News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այն ռիսկը, իբրեւ թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է թաքնվել, բացի ծիծաղը, ինձ մոտ նաեւ զայրույթ է առաջացնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, երրորդ նախագահի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Հայաստանում կա՞ մի ողջամիտ մարդ, որ մտածում է՝ ՀՀ երրորդ նախագահը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, դա ծաղր է։ Այս միջնորդությունը բացի իրավական լինելուց, կոնկրետ ինձ համար նաեւ բարոյական կողմ ունի. պետք է վերացվի, որովհետեւ չկա թաքնվելու ռիսկ»,- նշեց պաշտպան Ամրամ Մակինյանը։

Գործով վկայություն տված անձանց մասով Մակինյանն ասաց, որ այս քրեական գործով կա մեկ մեղադրող ցուցմունք, որը տվել է Սերգո Կարապետյանը. «Եթե նախկինում կարող էին թեկուզ վերացական մտահոգություններ լինել, որ կարող է՝ խոչընդոտվել դատավարության մասնակցի վրա անօրինական ազդեցություն եւ այլն, հիմա այդ հանգամանքը վերացել է, նա մահացել է»։

Մակինյանի պնդմամբ՝ խափանման միջոց կիրառելը պարտադիր պայման չէ, դա քննիչի հայեցողություն է, այդ հայեցողությունը կարող է կիրառվել միայն հիմքի եւ պայմանի առկայության դեպքում. «Այստեղ կապրիզներով չենք առաջնորդվում։ Երկիրը պետք է գա իրավական հարթություն, չնայած երկիրը թավալգլոր արագությամբ գնում է դեպի բեսպրեդել»։

Հարցին՝ ի՞նչ կարգով պետք է պաշտպանական կողմին տրամադրվեն գործում առկա ամբողջ նյութերը, այն դեպքում երբ նախաքննություն է իրականացվում, պաշտպանը պատասխանեց.

«Վարույթն իրականացնող մարմինը նախ ինքն է ռիսկերը կառավարում։ Եթե վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ այդ ռիսկը կա ընդհանարապես, թող 6 ամիս քննություն չկատարեր մի քրեական գործով, հետո այդ քրեական գործից իր համար ընտրողական ինչ-որ փաստաթղթեր հաներ, ու դրանք կարեր ինչ-որ մի կազմի մեջ ու ըստ մեղադրանքի ասեր՝ սա ձե մասն է։ Դատախազն ասում է՝ մեղադրող ապացույցները բերել ենք դատարան, բա արդարացնող ապացույցներն ո՞վ պիտի բերեր դատարան, դուք չեք որոշում՝ որն է մեղադրող, որը՝ արդարացնող։ Եթե կան տեղեկություններ, որոնք հրապարակման ենթակա չեն, կարող ենք դռնփակ դատական նիստում այդ մասը հետազոտել, անցնել առաջ»։

Հարցին՝ ի՞նչ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի դեմ, պաշտպան Մակինյանն ասաց, որ Սերգո Կարապետյանն այս քրեական գործով մի քանի անգամ է ցուցմունք տվել.

«Դրա հիմնավորումները սյուրպրիզ կներկայացնեմ հետո, թող սպասեն անակնկալների։ Եթե չեմ սխալվում, Սերգո Կարապետյանը 2 կամ ավելի անգամ ցուցմունքներ է տվել եւ հաստատել է այն, որ ընդհանրապես այս ծրագիրը իրականացվել է ճիշտ եւ ծրագիրը «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը հանձնելը եղել է շատ ճիշտ, որը մենք հիմա պնդում ենք։ Մեկ էլ մի օր Սերգո Կարապետյանը դիմում է գրում վարույթն իրականացնող մարմնին, թե ձեզ բան ունեմ ասելու։ Այդ ընթացքում ոչ մի դատավարական իրադարձություն տեղի չի ունենում, բայց Սերգո Կարապետյանը մտածում-մտածում ու դիմում է գրում ու իր նախկին ցուցմունքներին էապես հակասող ցուցմունք է տալիս։ Ես այդ հարցի պատասխանը գիտեմ, դա դատարանում այդ օրը, այդ ժամին ես փաստով կներկայացնեմ»։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստին դատարանին երկու միջնորդություն են ներկայացրել. միջնորդություններից մեկը վերաբերում էր նրա խափանման միջոցի վերացմանը, մյուսը՝ գործով բոլոր նյութերն իրենց տրամադրելուն։ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանն էլ միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Դատարանը միջնորդությունների վերաբերյալ որոշումը հրապարակելու է վաղը՝ 14։00-ին։

Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է. նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։

Նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ Սերգո Կարապետյանի եւ Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։https://www.youtube.com/watch?v=aF6llTjx224

Տպել
Ամենաշատ