News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի ծերացող բնակչությունը մեծ ազդեցություն կթողնի աշխարհի վրա, քանի որ մատակարարումների համաշխարհային շղթան մեծապես կախված է աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունից: Այս մասին հայտարարել է CNBC-ին ANZ-ի գլխավոր տնտեսագետ Ռայմոնդ Յունգը:

Ավելի վաղ հրապարակված մարդահամարը Չինաստանում ցույց է տվել, որ 2020 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ մայրցամաքային հատվածի բնակչությունն աճել է՝ հասնելով 1,41 միլիարդի: Սա աճի ամենացածր տեմպն է 1950-ականներից ի վեր: 

«Միտումը կուժգնանա: Սա նախազգուշացում է ոչ միայն Չինաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, քանի որ Չինաստանը մատակարարման շղթայի առանցքն է», - ասել է Ռայմոնդ Յունգը: «Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Չինաստանը կկորցնի 70 միլիոն աշխատուժ, այնպես որ սա մեծ ցնցում է մատակարարման համաշխարհային շղթայի համար»:

Յունգը նաև հավելել է, որ այս ամենի մեկ այլ հնարավոր ազդեցությունը տեսանելի կլինի ֆինանսական շուկաներում, քանի որ Չինաստանի խնայողությունների բարձր մակարդակը աջակցում է համաշխարհային շուկաներին: Չինաստանն ունի աշխարհում ֆիզիկական անձանց խնայողությունների ամենաբարձր ցուցանիշներից մեկը, և մանրածախ ներդրողներից շատերը լրացուցիչ կանխիկ գումար են ներդնում կամ պահում են այն կենսաթոշակային ֆոնդերում:  

Մարդահամարը նաև ցույց է տվել, որ ծնելիությունը շարունակում է անկում ապրել՝ 2020 թվականին ընկնելով 15 տոկոսով:  
Փորձագետները նշում են, որ Չինաստանի բնակչության ծերացման խնդիրը դուրս է գալիս մեկ երեխայի քաղաքականության շրջանակից, և անհրաժեշտ են այլ փոփոխություններ բնակչության աճը արագացնելու համար՝ ծնելիության անկման և բնակչության ծերացման պայմաններում: Ինչպես խոշոր տնտեսություններ ունեցող այլ երկրներում, Չինաստանում ևս կացարանի և կրթության բարձր գները վերջին տարիներին մարդկանց հետ են պահում երեխաներ ունենալուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ