News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից։

«Նշված դատավորի առնչությամբ դատախազությունը ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանությանը հանձնարարել էր կատարել համապատասխան ստուգողական գործողություններ: Այդ անհրաժեշտ ստուգողական գործողությունները կատարվել են, սակայն քրեադատավարական ընթացակարգ ապահովելու բավարար հիմքեր ի հայտ չեն բերվել: Միաժամանակ, նկատի ունենալով դատավորի մտահոգությունները, միջոցներ են ձեռնարկվել օրենքով սահմանված կարգով նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- հայտնեց Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ Մհեր Պետրոսյանը Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վարույթ ընդունող դատավորն է։ Դատավոր Պետրոսյանն այդ որոշումը կայացնելուց հետո դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ եւ հայտնել, որ նկատմամբ սպառնալիքներ են հնչում։ ԲԴԽ-ն էլ դատավորի դիմումն ուղարկել էր Գլխավոր դատախազություն:

ՀՀ դատախազություն էլ դատավորի դիմումն ուղարկել էր ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու հանձնարարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ