News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դիվանագետին առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով, բայց, այդուհանդերձ, առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին: «Պետք է մեծ ուշադրություն դարձնել տնտեսական գործընկերության խորացմանը, քանի որ այն համագործակցության զարգացման կարևորագույն ցուցիչներից է», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ղազախստանում կենսունակ հայ համայնք կա, և Հայաստանը երախտապարտ է Ղազախստանին՝ համայնքի գործունեության պայմանների ու հնարավորությունների համար:

Դեսպանը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և վարչապետ Ասկար Մամինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ պատրաստ է գործադրել առավելագույն ջանքերը՝ զարգացնելու հայ-ղազախստանյան քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար գործընկերությունը:

Բոլատ Իմանբաևը համակարծիք է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որ տնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք չի իրացվում, և ինքն ակտիվ աշխատելու է ինչպես տնտեսական, այնպես էլ փոխշահավետ մյուս ուղղություններով: Դեսպանը բարձր է գնահատել հայ համայնքի դերը իր երկրի հասարակական կյանքի տարբեր բնագավառներում՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Ղազախստանի խորհրդարան հայազգի պատգամավոր է ընտրվել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ղազախստանյան հարաբերությունների օրակարգի և այն հարստացնելու ուղղությամբ անելիքների շուրջ:

Առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումների ներգրավման համատեքստում կարևորվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա ընթացքում:

Նշելով, որ տպավորված է 2021թ. Ալմաթիում կայացած թվային ֆորումով և այս բնագավառում ղազախստանյան փորձով՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրական է համարել երկու երկրների ՏՏ համայնքների միջև գործակցությունը: Դեսպան Իմանբաևը նշել է, որ Ղազախստանում կառուցվածքային և ռազմավարական շարունակական բարեփոխումներ են իրականացվում, և այս համատեքստում կարևորում են Հայաստանի հետ փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով հարկային վարչարարության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում ռեֆորմների հաջողվածությունը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և նշել, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը և դրանով իսկ խաթարել կայունությունը տարածաշրջանում: Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, Ադրբեջանի կողմից հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման քաղաքականության վրա՝ ընդգծելով, որ միջազգային առաջադեմ հանրությունը պետք է ջանքեր գործադրի վանդալիզմի այդ դրսևորումները կանխարգելելու համար:

Վարչապետի պաշտոնակատարը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ղազախստանի նախագահին, առաջին նախագահին, վարչապետին և արդյունավետ աշխատանք մաղթել նորանշանակ դեսպանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ