News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Այս պահի դրությամբ՝ աջակցություն է ստացել շուրջ 840 ընտանիք, որից 424-ը՝ 2021 թ․ ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ վճարվել է շուրջ 640 մլն դրամ, որից շուրջ 302 մլն՝ 2021 թվականին։

Այս ծրագրերից կարող են օգտվել հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիները՝ ծրագրերի պարտադիր պայմաններին համապատասխանելու դեպքում։

Աջակցությունից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկերից որևէ մեկը (ցանկն՝ այստեղ)։ Երրորդ ծրագրի դեպքում՝ եթե բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։

Առաջին ծրագիր

Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝

1) հիփոթեքային վարկը տրամադրվում է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո՝ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով,

2) անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ է, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,

3) կատարվող կանխավճարի նվազագույն չափը (առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոսն է (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին) և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոսը (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին),

4) շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխա,

5) ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի, նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) և անչափահաս բոլոր երեխաների անունով։

Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելացվում է 30 տոկոսով (այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը կազմում է 2,6 մլն դրամ)։

Երկրորդ ծրագիր

Երկրորդ ծրագրի շրջանակում՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։ Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝

1) բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,

2) անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը 30 մլն դրամ է, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,

3) կատարվող կանխավճարի նվազագույն չափը (առանց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս  է և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս է,

4) շահառուի խնամքին առկա է առնվազն 1 անչափահաս երեխա:

Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180,000 դրամը։

Երրորդ ծրագիր

Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։ Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝

1) երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,

2) անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ է, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,

3) երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը, իսկ եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին, նաև կազմակերպության կողմից իրականացված վերջին մոնիթորինգի արդյունքում հիփոթեքային վարկի նպատակայնության հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել:

Երեխայի ծննդյան աջակցության չափը երեխայի ծննդյան ամսվա 1-ի դրությամբ  կազմում է՝

1) վարկի մնացորդային մայր գումարի 10 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է,

2) վարկի մնացորդային մայր գումարի 50 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է,

3) վարկի մնացորդային մայր գումարի 15 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 8 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին,

4) վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 35 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին։

Տպել
Ամենաշատ