News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրարշավի ժամանակացույցը։ Քաղաքական ուժերն իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 31-ը, ժամը 18-ը: Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է հունիսի 7-ից, տևելու է 12 օր։

Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ պայմանավորված՝ դուրս են գալիս տարածքային ցուցակները, գործելու է փակ ցուցակներով պարզ համամասնական ընտրակարգ:

Քվեաթերթիկում չեն լինելու տարածքային թեկնածուների անուններ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու, որեւէ նշում չի արվելու: Քաղաքացին ընտրելու է եղած քվեաթերթիկներից մեկը եւ այն դնելու է ծրարի մեջ:

Արտահերթ ընտրություններում քարոզարշավի մեկնարկից հետո եթե կլինեն քարոզարշավի կանոնների խախտումներ, դրանք կվերացվեն, իսկ մինչեւ այդ Ընտրական օրենսգիրքը ԿԸՀ-ի համար որեւէ գործառույթ չի նախատեսում, նիստից հետո  լրագրողներին ասել է Տիգրան Մուկուչյանը: Ըստ նրա՝ մինչեւ ընտրարշավի մեկնարկը  պաստառները կհեռացվեն, եթե փակցված լինեն օրենքի խախտումով, Ընտրական օրենսգիրքը նախատեսում է սանկցիաների կիրառում բացառապես ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտների նկատմամբ, կանոնները սկսում են գործել քարոզարշավի մեկնարկի պահից սկսած:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։  ՔՊ խոսնակ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը  NEWS.am-ին հայտնել է, որ Պապիկյանին օգնելու են Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Առաջիկայում կհրապարակվի նաեւ նախընտրական ցուցակը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ NEWS.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ մայիսի 15-ին կայանալիք համագումարում  հայտնի կդառնա, թե ինչ կարգախոսով են  մասնակցելու ընտրություններին, եւ ովքեր են լինելու նախընտրական ցուցակում։ Մարուքյանի կարծիքով՝ «Լուսավոր Հայաստանը» բարձր շանսեր ունի, քանի որ մարդիկ իրենց են տեսնում նախկիններին ու ներկաներին այլընտրանք։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստին Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը խնդրել է նիստը հետաձգել՝ հաշվի առնելով իր պաշտպանյալի ամբուլատոր բուժումը: Նա խնդրել է հաջորդ հանդիպումը նշանակել մայիսի 25-ից ոչ շուտ:  Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանն էլ խնդրել է նիստը հետաձգել ավելի ուշ ժամկետի` առնվազն հունիսի 19-ին, որպեսզի դատավարությունը չխանգարի նախընտրական արշավին մասնակցությանը: Դատախազն առարկել է վերջին միջնորդության դեմ, դատավոր Աննա Դանիբեկյանը հաջորդ նիստը նշանակել է մայիսի 25-ին:

Մեկ այլ հնչեղ դատավարության ընթացքում լսվել է Բարձրագույն դատական խորհրդի՝ կասեցված լիազորություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու որոշումները վերացնելու մասին բողոքը։ Նիստը հետաձգվել է։ Լրագրողների հետ զրույցում Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն, անդրադառնալով վերաքննիչի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի ձայնագրությանը, որում Վարդազարյանն իրեն իբր ցուցումներ է տալիս, ասել է, որ ձայնագրման հրապարակումից հետո պաշտպանյալի  հետ կապ չի ունեցել եւ չի պարզել նրա դիրքորոշումը։

Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները մամուլին հայտնել են, որ թաղապետի տեղակալը թաղապետարանում վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ, ապա ծեծել նրան: Ավելի ուշ դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը եւ թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը, որոնց մասնակցությամբ տեղի էր ունեցել ծեծկռտուքը։

Ոստիկանները Երևանում են բերման ենթարկել 25-ամյա Կամո Խաչատրյանին, որն անցած տարվա հունիսից հետախուզվում էր «Շենգավիթցի Կյաժ Աշոտի» սպանության գործով։ «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանության համար հետախուզման մեջ է 22-31 տարեկան եւս 5 մարդ։

Պարզվել է Ազգային ժողովի դարպասների մոտ ավանակ բերած մարդու ինքնությունը։ Նա Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սեւադա Ղուկասյանն է։ Ավանակին գյուղում անվանում են «Զազո»։ Անձնական խուզարկությամբ Ղուկասյանի մոտ հայտնաբերվել է կասկածելի թմրանյութ եւ այժմ նյութեր են նախապատրաստվում։ Նրան բաց են թողել, իսկ ավանակին էլ, մինչեւ նրան հանձնելը, տեղափոխել էին Երեւանի Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ  գտնվող կենդանիների խնամքի վայր։ Ղուկասյանը Երեւան էր հասել՝ իր խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին էշի վրա թարս նստեցրած տուն տանելու։

Ադրբեջանի նախագահը հոխորտացել է Կանադայի եւ Ֆրանսիայի հասցեին: Նա անթույլատրելի է համարել, իր խոսքով, աշխարհի մյուս ծայրում գտնվող երկրներից հնչող հայտարարությունները Ադրբեջանի՝ իբր ներքին գործընթացների մասին: «Ո՞վ է նրան այդ իրավունքը շնորհել: Թող զբաղվեն իրենց գործերով»,- ասել է Ալիեւը, ապա անցել Ֆրանսիային: Նրան զայրացրել է Սենատի ներկայացուցչի հայտարարությունը, որ Ֆրանսիայի Սենատը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը: Իսկ միջազգային հանրության արձագանքն այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» վերաբերյալ՝ Ալիեւին կատաղության է հասցրել: «Ֆրանսիայի թանգարանում ցուցադրվում է Ալժիրի ազգային շարժման սպանված առաջնորդների կրիան: Նայեք ձեզ հայելու մեջ, քանի անգամ ասեմ այդ մասին»,- վրդովվել է Իլհամ Ալիեւը:

Մերձավոր Արեւելքում դարձյալ սրվել են իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները։ Ի պատասխան իր տարածքի հրթիռակոծության, Իսրայելի բանակը սկսել է «հարվածների ալիք» Գազայի հատվածի ուղղությամբ: Պաղեստինից արձակված 150 հրթիռներից մի քանի տասնյակն օդում ոչնչացրել է Իսրայելի «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգը։ Պաղեստինցիները պահանջում են դուրս բերել իսրայելցի զինվորներին Արեւելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի եւ Շեյք Ջարախ շրջաններից: Իսրայելի ավիահարվածներից զոհվել է 20 պաղեստինցի, 65-ը՝ վիրավորվել: Նախորդ օրերի բախումներում վիրավորվել էր 330-ից ավելի պաղեստինցի: Իսրայելը 5 հազար պահեստազորային է զորակոչել։

9 մարդ է զոհվել, 2 տասնյակից ավելին վիրավորվել Կազանի դպրոցներից մեկում հնչած կրակոցներից: Վիրավորներից 8-ը ծանր վիճակում է։ Հրաձիգը դպրոցի շրջանավարտ 19 Իլյազ Գալյավիեւն է, որը ձերբակալված է եւ արդեն հարցաքննվել է։ Նա իրեն անհամարժեք է պահել, գոռգոռացել, հայտարարել, թե ամիսներ առաջ իրեն Աստված է համարել, բայց վերջերս իր մեջ արթնացել է հրեշը եւ ինքը սկսել է ատել բոլորին։

Թաթարստանում մայիսի 12-ը հայտարարվել է սգո օր։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 220 հազարի: Մեկ օրում մահացել է 7 վարակակիր, որոնցից 4-ը մահացել է այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 5301 է։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ապագան իտալական «Ռոմայում» շարունակում է մնալ մշուշոտ: Միջազգային մամուլը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը վերջնական որոշում կայացնելուց առաջ մտադիր է զրուցել «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, որի պատճառով հեռացել էր «Մանչեսթեր Յունայթեդից»: Ըստ իտալական աղբյուրների՝ պորտուգալացի մասնագետը դեմ չէ աշխատել հայ ֆուտբոլիստի հետ, որը, սակայն, դեռ չի երկարաձգում «Ռոմայի» հետ պայմանագիրը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը,  նախորդ օրվա համեմատ նվազելով 0.27 դրամով, կազմել է 522.10 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.23 դրամով ու կազմել 635.08 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.81 դրամով ու հասել 737.78 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝   7.06 դրամ՝ մեկ ռուբլու դիմաց:

Հայաստանում մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 3 օրերին  օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա:  Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9 +11, վաղը ցերեկը՝ +25 +27:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ