News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը։ Գեներալի փաստաբան Արամ Օրբելյանը տեղեկացրել է, որ Վարչական դատարանն իրենց հայցը վերադարձրել էր, արձանագրելով, որ ակտ չկա, այլ իրավունքի ուժով փաստ է հաստատվել, որ Օնիկ Գասպարյանն աշխատանքից ազատված է։ Այդ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, որն էլ արձանագրել է՝  ակտ կա։

Հիշեցնենք, որ գեներալ-գնդապետ  Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել  վարչական դատարան՝ ընդդեմ նախագահի եւ վարչապետի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ Հանրապետությա նախագահի  հրամանագրով բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ Կարեն Աբրահամյանն ազատվել է պաշտոնից։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կարեն Աբրահամյանն այդ պաշտոնին նշանակվել  էր անցած տարվա  հունիսին։ Նա ստորագրել էր փետրվարի 25-ի հայտարարությունը, որով գեներալները պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ 

Ազգային ժողովում քննարկումներն անցել են թեժ մթնոլորտում։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Տարոն Սիմոնյանի գոհունակությունը իշխանություններից՝ Շուշիում ադրբեջանական վանդալիզմը դատապարտելու առիթով, հարուցել էր իմքայլականների վրդովմունքը։ Դժգոհելով, որ ԼՀԿ-ից մեկ հոգի է ներկա, Հրաչյա Հակոբյանը հռետորական հարց է հնչեցրել. «Դուք ձեզ ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք, թե որտեղից ինչ եք խոսում»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս Սիմոնյանի խոսքերը վիրավորական էր համարել, հավելելով, թե թող հայամետ քաղաքականության վերադառնան նրանք, ովքեր հեռացել են դրանից:

Լրագրողների հետ զրույցում Տարոն Սիմոնյանը պարզաբանել է, որ ընդամենը ողջունել է «Իմ քայլի» գործընկերների վերադարձը հայամետ քաղաքականության, քանի որ  նրանք խոսում էին Ադրբեջանի հետ բարեկամությունից այն օրերին, երբ այդ պետությունը վարում էր ցեղասպան քաղաքականություն։

Իմքայլականների հետ վիճաբանել է  նաեւ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Նա հայտարարել էր, որ քաղաքացին ունի ճիշտ կառավարվելու իրավունք, որի կարեւոր բաղադրիչը իշխանությունից ճիշտ տեղեկություններ ստանալու իրավունքն է: Սուտ խոսող պաշտոնյան պետք է պատժվի, ասել է նա։

Պետրոսյանի ելույթի համար դահլիճում հյուրընկալված երեխաներից ներողություն է խնդրել իմքայլական Սիսակ Գաբրիելյանը: Նա ասել է, թե փակուղային վիճակ է ստեղծվում, երբ լրագրողը պետական գաղտնիքի վերաբերյալ հարց է տալիս. «Այլ բան պատասխանես, այս հոդվածով կգնաս, ճիշտը պատասխանես, մեկ այլ հոդվածով կգնաս», նշել է նա: Տեղից արձագանքել է Գեւորգ Պետրոսյանը։

Ազգային ժողովը որոշել է 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքները պարզելու քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկել փակ դռների հետեւում: ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանը տարակուսել է, թե ինչու է հանրային կարեւորության հարցը դռնփակ քննարկվում։ Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը դա պայմանավորել է զեկույցում պետական գաղտնիքի առկայությամբ։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր հանրայնորեն քննարկելու նրա գործունեության սահմանադրականության հարցը։ Ղազարյանը մայր օրենքի դրույթներով հիմնավորումներ էր ներկայացրել, որ հրաժարականից հետո Փաշինյանը չի կարող շարունակել պաշտոնավարել, ինչի վրա սահմանադրական մարմինների ուշադրությունը հրավիրել էր նաեւ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը։  Ղազարյանը համարում է, որ մենք այժմ չունենք վարչապետ, քանի որ հրաժարական տված Փաշինյանի թեկնածությունը խորհրդարանը նորից առաջադրեց եւ մերժեց։  «Չի կարելի մեր երկիրը և հասարակությունը ենթարկել ծաղրի, ի՞նչ է նշանակում կիրակի վարչապետը հրաժարական է տալիս, երկուշաբթի նրան առաջադրում են վարչապետի թեկնածու, մեկ շաբաթ հետո նրան չեն ընտրում վարչապետ: Խեղկատակություն է սա»,- շեշտել է Ղազարյանը:

Հերթական անգամ հետաձգվել է  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը: Նախկին փոխվարչապետ փաստաբանից հաղորդում է ստացվել, որ Արմեն Գեւորգյանը ստացիոնար բուժում է ստանում եւ չի կարող ներկա լինել նիստին: Հաջորդ նիստը կկայանա մայիսի 11-ին

Ոստիկանությունը պարզել է ապրիլի 29-ին Մահաթմա Գանդիի արձանը պղծող անձի ինքնությունը: Երևանի 61-ամյա բնակիչը բերման է ենթարկվել, նա խոստովանական ցուցմունք է տվել:

Սյունիքում մեկնարկել է Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված 2 վարձկան  ահաբեկիչների դատավարությունը։ Քրեական գործով հիմնավորվել է, որ  Մուհամադ ալ-Շխերին եւ Յուսեֆ ալ-Հաջին, ընդգրկված չլինելով Ադրբեջանի զինված ուժերում, այլ լինելով Սիրիայի քաղաքացիներ, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217407-ի:  Մեկ օրում մահացել է 19 վարակակիր, որոնցից 3-ն այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 5194 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.25 դրամով, կազմել է 520.88 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.15 դրամով ու կազմել է 625.26 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.70 դրամով ու հասել  722.93 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով ու կազմել 6.93 դրամ։

Մայիսի 5-ին Հայաստանի ողջ տարածքում  սպասվում են անձրեւներ և ամպրոպ, տեղ-տեղ՝  կարկուտ: Երեւանում եւս սպասվում են անձրեւ և ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում  կլինի +13+15, վաղը ցերեկը՝  +18+20:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ