News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ կոչ է անում չգնալ արտահերթ ընտրությունների:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ողջույն իրականությունից կտրված, քաղաքականությունից հոգնած եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանության ճանաչման հայտարարությունից ոգեւորված ազգիս: Վերջին ժամանակներս ինձ հարց են տալիս, թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու ընտրություններին:

Ես ուզում եմ ներկայացնել, թե ինչու ճիշտ չէ գնալ արտահերթ ընտրությունների: Մեր երկիրը դրան պատրաստ չէ: Հասկանալով միջազգային քաղաքականության իրավիճակը թե տարածաշրջանում, թե հետխորհրդային երկրներում, մենք պատկերացնում ենք, որ սկսվում է մի նոր կոնֆլիկտային փուլ:  Մի կողմից Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, որը շատ է մտահոգում Ռուսաստանին, եւ ինչպես ասաց ՌԴ նախագահ Պուտինը, առաջինը ինքն է ցույց տալու, թե որտեղ է կարմիր գիծը: Երկրորդը, անկախ նրանից, թե որտեղ են իր քաղաքացիները, ինքը նրանց շահերը պաշտպանելու է:

Ռուսաստանն ամբողջությամբ կլանված է լինելու այդ հարցերով, իսկ Հայաստանը երկրորդական պլանում է լինելու: Այսինքն, եթե մեր քաղաքացիները մտածում էին, որ եթե Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից նոր կոնֆլիկտ լինի, նոր սպառնալիքներ լինեն, ՌԴ-ն կունենա վճռորոշ որոշում, դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը:

Հաշվի առնելով Ցեղասպանության ընդունումը ԱՄՆ-ի կողմից, շատ կարճ ժամանակահատվածում Թուրքիան տասնյակ քրդական համայնքներ մեկ օրվա ընթացքում շատ ուժեղ հարվածի տակ դրեց եւ սկսեցին Թուրքիայի պետության կողմից թե քրդերի հանդեպ, թե Սիրիայում կոնֆլիկտի նոր սպառնալիքներ: Ես վստահ եմ, որ նույն սպառնալիքը կա Հայաստանի Սյունիքի շրջանում՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները: Դրանք ուղիղ սպառնալիք էին:

Հաշվի առնելով, որ մեր իշխանությունները ոչ մի պատասխան չտվեցին դրան, մենք ունենք անվտանգության նոր սպառնալիքներ: Դրա համար մեր առաջարկն է չգնալ նոր ընտրությունների, որովհետեւ այդ ժամանակ ամեն կուսակցություն զբաղված է լինելու իր նեղ կուսակցական շահերով: Դա մեզ բերելու է նոր ցնցումներ: Մենք առաջարկում էինք, որ լինի վարչապետի նոր թեկնածու, որը կարող է լինել չեզոք, ոչ կուսակցական, բայց բոլոր ուժերի կողմից ընդունելի: Այդ դեպքում հնարավորություն կունենային այսօրվա պատգամավորները շարունակել իրենց աշխատանքը, իսկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը պահեր երկրի շահերը թե ներքին, թե արտաքին: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք դրան հասնել»:

Տպել
Ամենաշատ