News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի հատուկ նիստում չընտրվելու առաջին փորձից մեկ շաբաթ անց դարձյալ քննարկվել է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, եւ, չնայած, այն ձեւական բնույթ պետք է կրեր, քանի որ, ըստ պայմանավորվածության, թեկնածությունն առաջադրող իշխող ուժը կողմ չէր քվեարկելու, վարչապետի պաշտոնակատարը դարձյալ ծավալուն ելույթ է ունեցել, հնչել են հարցեր ու պատասխաններ, նաև ելույթներ։ Արձագանքելով համատարած ձախողումների մեղադրանքին, Փաշինյանը պնդել է, թե երկրում եղել են խորքային բարեփոխումներ, որոնք ազդել են բոլոր ոլորտների վրա՝ արդարադատությունից մինչեւ բնապահպանություն:

Իր իշխանության ամենամեծ խնդիրը Փաշինյանը համարում է 44-օրյա պատերազմը, բայց, ըստ նրա, մենք անցել էինք վերադարձի կետը մինչեւ 2018 թվականը: Այդ պատերազմի եւ բանակցային գործընթացի հանգամանքները պետք է ուսումնասիրի հատուկ խորհրդարանական հանձնաժողովը: Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի, քանի որ Թուրքիան Հայաստանի թշնամին է, բայցեւ՝ հարեւանը, ասել է նա: Տնտեսության մասով նա ասել է, թե կառավարությունը վերադարձրել է բիզնեսին ունեցած պարտքը, որ իշխանությունը հրաժարվել է որեւէ մեկի հետ «փայ մտնելու» պրակտիկայից, նաեւ, որ պետական պարտքից չպետք է վախենալ: Նա պնդել է, որ իշխանությունները չեն կարողանա կեղծել ընտրությունների արդյունքները, նույնիսկ եթե ցանկանան:

Վարչապետի ընտրության մասին հարցը քննարկելուց Ազգային ժողովը երկրորդ անգամ չի ընտրել Փաշինյանին վարչապետի պաշտոնում:

Փաստորեն, Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվել է: Նախքան ընտրությունների արդյունքում նոր խորհրդարանի ձեւավորումը պատգամավորները կշարունակեն իրականացնել իրենց պարտավորություններն ու լիազորությունները:

Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է 2021 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիրը։

Ազատության հրապարակում կիրակի հրավիրած հանրահավաքից առաջ ուղիղ հեռարձակմամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը «Գրանդ հոթել» հյուրանոցում «Հայաստան» դաշինքով ընտրություններին մասնակցելու հուշագիր են ստորագրել՝ ազդարարելով քաղաքական համագործակցության մեկնարկը: Հանդիսավոր միջոցառման ժամանակ նրանք համագործակցության փաստաթուղթ են ստորագրել: Նախկին նախագահի մամուլի քարտուղարը ներկայացրել է դաշինքի հռչակագիրը։

Հիմնավորելով դաշինքի ձեւաչափով իշխանության վերադառնալու անհրաժեշտությունը, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ երկրի առջեւ ծառացած մարտահրավերները՝ անվտանգության սպառնալիքներ, կառավարման, տնտեսական, հիմա նաեւ ինքնության ճգնաժամը չեզոքացնելու համար պետք են ուժեր, մարդիկ, որոնք ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու փորձ: Նշել, որ Դաշնակցության հետ ճանապարհ է անցել, «Վերածնվող Հայաստանն» էլ ստեղծվել է Սյունիքում, որը դարձել է այսօրվա  պայքարի խորհրդանիշը: Գործող իշխանությունը պետք է հեռանա. որովհետեւ պարտության խորհրդանիշն է: «Այս իշխանությունը մեղավոր է 5 հազար զոհերի, 11 հազար վիրավորների, եւ 35 հազար անօթեւան մնացած մեր հայրենակիցների համար: Այս իշխանությունը բերում է մահ, տառապանք, եւ ավերում է այն, ինչին դիպչում է», ասել է Քոչարյանը: Իշխանության գալով դաշինքն իրականացնելու է հակաճգնաժամային ծրագիր, նորից երկիրը վերածելու է շինհրապարակի, գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կյանքի որակի շեշտակի բարձրացումը, սուտը բացառվելու է պետական համակարգում:

Այնուհետեւ դաշինքի առաջնորդը, որդու՝ Լեւոն Քոչարյանի, դաշինքի գործընկերների, մտերիմների ու համախոհների ուղեկցությամբ ոտքով անցել է Հյուսիսային պողոտայով եւ Ազատության հրապարակում հավաքվածների ծափողջույնների ու վանկարկումների ներքո ժամանել  հանրահավաքի վայր, որտեղ, թերեւս ազդարարելով միջոցառման պաշտոնական մասի ավարտը, հանել է պիջակն ու փողկապը։ Հավաքը երկար չի տեւել, մի քանի ելույթներն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանը, որն առաջին անգամ էր հանրության առաջ ելույթ ունենում որպես ընդդիմադիր առաջնորդ, որպես նախագահի թեկնածու՝  վերջին անգամ, 2003 թվականին էր խոսել Մատենադարանի հարթակից։ Նախ նա նշել է, որ իրեն թվում էր, թե որպես պետական պաշտոնյա կատարել է առաքելությունը եւ հատուցել պարտքը, սակայն մարտահրավերները ստիպել են վերադառնալ։ Նա շեշտել է, որ իշխանությունը ձախողվել է բոլոր ոլորտներում եւ պարտությունը չի կարող մնալ անհետեւանք, հակառակ դեպքում կունենանք մշտապես պարտվող, լուզերների  ազգ:

Եռատոնի օրը վարչապետի պաշտոնակատարը սկսել է «Եռաբլուր» այցով: Այստեղ նա  մոտեցել է զոհվածների շիրիմներին, ծաղիկներ դրել, ծնկի իջել, խաչակնքել: Այցի ընթացքում նաեւ միջադեպ է գրանցվել։ 

Փաշինյանի թիկնազորի անդամները շրջափակել են լրագրողին, նրա աշխատանքը խոչընդոտելու գործողություններին միացել է նաև վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Միջադեպը նկարահանող NEWS.am-ի խմբին նույնպես անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել տեղաշարժվել, խոչընդոտել են նրանց աշխատանքը։ «Եռաբլուր» լրացուցիչ ուժեր են բերվել NEWS.am-ի եւ Tert.am-ի լրագրողների տեղաշարժն արգելելու համար: Ավելի ուշ Փաշինյանը եղել է Գեղարքունիքում, հանդիպել բնակիչներին, այցելել զորամաս։

«Եռաբլուրում», Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ասել է, որ իրականում ավազակապետական հեղափոխությունը Հայաստանում կատարել է Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր ունենք ղեկավար, որի տգետ, խառնակ կառավարությունը տվել է  այն արդյունքները, որոնք բոլորս տեսնում ենք», ասել է Զուրաբյանը։

Կենտրոնական բանկի մոտ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ այսօր խոշոր վթար է տեղի ունեցել: Անվտանգության աշխատակիցներով «Nissan»-ը բախվել է  «Mercedes»-ին, որտեղից մեկ կնոջ շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը ը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչման: Շուշիի ազատագրության հրամանատար Կոմանդոսի որդուն  Փաշինյանը շքանշանը հանձնել է հայոց բերդաքաղաքի ազատագրման օրը։ 

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 83 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 220 հազարի: Մեկ օրում մահացել է 17 վարակակիր, որոնցից 2-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 5290 է:

Կորոնավիրուսից մահացել է Գյումրու ամենակոլորիտային, պայծառ դեմքերից մեկը՝ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը։ Նա 78 տարեկան էր։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը պարզել է, որ կառավարությունը կենտրոնացած է եղել ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարի, վարակվածներին օգնություն ցույց տալու վրա, այլ մեկուսացած անձանց սննդի և հյուրանոցային կեցության վրա։ Այդ նպատակին  2020 թվականի պետբյուջեից ծախսվել է 5 միլիարդ 260 միլիոն դրամ, որից մոտ 3,5 միլիարդը տրամադրվել է հյուրանոցներին՝ մեկուսացումների ընթացքում: Հաշվարկների արդյունքում կասկածելի թվեր են ստացվել եւ փաստահավաք խումբն իրավապահներին կոչ է արել բացահայտել հնարավոր  չարաշահումները։

Ֆրանսիայի գործող զինվորականները բաց նամակով սատարել են պաշտոնաթող գեներալների կոչը, որոնք ահազանգել էին երկրի «փլուզման» մասին: 40 հազար  ստորագրությամբ նամակի հեղինակները դժգոհել են երկրի քաղաքական իշխանությունից, որը գեներալներին ապստամբի տեղ է դրել, մինչդեռ նրանք սգում են Ֆրանսիայի անկումը:  «Երկրում քաղաքացիական պատերազմ է հասունանում», իրենց հերթին ահազանգում են գործող զինվորականները։

Եվ՝ օրվա կադրը. Իջևանի բնակիչը, համաքաղացիների խնդրանքով, էշի հետ եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում էր Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով պտտեցնում են:

Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել երիտասարդին՝ ավանակին թողնելով մենակ ԱԺ-ի դիմաց։ Հարցին՝ ի՞նչ է լինելու կենդանու հետ, ոստիկանները պատասխանել են՝ կուղեկցենք համապատասխան վայր։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.28 դրամով, կազմել է 522.37 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.63 դրամով ու հասել 635.31 դրամի, բրիտանական ֆունտի  փոխարժեքն աճել է 9.22 դրամով ու հասել  735.97 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 7.06 դրամ:

Մայիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ը կբարձրանա 8-10 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 4-ից 6, վաղը ցերեկը 19-ից 21 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ