News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Yerkir.am-ը գրում է. «Ապրիլի 21-ին, Սյունիք այցելելուց եւ սյունեցիների «ջերմ ողջույնին» արժանանալուց հետո Նիկոլ Փաշինյանը ապօրինի հանձնարարություններ տվեց իրավապահ մարմիններին «հստակ եւ կոշտ արձագանքել» քաղաքացիների գործողություններին։ Բռնություններ գործադրելու այս ցուցումը կատարելով, նույն գիշերը, իրավապահները, ապօրինի, քաղաքացիների արժանապատվությունը ոտնահարելով եւ նսեմացնելով «բերման ենթարկեցին» երեսունից ավելի քաղաքացիների։ Իրավապահ մարմինների այս ակնհայտ հակաօրինական վարքագիծը բողոք առաջացրեց նաեւ Երեւանում եւ Հայաստանի այլ բնակավայրերում: Ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ խաղաղ հավաք անցկացրեցին ավելի քան հազար ցուցարարներ, որոնք պահանջում էին ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին եւ քրեական գործ հարուցել բռնություններ կատարելու հանձնարարական տված, իրականացրած եւ դրանք արդարացնող պետական պաշտոնյանների նկատմամբ:

Այս հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազը (նրան փոխարինող տեղակալը) մերժեց իջնել եւ հանդիպել ցուցարարների հետ: Դրա հետեւանքով լարված իրավիճակում սկսվեց հրմշտոց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, որի ժամանակ ոստիկանները սկսեցին անհամաչափ ուժի կիրառումը։ Հատուկ թիրախավորումով ոստիկանները հարվածներ հասցնելով, սկսեցին բերման ենթարկել ՀՅԴ անդամներին եւ ցույցի այլ մասնակիցների։ Մասնավորապես, տեսանյութում հստակ երեւում է, թե ինչպես է Ասլիկյան ազգանունով Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայող սպան բռունցքով եւ արմունկով կանխամտածված մի քանի անգամ հարվածում Հայկ Հեքիմյանի դեմքին եւ գլխին։ Ցույցի կազմակերպիչների համառ ջանքերի շնորհիվ միայն մոտ կես ժամ հետո հաջողվում է խաղաղեցնել իրավիճակը։

Սակայն իրավապհները չեն հանդարտվում։ Շարունակելով «իրացնել» ստացված ապօրինի հրահանգը, նրանք քրեական գործ են հարուցում դատախազության մոտ կատարված իրադարձությունների մասով եւ հաջորդ օրը ձերբակալում են Հայկ Հեքիմյանին։ Դատարանը մեկ օր անց ոչ իրավաչափ է ճանաչում նրա ձերբակալությունը, սակայն ապրիլի 25-ին քննչական կոմիտեն առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացնում Հայկ Հեքիմյանին կալանավորելու վերաբերյալ։ Դատավոր Գագիկ Պողոսյանը, չնայած ներկայացված տեսագրությանը, որտեղ ակնհայտ երեւում է, որ ոստիկանը միտումնավոր հարվածներ է հասցնում Հայկ Հեքիմյանին, եւ միայն դրանից հետո վերջինս արձագանքում ոստիկանին՝ ապտակելով վերջիս, ապրիլի 28-ին Հայկ Հեքիմյանին կալանավորելու որոշում է կայացնում:

Սրանով սակայն ապօրինությունները չեն ավարտվում։ Հայկ Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, սակայն արդեն ավելի քան մեկ շաբաթ Դատավոր Գագիկ Պողոսյանը Վերաքննիչ դատարան չի ուղարկվում բողոքարկվող դատական ակտը։

Ահա այսպիսին է նիկոլական իրավապահ համակարգը»։

 

Տպել
Ամենաշատ