News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կարծես թե ձեւավորվում է ցանկալի եւ ոչ ցանկալի դատավորների ինստիտուտ։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ անդրադառնալով Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծին, մասնավորապես, որ դատավորի վարույթում գտնվող քրեական գործը ԲԴԽ-ն կարող է վերցնել եւ մակագրել այլ դատավորի։

«Նախկինում դատարանի նախագահն ուներ մակագրության լիազորություն, դա քննադատությունների էր ենթարկվում, հիմա համակարգչի միջոցով այդ գործերը մակագրվում են, այսինքն՝ այդ ամենը լինում է պատահականության սկզբունքով։ Հիմա վերցնել եւ տալ մյուս դատավորին, ԲԴԽ-ն ասում է, որ այդ կարգերը հստակ կսահմանենք, բայց կարծում եմ՝ դա նախատեսելու անհրաժեշտություն չկար։ Ստացվում է մի իրավիճակ, որ դատավորի նկատմամբ վստահության խնդիր կա, եթե ԲԴԽ-ն մի դատավորից վերցրեց որպես՝ բարդ գործ եւ տվեց մեկ այլ դատավորի, կողմի մոտ այդ դատավորի նկատմամբ անվստահություն է առաջացնելու»,- նշեց նա։

Անդրադառնալով նաեւ այն կետին, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք նույնպես կկարողանան դիմել ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, դատարանի նախագահն ասաց, որ այդ օրինագիծը շատ բացասական գնահատականի է արժանացել.

«Վերջերս ԲԴԽ անդամների հետ հանդիպում էր տեղ ունեցել Վերաքննիչ դատարանում, մենք մեր կարծիքը բացասական առումով ներկայացրել ենք։ Վարույթ հարուցող երկու սուբյեկտ կա՝ Արդարադատության նախարար եւ կարգապահական հանձնաժողով, չեմ հասկանում, թե երրորդ սուբյեկտն ավելացնելու իմաստը որն է։ Եթե քաղաքացին կարողանում է դիմել թե կարգապահական հանձնաժողովին, թե Արդարադատության նախարարին, ուրեմն այդ փոփոխության իմաստը չեմ կարողանում հասկանալ։ Եթե ԲԴԽ-ի նպատակն է՝ ազդեցության լծակներն ավելացնել դատավորների նկատմամբ, ես չեմ կարծում, որ ԲԴԽ-ն ունի այդ առաքելությունը, որովհետեւ ԲԴԽ-ի առաջնային առաքելություններից մեկը դատավորներին պաշտպանելն է, ոչ թե դատավորների նկատմամբ լրացուցիչ լծակներ ձեռք բերելը»։

Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները ժամակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին եւ դիտարկմանը, թե ԲԴԽ նախագահի ժամականավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջոցով փորձ է արվում դատավորներին կառավարել՝ Ռշտունին արձագանքեց.

«Եթե դատավորները չուզենան, ոչ մեկի միջոցով հնարավոր չի իրենց կառավարել։ Պարոն Վարդազարյանի հետ կապված պրոցեսներ են ընթանում առաջին ատյանի դատարանում, իմ կանխատեսմամբ դրանք հայտնվելու են նաեւ Վերաքննիչ դատարանի տիրույթում, դրա համար իմ կողմից այդ պրոցեսներին գնահատական տալը ճիշտ չի։ Չի բացառվում, որ ես լինեմ հետագայում այդ պրոցեսները քննող դատավորը։ Ոչ մեկի համար, այդ թվում՝ ինձ համար հաճելի  չէ, որ նման պրոցեսներ են տեղի ունենում դատական իշխանությունում։ Ինձ համար հաճելի չէ, որ քրեական վարույթ է սկսում այս կամ այն դատավորի նկատմամբ։ Եթե վարույթն օրինական է, մենք դրա դեմ ոչինչ չունենք, բայց եթե դրա դեմ կա արհեստականություն, ապա դա ընդունելի երեւույթ չէ»։

Տպել
Ամենաշատ