Նիդերլանդների իշխանությունները պարզեցրել են 16 տարին չլրացած երեխաների համար ծննդյան վկայականում սեռը փոխելու ընթացակարգը, հաղորդվում է երկրի կառավարության կայքում, գրում է Gazeta-ն:
Այժմ երեխաները կարող են փոխել սեռն առանց բժշկի կամ հոգեբանի եզրակացության:
«Պայմանները մեղմացվել էին դեռեւս 2014 թվականին, երբ ընդունվել էր տրանսգենդերների մասին օրենքը, եւ այժմ օրենքը գնահատելուց հետո այդ ընթացակարգը էլ ավելի է պարզեցվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հղում անելով բժշկական ծառայություններ մատուցողներին՝ կառավարությունում պարզաբանել են, որ բժիշկը կամ հոգեբանը չի կարող պարզել՝ որքանով է մարդը համոզված իր՝ հակառակ սեռին պատկանելիության մեջ: Միեւնույն ժամանակ սեռային բազմազանության հարցերով զբաղվող հոլանդական կազմակերպությունում որոշում կայացնելու գործում բժիշկների մասնակցությունը համարում են մարդու՝ ինքնորոշման իրավունքի խախտում:
Կառավարությունում հավելում են, որ, համաձայն միջազգային համեմատական հետազոտությունների արդյունքների, սեռը գրանցելու հարցում կրկնակի փոփոխություններ հազվադեպ են կատարվում:
Այս պահից այդ ընթացակարգը կբաժանվի երկու փուլի՝ գրավոր դիմում սեռը փոխելու ցանկության մասին եւ 4-12 շաբաթվա ընթացքում այդ մտադրության հաստատում: Սեռը փոխելու համար բավարար է դիմել դատարան: