News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստին պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց իրենց տրամադրել մայր քրեական գործով 2020 թվականի դեկտեմբերի դրությամբ բոլոր նյութերը, ինչպես նաեւ Սեւան Քոչարյանի ցուցմունքներում վկայակոչված ենթադրյալ այլ հանցագործությունների վերաբերյալ իրավական գնահատական պարունակող որոշումների պատճեները։

Պաշտպանական կողմը պնդեց, որ Սերժ Սարգսյանի գործն անջատվել է հիմնական քրեական գործից, եւ նրան արդարացնող ապացույցները չեն դրվել անջատված քրեական գործում։

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ Սեւան Քոչարյանի ցուցմունքի թույլատրելիությունը հարցականի տակ է, իսկ որոշ այլ անձանց հայտնած տվյալներ կան, որոնք կարող են գործի համար էական նշանակության տեղեկատվության տիրապետել․

«Չի բացառվում, որ նրանք հարցաքննվել են, սակայն նրանց ցուցմունքները չեն կցվել այս՝ անջատված գործի նյութերին։ Օրինակ պարզ չէ՝ Խաչիկ Մանուկյանին, որի անունը հիշատակել են որոշ անձինք, կենդանության օրոք հարցաքննե՞լ են, թե ոչ»։

Պաշտպանների պնդմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը չի տրամադրել գործի բոլոր նյութերը, որոնք առնչվում են իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին։

Նրանք ընդգծեցին, որ դրանցում առկա են մեղադրանքը հերքող եւ ամբաստանյալին արդարացնող նյութեր, ապացույցներ.

«Նյութեր են, որոնք կարող են էական նշանակություն ունենալ պաշտպանական մարտավարության համար։ Մեղադրանքի կողմը նշված նյութերը չտրամադրելով՝ խախտել է կողմերի՝ զենքերի հավասարության սկզբունքը։ Մենք զրկվել ենք այդ ապացույցները գնահատելու եւ վիճարկելու հնարավորությունից, իսկ դրանց գնահատումը միայն մեղադրանքի կողմից իմաստազրկում է պաշտպանական կողմի գործունեությունն այս վարույթում։ Եթե պահաջվող նյութերը պարունակում են պետական գաղտնիք, ապա դրանք կարող են ուսումնասիրվել դռնփակ նիստում»։

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանն էլ հայտարարեց, որ գործում կան փաստաթղթեր, որոնք անջատված քրեական գործից բացակայում են։ Նա պնդեց, որ հիմնական քրեական գործում կան նյութեր, որոնց պաշտպանները չենք ծանոթացել.

«Վեց ամսվա նախաքննության ընթացքում կարո՞ղ էին հավաքվել ապացույցներ, որոնք հերքում են մեղադրյանին վերագրվող արարքը։ Հարցս հռետորական է։ Բացի այդ, Սեւան Քոչարյանի առնչությամբ քրեական գործը, որը մնացել է ՀՔԾ-ում, ի՞նչ փուլում է։ Ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ գործ ունենք»։ 

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ պաշտպանների միջորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման։

Նա հայտարարեց, որ Սեւան Քոչարյանի հաղորդման հիման վրա է հարուցվել քրեական գործ․

«Հինգ անձանց առաջադրվել են մեղադրանքներ, եւ ձեռքբերված ապացույցներով վարույթն իրականացնող մարմինը որոշել է քրեական գործն անջատել։ Անջատված քրեական գործում, բնականաբար, տեղակայվել են մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները, որոնք առկա են մեղադրական եզրակացության մեջ։ Ուստի գործընկերներիս դիտարկումը, թե ծաղկաքաղ է արվել, առնվազն տրամաբանական չէ։ Քրեական գործում կան բոլոր ապացույցները եւ փաստաթղթերը, որոնք կան ամբաստանյալների մեղադրանքի հիմքում։ Զենքերի հավասարության խախտման սկզբունքի մասին էլ խոսք լինել չի կարող։ Կողմերը զրկված չեն դատարանին ապացույցներ ներկայացնելու իրավունքից։ Նման իրավիճակում պաշտպանական կողմի իրավունքների խախտման մասին խոսք չկա։ Ինչ վերաբերում է Սեւան Քոչարյանին, ապա նրա ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործ, նա վկա է, եւ նրա ցուցմունքները, որոնք վերաբերել են այս՝ անջատված քրեական գործին, բնականաբար, դրվել են քրեական գործում»։

Պաշտպան Մակինյանն էլ իր հերթին հակադարձեց մեղադրող դատախազին. «Դատախազն ասում է, թե մեղադրանքի հիմքում եղած բոլոր ապացույցները ներառել են։ Բա արդարացմա՞ն հիմքում ինչ նյութեր կան։ Դրա համար եմ ասում՝ ծաղկաքաղ են արել»։

Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է. նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։ Նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ Սերգո Կարապետյանի եւ Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
33-ամյա երիտասարդը ընտանեկան հարցերի շուրջ խանութում վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը
Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման...
2023-ի քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ 303 մլն դրամի վնաս. Դատախազության ամփոփումը
Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները...
Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են  «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության...
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերել
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ