News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսպանացի գիտնականները հետազոտել են պլաստիկի ազդեցությունը Համաշխարհային օվկիանոսի վրա: Բոլորը գիտեն, որ ծովային կենդանիները հաճախ են սատկում՝ խճճվելով ցանցերի մեջ կամ կուլ տալով ուտելու համար չնախատեսված տարրեր, սակայն տվյալ դեպքում մասնագետներն ապացուցել են փաստը, որը համարվում էր հիպոթեզ: Պարզվել է, որ պլաստիկից աղտոտումը փոխազդում է կենդանի օրգանիզմների հետ քիմիական մակարդակում, հաղորդում է Nat-geo-ն:

Գիտնականները վերլուծել են 44 լոգերհեդ (Caretta caretta) կրիայի մնացորդները, որոնք սատկած էին հայտնաբերվել Կատալոնիայի ափերում եւ Բալեարյան կղզիներում 2014-2017 թվականների ընթացքում: Հայտնի է, որ կրիաները, որոնց սննդակարգը հիմնականում կազմված է մեդուզաներից, սարդինաներից եւ կալմարներից, նաեւ ուտում են տարբեր թափոններ՝ պլաստիկից տոպրակներ, շշերի կափարիչներ եւ լողացող պլաստիկից տարրեր: Եւ տվյալ դեպքում պլաստիկի հետքեր են հայտնաբերվել ոչ միայն նրանց մարսողական համակարգում, այլ նաեւ մկաններում:

Թիմը վերլուծել է 19 հավելում, որոնք օգտագործվում են պլաստմասայում եւ հանդիսանում են նեյրոտոքսիկ կամ անգամ քաղցկեղածին: Դրանց են վերաբերում ֆոսֆորաօրգանիկ միացությունները. դրանք ավելացվում են պլաստմասայի մեջ հրդեհակայուն հատկությունները բարելավելու համար: Հենց դրանք են հայտնաբերվել բոլոր կրիաների մկաններում 6-100 նանոգրամ ծավալով: Ընդ որում՝ Բալեարյան կղզիներից կրիաների մոտ պլաստիկն ավելի շատ էր՝ ի տարբերություն Կատալոնիայի տարածաշրջանից կենդանիների:

Այդ միացությունները կարող են ազդել կրիաների վերարտադրողական համակարգի վրա եւ հանգեցնել քաղցկեղի զարգացման: «Թունավոր ազդեցությունը կրում է սուր, քրոնիկական բնույթ»,-պարզաբանում են գիտնականները: Եւ հենց այդ միտումը նաեւ կարող է տարածվել մարդկանց վրա. միկրոպլաստիկը հայտնվում է մեր օրգանիզմում ոչ միայն ձկների, այլ նաեւ օդի միջոցով: Մկաններում դրա կուտակումը նոր բացահայտում է, եւ հետեւանքները դեռեւս անհրաժեշտ է ուսումնասիրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ