News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ավելի քան 40 հանրապետական սենատոր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են անում «միանշանակ» պաշտպանել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը եւ «անհապաղ» դադարեցնել բանակցություններն Իրանի հետ պատժամիջոցների չեղարկման շուրջ՝ հայտարարելով, որ Թեհրանն «աջակցում է» «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկչական գործողություններին Իսրայելի դեմ:

«Վերջին մի քանի օրվա ընթացքում Գազայի հատվածում Իրանի կողմից ֆինանսավորվող պաղեստինցի ահաբեկիչները մի շարք հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելին: Դրանք թիրախավորում են իսրայելցի խաղաղ բնակիչներին եւ քաղաքներին, այդ թվում՝ Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմը»,- Բայդենին ուղղված նամակում գրել է 44 հանրապետական սենատոր: Հանրապետականները հարձակումները «տագնապալի» են անվանել, քանի որ Բայդենի վարչակազմի անդամներն «այժմ գտնվում են Վիեննայում եւ բանակցություններ են վարում Իրանի հետ»:

««ՀԱՄԱՍ»-ի՝ Իսրայելի վրա վերջերս կատարված հարձակումների լույսի ներքո Միացյալ Նահանգները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Թեհրանին պատասխանատվության ենթարկելու համար եւ ոչ մի դեպքում պատժամիջոցների մեղմացում չտրամադրեն»,- գրել են նրանք՝ խնդիրը հատկապես կարեւոր անվանելով, քանի որ «Իրանն աջակցում է ահաբեկչական գործողություններին ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակցի՝ Իսրայելի դեմ»:

«ԱՄՆ-ն, որն ակտիվ բանակցություններ է վարում Իրանի հետ եւ պոտենցիալ կերպով միլիարդավոր դոլարներ է տրամադրում պատժամիջոցները մեղմացնելու համար, անկասկած կնպաստի Իրանի աջակցությանը «ՀԱՄԱՍ»-ին եւ այլ ահաբեկչական կազմակերպություններին, որոնք հարձակվում են ամերիկացիների եւ մեր դաշնակիցների վրա... Մենք ձեզ հորդորում ենք անհապաղ դադարեցնել բանակցություններն Իրանի հետ եւ հստակ հայտարարել, որ պատժամիջոցների վերացում չի լինի: Դա կցուցադրի մեր ամուր հանձնառությունը տարածաշրջանի մեր ամենամոտ դաշնակիցին եւ անվտանգության մեր սեփական շահերին»,- գրել են նրանք: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ