News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Armlur.am–ին հասած տեղեկությունների համաձայն, Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանը վերջերս զորամասում վիճել է մի քանի զինվորների հետ, քաշքշել, ապտակել ու հաթաթա տվել. «Եթե ես իմ ուզածին չհասնեմ, ես էս զորամասի հրամանատարը…. երկուսիդ էլ ջարդելու եմ»:

Կայքին  հասած տեղեկությունների համաձայն, 44-օրյա պատերազմից հետո Արցախից մի խումբ ժամկետային զինծառայողներ են եկել արձակուրդ, որոնց մի մասը արձակուրդի ավարտից հետո հրաժարվել է հետ վերադառնալ Արցախ՝ ծառայության: Արդյունքում ՊՆ-ն որոշում է կայացրել պարտադիր ժամկետային զինծառայողներին, որոնք հրաժարվել են Արցախ գնալ ծառայության, ուղարկել Հայաստանի տարբեր զորամասեր։

Եվ Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանն ամենայն հավանականությամբ իր նշանառության տակ է վերցրել այս զինվորներին ու բանը հասել է միջադեպին, հրամանատարը ապտակել, քաշքշել ու սպառնացել է զինվորներին, թե «ջարդելու» է: Այս միջադեպին ականատես է եղել գրեթե ողջ զորամասը, որտեղ ամեն կերպ փորձել են հանգստացնել հրամանատար Մադաթյանին, բայց նա շարունակել է գոռգոռալ։

Armlur.am–ի ձեռքում է հայտնվել միջադեպի տեսաձայնագրությունը, սակայն հաշվի առնելով 44– օրյա պատերազմից հետ հայկական բանակում առկա խնդիրները ու մեր երկրի անվտանգային միջավայրը, կայքն այն չի հրապարակել ամբողջությամբ, այլ  ընդամենը մի հատված է ներկայացրել։

Կապանի հրամանատար Մադաթյանը ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ծառայակից ընկերն է, մտերիմը։ Ավելին, նա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդկանցից է, որը վերջերս է նշանակվել Կապանի զորամասի հրամանատար։

Ինչ է ստացվում. հետհեղափոխական Հայաստանում, լիելով վարչապետի վստահելին ու ԶՈւ գլխավոր շտաբի պետի մտերիմը, հրամանատարն իրեն թույլ է տալիս դաժան պատերազմ տեսած զինվորին սպառնալ, հարվածել։

Երեկվանից Armlur.am–ը փորձել  է զրուցել հրամանատար Արայիկ Մադաթյանի հետ, սակայն նա շարունակ անջատել է հեռախոսը:

Armlur.am–ը  միջադեպի ամբողջական տեսաձայնագրությունը պատրաստ է տրամադրել իրավապահներին, երբ միջադեպի մասով հարուցված կլինի քրեական գործ եւ հավանականություն, որ մեղավորները կպատժվեն։

Զորամասում տեղի ունեցած այս միջադեպին անդրադարձել է նաեւ ֆեյսբուքյան օգտատեր Ռուբեն Կիրակոսյանը՝ հրապարակելով միջադեպից մեկ այլ հատված։

«Կապանի զորամասի հրամանատարի վերաբերմունքն ու հարգանքը 44– օրյա պատերազմ անցած հայ զինվորի նկատմամբ: Իր երեխու տարիքին ա, էլ չասեմ, որ դաժան պատերազմ ա անցել՝ իր կյանքը վտանգելով հանուն հայրենիքի:

Նայեք սրա ագրեսիային, սպառնալիքներին ու խեղճ երեխուն հոշոտելու պատրաստակամությունը: Սրան անմիջապես պետք ա հեռացնել զբաղեցրած պաշտոնից ու ենթարկել պատասխանատվության:

Ես երկար տարիներ ուսադիր եմ կրել եւ հիմա էլ պահեստազորի փոխգնդապետ եմ եւ կարող եմ մի բան հստակ ասել: Եթե ստորաբաժանման ղեկավարը հայտնվել ա նշված իրավիճակում, ինքը այլեւս իրավունք չունի ոտք դնել նշված ստորաբաժնում: Ինքը հստակ այլեւս չի կարող իրեն ենթարկեցնել անձնակազմին՝ տեղակալից մինչեւ զինվոր: Եթե ղեկավարը հայտնվել է այս խղճուկ իրավիճակում՝ անզորությունից հայհոյում, սպառնում եւ իրեն փորձում եմ հանգստացնել այլ զինվորներ, ուրեմն ինքը այլեւս որպես ղեկավար գոյություն չունի: Որպես զինված ստորաբաժանման միավորման ղեկավար նույնիսկ վտանգավոր է նրա պաշտոնավարումը, Աստված չանի մարտական իրավիճակում, քանի որ չի վայելում հարգանք եւ ինչու ոչ նրանից նույնիսկ չեն վախենում ենթակա անձնակազմը»,– գրել է նա։

NEWS.am-ի հետ զրույցում, միջադեպի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունից ասացին, որ  «տեսանյութն ուսումնասիրվում է, համապատասխան կառույցները զբաղվում են դրանով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ