Եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը հայտարարեն իրենց դիրքորոշումը կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Այս մասին այսօր` հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով Կազանում հունիսի 24-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից իր սպասելիքների մասին հարցին:

«Եթե Ադրբեջանը հանդես գա լրացուցիչ կառուցողական առաջարկությամբ, ապա մենք կարող ենք դրական արդյունքներ ակնկալել Կազանյան հանդիպումից»,-ասել է նա:

«Ես կազան եմ մեկնելու լավատեսությամբ լցված եւ ցանկանալու եմ, որ մենք գանք ընդհանուր հայտարարի: Հայաստանն ու Ղարաբաղը շահագրգռված են խնդրի հնարավորինս արագ լուծմամբ: Մենք արդար եւ տեւական լուծման կարիք ունենք: Փաստաթուղթը, որ քննարկվելու է Կազանում, բավականաչափ չափավոր է: Հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ, բայց հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինելու մեծ հիմնական պայմանագրի աշխատանքներին: Եթե մենք հանդիպենք կառուցողական մոտեցմամբ, եթե ադրբեջանական կողմը լրացուցիչ առաջարկություններով հանդես չգա, կարող ենք ակնկալել դրական արդյունքներ»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: