News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը եւ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նախարարության, թանգարանի աշխատակիցների, մտավորականների ու արվեստագետների  հետ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել մեծանուն կոմպոզիտորի շիրիմին եւ խնկարկել հիշատակը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Թանգարանի նախաձեռնությամբ նախարարի տեղակալը, անվանի մտավորականներն ու արվեստագետները նաեւ խորհրդանշական վարդեր են տնկել կոմպոզիտորի շիրիմի մոտ:

Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով՝ Սպենդիարյանի հիշատակի օրը, որն ավանդաբար նշվում է մայիսի 7-ին, լավ առիթ է՝ եւս մեկ անգամ խոսելու եւ ներկայացնելու հայ երաժշտարվեստում այն մեծ ժառանգությունը, որը թողել է մեծանուն կոմպոզիտորը:

«1928 թվականի մայիսի 7-ին, երբ Ալեքսանդր Սպենդիարյանը կնքել է իր մահկանացուն, նրա մտերիմ ընկերոջ՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ որոշվել է կոմպոզիտորի աճյունն ամփոփել կառուցվող Ժողովրդական տան, այժմ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական  թատրոնի հարակից պուրակում: Թամանյանն անձամբ էր  խնամում եւ մշակում  ընկերոջ շիրիմի մոտ աճեցրած վարդերը, հոգ էր տանում, որ դրանք միշտ դալար մնան: Որոշեցինք ժամանակի մտավորականության, մեր հասարակության միջոցով վերականգնել այդ ազնվագույն ավանդույթն ու կոմպոզիտորի շիրիմի մոտ իրականացնել վարդատունկ»,- նշել է թանգարանի տնօրենը:

Անդրադառնալով Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներին՝ Մարինե Օթարյանը տեղեկացրել է, որ նախատեսվում են համերգային ծրագրեր,  գիտաժողովներ եւ հրատարակություններ: Ծրագրեր կիրականացվեն նաեւ կոմպոզիտորի ծննդավայրում՝ Ղրիմում, Թբիլիսիում՝ Թումանյանի տուն-թանգարանի հետ, ինչպես նաեւ Մոսկվայում եւ Լոնդոնում:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը պատրաստում է պատկերագիրք եւ ձայնասկավառակ: Կոմպոզիտորի ստեղծագործությունների ձայնագրությունը կիրականացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, իսկ պատկերագրքի պատրաստումը՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտական կազմը: Արդեն պատրաստ է Գեորգի Բուդաղյանի «Ալմաստի» գործիքավորման մասին գիրքը, որը սպասում է իր գինեձոնին: Կոմպոզիտորի հոբելյանին նվիրված՝ առաջիկայում Հայաստանի պետական սիմֆոնիկ եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի համերգներն են»,- տեղեկացրել է Մարինե Օթարյանը եւ անդրադարձել մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում կոմպոզիտորի տուն-թանգարանի պուրակում նախատեսվող միջոցառումներին:

«Ալեքսանդր Սպենդիարյանն աչքի էր ընկնում հղկվածությամբ, իմացությամբ եւ մտերիմների այնպիսի շրջանակով, որոնցով հպարտանում էին բոլորը: Երեւանում նա իր առաջին քայլերն արեց՝ որպես հայ մեծ դասական, ստեղծեց «Երեւանյան էտյուդները», որը պետք է կատարեր սիմֆոնիկ նվագախումբը: Այն նվագախմբի կատարմամբ ներկայացնելը մեծ իրադարձություն էր»,- պատմել է Տիգրան Մանսուրյանը եւ հավելել, որ պարբերաբար այցելում է Սպենդիարյանի շիրիմին:

Միջոցառման շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբն ու երգչախումբը կոմպոզիտորի արձանի մոտ հետաքրքիր մեկնաբանությամբ կատարել են նրա ստեղծագործությունները:

Տպել
Ամենաշատ