News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի զորամասերից մեկում զինծառայող է սպանվել։ Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ հարավային ուղղության զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում։ Ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը։ Կատարվում է քննություն:

Ադրբեջանից հայրենիք է վերադարձել 3 ռազմագերի։ Նրանք Երեւան են ժամանել  ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռով։ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը լրագրողներին հայտնել է, որ գերիները վերադարձվել են բացառապես ռուսական իշխանությունների եւ Մուրադովի ջանքերի շնորհիվ։  Ավագյանը, որ ակտիվորեն օգնում է գեներալ Մուրադովին, պաշտոնանկ էր արվել գերիների խնդրում Ռուսաստանից դժգոհող իշխող խմբակցությանը քննադատելու համար։

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող սպառնալիքները։ Տեր-Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների մարտի 25-ի հանդիպմանը իր հայտարարությունը։ Նա՝ իր, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անունից գրած հայտարարությունում շեշտել էր. «Անկախ նախկինում ունեցած մեր սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոնի, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կառույցներից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Քննարկում տեղի չունեցավ, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժեց այդ առաջարկը, պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով, այն է՝ որ դրանով ինքը դավաճանած կլինի իր ստեղծած «Հայաստանի փրկության շարժմանը»։ Սերժ Սարգսյանը որևէ կարծիք չարտահայտեց։ Այսօր ես հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը երկրորդ եւ երրորդ նախագահներին։ Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերեւս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է»։

ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձին անդրադարձել է վարչապետի պաշտոնակատարը. Փաշինյանն ասել է, որ նախկին նախագահը, որպես  ընդդիմադիր, երկու անգամ փորձել է անել իշխանափոխություն, մեկը ժողովրդավարական, մյուսը՝ բուրժուադեմոկրատական, հիմա էլ  որոշել է կրկին փորձել և անել ավազակապետական հեղափոխություն: Փաշինյանը նաեւ ասել է, թե մարդիկ կային, որոնք 1997-1998-ին տեղի ունեցածը թատրոն էին համարում։

Ազգային ժողովը փակ նիստում քննարկել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: Խորհրդարանի նախագահն այդ հանգամանքը պայմանավորել է զեկույցում առկա ռազմական գաղտնիք համարվող տվյալներով։

Զեկույցի ներկայացումից ու քննարկումից հետո այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում  կտրվեն քրեաիրավական գնահատականներ։ Նա կարծում է, որ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին պետք է կանչեն հարցաքննության, քանի որ նրանից չեն ստացել կարեւոր հարցի պատասխանը՝ ինչպես է Ադրբեջանի պաշտոնակցի հետ պայմանավորվել հրադադարի մասին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի կարող ասել, որ զեկույցից գոհ է։ Այն ունի որոշակի թերություններ, ասել է նա եւ մեկ օրինակ բերել.

Մարուքյանը կարծում է, որ զեկույցը պետք է գաղտնազերծվի, քանի որ 44-օրյա պատերազմից հետո ապրիլյան պատերազմի թերությունները գաղտնի պահելն այնքան էլ ճիշտ չէ:

Հանձնաժողովի զեկույցում պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի համար ավելի շատ հակասական եւ խճճող բաներ էին, մնում է հասկանա՝ իի աչքով տեսա՞ծն էր ավելի ճիշտ, թե՞ այսօրվա լսածը։

Ազգային ժողովում զեկույցի ներկայացման անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Այդ հանձնաժողովը այդպես էլ չքննեց ամենակարևոր հարցը՝ կապիտուլյանտի հայտարարությունը, թե իբր ապրիլյան պատերազմը ռուսներն են հրահրել»,– գրել է նա։ Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցին՝ Աշոտյանն ասել է. «Հայտնի ուսապարկն իր այսօրվա ճեպազրույցում ապրիլյան հաղթանակը 2 անգամ անվանեց պարտություն՝ նման կերպ փորձելով կոծկել 44-օրյա պատերազմում իրենց իշխանության խայտառակ իրական պարտությունն ու կապիտուլյացիան»։

Երիտասարդների, ուսանողների, ընդհանրապես Հայաստանի բնակչության հոգսերին է անդրադարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ին անդամագրվել ցանկացող շուրջ 1500 երիտասարդների հետ հանդիպմանը: Ծառուկյանն անդրադարձել է բարձր վարձերին ու ցածր կրթաթոշակներին, երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիր ներկայացրել, խոսել պետության պարտավորությունների մասին։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության համագումարում քաղաքական այս ուժի ղեկավար Վահե Հակոբյանը հայտարարել է, որ մասնակցելու են առաջիկա արտահերթ ընտրություններին եւ չի բացառել միասնական դաշինքով մասնակցելու հնարավորությունը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ «Վերածնվող Հայաստանն» ամենայն հավանականությամբ ընտրություններին կմասնակցի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի կազմում:

Արցախի Հադրութի շրջանի բնակիչները հավաքվել  էին արտգործնախարարության շենքի առջև եւ նամակ փոխանցել՝ նշելով, որ ցանկանում են հանդիպել Երեւան ժամանող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ պարզաբանելու Հադրութից բռնագաղթված բնակչության հարցը և ինչ անվտանգային միջոցառումներ են ձեռնարկվում Արցախում բնակվողների համար։

Երեկ ուշ երեկոյան կրակոցներ են հնչել Էջմիածնում։ Հրազենային վնասվածքներով  հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդի դի: Դեպքի վայրում հայտնաբերվել  են ինքնաձիգի 20-ից ավել կրակված պարկուճներ,  200 մետր հեռավորության վրա՝   կրակոցների հետքերով ավտոմեքենա: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանի թիկնապահներից 29-ամյա Ռազմիկ Սողոյանն էր։

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն» ահազանգում է, որ վերջին մեկ-երկու տարում կտրուկ փոխվել է քրեածին իրավիճակը, հատկապես հրազենի գործադրմամբ։ «Միայն այս երկու շաբաթում հրազենի գործադրմամբ սպանություններ են եղել Վայքում, Վաղարշապատում, որը լրագրողներն առանձնակի դաժանության պատճառով հասցրել են համեմատել հոլիվուդյան մարտաֆիլմերի հետ։ «Քրեական ռազբորկաների մարտադաշտի վերածվող Հայաստանում այսօրինակ իրավիճակն արդյո՞ք հետևանք չէ նրա, որ  ոստիկաններն իրենց բուն գործառույթը հարկադրված թողնելով, անելիքը տեսնում են միայն մեկ անձի անվտանգությունը պաշտպանելու մեջ, զբաղված են խաղաղ ցույցերի մասնակիցներին, այդ թվում և հայ կանանց, մայրերին ու աղջիկներին «ասֆալտին փռելով»»,- ասված է նրանց հայտարարության մեջ:

Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 493 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217900-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 5207 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.16 դրամով, հասել է 521.04 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.20 դրամով ու կազմել է 625.46 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.00 դրամով ու հասել 723.93 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով ու կազմել 6.97 դրամ:

Մայիսի 6-ին երկրի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Երևանում եւս վաղը սպասվում է կարճատև անձրև: Գիշերը մայրաքաղաքում կլինի 9-ից 11, վաղը ցերեկը 21-ից 23 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ