News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անցած տարի Շրի Լանկայի տնտեսությունը կրճատվել է 3,6 տոկոսով Covid-19 համավարակի պատճառով, ինչը դարձել է ամենավատ տնտեսական անկումը 1948 թվականից ի վեր, երբ երկիրն անկախացել էր Մեծ Բրիտանիայից, հաղորդում է AFP-ը:

Շրի Լանկայի Կենտրոնական բանկը 2020 թվականի իր տարեկան հաշվետվության մեջ հայտարարել է աննախադեպ տնտեսական անկման մասին՝ ի տարբերություն 2019 թվականին ՀՆԱ-ի 2,3-տոկոսանոց աճի: ԿԲ-ն հույս է հայտնել, որ 2021 թվականին տնտեսությունը կվերականգնվի եւ կգրանցի 6-տոկոսանոց աճ տեղական արտադրությունն ու ծառայությունները բարելավելու հաշվին:

Համավարակը հարվածել է կղզու եկամտաբեր զբոսաշրջային հատվածին, կտրուկ կրճատում է դիտարկվել շինարարության, արտադրության, ինչպես նաեւ ծառայությունների ոլորտում:

Կենտրոնական կառավարության պարտքը եւս աճել է՝ հասնելով ՀՆԱ-ի 101 տոկոսին 2020 թվականին՝ ի տարբերություն 2019-ին ՀՆԱ-ի 86,8 տոկոսի:

Միջազգային վարկանշային գործակալությունները մտահոգություն են հայտնել այդ հսկայական արտաքին պարտքը մարելու հարցում Շրի Լանկայի կարողության մասին, քանի որ երկրի օտարերկրյա պահուստները կտրուկ նվազել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ