշմանը, մաս կազմել մի թատրոնի, որտեղ Փաշինյան-վարչապետի ժպ-ն կեղծելու է ընտրութունները», նշել է Մինասյանը եւ ամփոփել. եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն թեկնածու չառաջադրեն, ընդմիշտ կդառնան դավաճան վիժվածքի կամակատարը, դաշնակիցը, իսկ հետո՝ զոհը»,– ֆեյսբուքում գրել է նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը լրագրողներին ասել է, որ ԲՀԿ–ն վարչապետի թեկնածու չի առաջադրի եւ ոչ մի դեպքում իշխանության դաշտում չի խաղա։ Ըստ նրա՝  իշխող ուժն ունի 83 պատգամավոր եւ եթե իրենք առաջադրեն իրենց թեկնածուին, դրանով հնարավորություն կտան «Իմ քայլի» նորից ընտրել Փաշինյանին։

Նախօրեին էլ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էր լայվ մտել ու ասել, որ չեն պատրաստվում թեկնածու առաջադրել։ Նա վրդովված էր իրենց թեկնածուին առաջադրելու կոչերից՝ համարելով դրանք ճնշումներ։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է։ Ըստ փաստաբան Երվանդ Վարոսյանի՝ Փարամազյանն ինչ-որ անձի առեւանգման մեղադրանք են առաջադրել, ինչը ։

Երվանդ Վարոսյանի համար ակնհայտ է, որ քրեական գործերի հարուցումն ուղղորդվում է մեկ կետից։ «Միայն քաղաքական ուղղվածություն ունի այս ամեն ինչը», ասել է նա։

Քաջարանի քաղաքապետի խոսքով՝ այս իշխանությունը ռումբ է դրել Սյունյաց աշխարհի տակ, նաեւ Հայաստանի տակ, քանի որ եթե Սյունիքը չլինի, ապա ամբողջ Հանրապետության վրա տապանաքար պետք է դնենք՝ ասել է նա։

Մանվել Փարամազյանի համոզմամբ՝   իշխանության պետք է գան այնպիսի մարդիկ, որոնք կարող են այդ հետեւանքները վերացնել, եւ այդ  մարդիկ կան։ Ի դեպ, Սյունիքի դեպքերի գործով այս պահին կա 27 մեղադրյալ, կալանավորված անձ չկա։

Նոր դիրքեր հանձնելու մասին ահազանգել է Հայաստանից արտաքսված միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը. նա տեսանյութ է հրապարակել և գրել. «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, Հանրապետության հարավ-արեւելքում՝ Սյունիքում, հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին»: Կամավորներից զենքերը հավաքելու մասին էլ ահազանգել էր նրանցից մեկը։

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել, սահմանի ամբողջ երկայնքով գտնվում են իրենց զբաղեցրած դիրքերում և լիարժեք կատարում են առսջադրված խնդիրները:  Դիրքեր հանձնելու լուրը բացարձակ սուտ է, նշված է հաղորդագրությունում:

Սյունիքի դիրքերը պաշտպանող մահապարտների «Արծիվ 30 Արարատ» ջոկատի փոխհրամանատար Եփրեմ Մարգարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ դաշտում անասուն արածացնող մեր հովվին ադրբեջանցիները փորձել են առեւանգել, բայց իրենց ստորաբաժանման ջանքերով հովիվը վերադարձվել է։

Նիկոլ Փաշինյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակել Տաթեւիկ Ստեփանյանին։

Մեկ այլ որոշմամբ Փաշինյանը պաշտոնից ազատել է Վիկտորիա Պողոսյանին. նա  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարն էր:

ԱԱԾ-ն բացահայտել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք: 3 հազար դոլար կաշառքը պաշտոնյան վերցրել է զինապարտ քաղաքացուն ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների բացակայության պայմաններում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար:

Բռնցքամարտի ռինգում Վահե Հակոբյան-Հրաչյա Հակոբյան մենամարտին անհամբեր սպասողներին կիրակի հիասթափություն էր սպասում. պատգամավորը ժամանել էր հանդիպման վայր, սակայն հրաժարվել էր մենամարտել, պատճառաբանելով, թե բոքսի օրենքներին ծանոթ չէ, թեեւ ինքն էր 24 ժամ տվել Սյունիքի նախկին մարզպետին՝ ընտրելու տեղը, ժամն ու ձեւաչափը՝ իր հետ մրցելու համար։ Փաշինյանի աներձագն ասել էր, որ պատրաստ է մրցակցի հետ հեռուստաբանավեճի եւ, առանց պատասխանի սպասելու, հեռացել։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 213469-ի: Մեկ օրում մահացել է 23 վարակակիր, որոնցից 1-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 5042 է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 1.43 դրամով, կազմել է 520.46 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.36 դրամով ու հասել 629.60 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով ու կազմել 724.38 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով  ու կազմել 6.95 դրամ:

Ապրիլի 27-ին երկրում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Երևանում եւս սպասվում է կարճատև անձրև: Գիշերը մայրաքաղաքում կլինի 13-15, վաղը ցերեկը 22-24 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ