News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Լատվիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Լուրը հրապարակել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ հավելել, որ այդ երկրում Հայերի ցեղասպանության ճանաչման համար 2015-ին սկսված պայքարն իր արդյունքը տվեց:

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կուսակցությունը հայտարարել է, որ որոշումը կայացրել է հաշվի առնելով Հայաստանում եւ Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից եւ համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից։ Ավելի ուշ դաշինքը տարածել է տեսահոլովակներ՝ ազդարարելով մայիսի 9–ին, Շուշիի ազատագրման օրը ժամը 16։00–ին Ազատության հրապարակում կայանալիք դաշինքի առաջին հանրահավաքի մասին։ Հրապարակում ելույթ կունենա Ռոբերտ Քոչարյանը։

2-րդ եւ 3-րդ նախագահների գրասենյակներն արձագանքել են 1-ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը, որով նա գաղտնազերծել էր իրենց հանդիպման մանրամասները՝ նշելով, որ ինքն առաջարկել է երկու նախագահներին միասնական դաշինքով գնալ ընտրությունների առանց վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավակնության, սակայն նրանք մերժել են առաջարկը։ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնել են, որ զարմանալի էր Տեր-Պետրոսյանի հրապարակումն առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու։ 3 նախագահներով դաշինք կազմելու առաջարկին Սերժ Սարգսյանի դիրքորոշումն է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մարտավարություն, ուստի կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ կարծես պատահմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը վրիպում է՝ ասելով, թե «Հայրենիքի փրկության շարժումը» նախագահ Քոչարյանն էր ստեղծել, ինչն այդպես չէ։ Նա նաեւ ասել է, որ միշտ սկզբունքորեն դեմ են եղել ոչ հրապարակային հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտմանը, ինչը կոռեկտ չէ, հատկապես, երբ այդպիսի մանրամասներ պատմողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը։ «Ինչ վերաբերում է ընտրություններին, մենք արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձեւաչափ», ասել է Սողոմոնյանը:

Նախօրեին աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, նաև բանակցություններ վարի արտաքին գործերի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերի կարգավորմանը: Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Լավրովի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական հռետորաբանության վրա և անդրադարձել Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմավարի պուրակին», որտեղ ներկայացված են հայատյաց, արժանապատվությունը նսեմացնող բովանդակությամբ ցուցադրություններ։

ՌԴ արտգործնախարարը կարևորել է տարածաշրջանում կառուցողական մթնոլորտի և երկխոսության ձևավորման ուղղությամբ համատեղ ջանքերը: Սերգեյ Լավրովը նաև արդյունավետ է գնահատել հայաստանցի իր գործընկերոջ հետ ունեցած բանակցությունները և կիսվել այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցից տպավորություններով՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես բարեկամ հայ ժողովրդի կողքին է:

Լավրովը նաև նշել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ մենք շարունակում ենք հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտելու դիրքերից: Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշական, հոգեբանական նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ խնդիրը»,– ասել է Լավրովը:

Լավրովի մեկօրյա այցը Հայաստան ավարտվել է։ Մայիսի 9-10-ը նա կլինի Բաքվում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև արագորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը: Նրանք կողմերին նաեւ կոչ են արել փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ականազերծում իրականացնելու և Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները վերացնելու համար, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կառույցների ներկայացուցիչների համար:

Սահմանի սահմանազատման գործընթացում անընդունելի մեխանիկական մոտեցումներ են օգտագործվում, Ազգային ժողովի նիստին  իր տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ըստ նրա՝ պրոֆեսիոնալ մոտեցումները բացակայում են: «Համապատասխան հանձնաժողովների աշխատանքը չի իրականացվում, նախնական գույքագրում եւ մարդկանց կարիքների գնահատում չի կատարվում»,- ասել է նա: Թաթոյանը շեշտել է, որ կոպտորեն խախտվում են Սյունիքի եւ Գեղարքունիքի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, քանի որ նրանք զրկվել են իրենց հողերից եւ տներից:

Արման Թաթոյանը կոշտ քննադատության է ենթարկել Հանրային հեռուստատեսությանը, որը Սյունիքում իրավիճակի վերաբերյալ իր հայտարարություններից գրեթե ոչ մեկը չի լուսաբանել:

Կառավարության նիստում հարկային մուտքերի, երկրում գրանցված գործարքների, ստեղծվող աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշների մասին է խոսել վարչապետի պաշտոնակատարը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ապրիլի  հարկային եկամուտները կազմել են շուրջ 180 մլրդ դրամ, ինչն ըստ նրա մեկ ամսվա համար պատմական ռեկորդ է Հայաստանի համար:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 425 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը  218325 է: Մեկ օրում մահացել է 17 վարակակիր, նրանցից 3-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 5224 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.41 դրամով, կազմել է 521.45 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.73 դրամով ու հասել 628.19 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.72 դրամով ու հասել 725.65 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել  6.99 դրամ:

Մայիսի 7-ի ցերեկը ամբողջ երկրում սպասվում են անձրև և ամպրոպ: Երևանում եւս անձրև կտեղա։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +10-ից +12, վաղը ցերեկը +19-ից, +21։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ