ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը:
«Ուզում եմ հատուկ նշել այն դերը, որն ունեցել են Ռուսաստանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ԼՂ-ում պատերազմի դադարեցման գործում: Եվ ուզում եմ նշել, որ արդյունավետ եմ գնահատում ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը»,-ասել է նա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ:
Փաշինյանը հիշեցրել է, որ ընթանում է եռակողմ հանձնաժողովի աշխատանքը, որը ղեկավարում են ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի փոխվարչապետերը:
«Սակայն ցանկանում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարեւոր կետը…ռազմագերիների վերադարձին վերաբերող կետ»,-ասել է Փաշինյանը:
Նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին այդ հարցը լուծելուն ուղղված ջանքեր գործադրելու համար: