News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Զարմանալի է, որ մեր բանակը միանգամից պատասխան չի տալիս։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած երկրի սահմաններ երբ խախտվում են՝ զինվորականները կրակելով ու պաշտպանելով են պահում. «Այն, որ իշխանությունը տկար է, դավաճան է, շատ է ասվել, բայց ես զարմանում եմ զինվորականների վրա։ Իրենց համար ավելի կարեւոր է դառնում կարգադրություն կատարել կամ չկատարելը, քան իրենց առաջին պարտականությունը՝ հայրենիքի պաշտպանությունը։ Մենք ունենք պետություն, բանակ, որը լավ զինված է, միլիարդներ են ծախսվել այդ բանակի վրա. այդ բանակը դատապարտված է անգործության»։

Մանուկյանն ասաց, որ խորհրդի նիստի ընթացքում եղել են բազմաթիվ առաջարկություններ՝ կազմակերպչական, քաղաքական գործունեության. «Որոշվեց, որ պետք է հայտարարություն գրել, որտեղ մեր մտահոգությունները կգրենք։ Մյուս կողմից էլ ընտրություններ կան, թե՝ չկան. ամեն օրը այս իշխանության՝ երբ այս պետության գլխին է մնալու՝ վտանգավոր է Հայաստանի համար։ Այս իշխանությունն անպայման պետք է փոխել»։

Անդրադառնալով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելուն՝ Վազգեն Մանուկյանն արձագանքեց.

«Եթե դու ինքդ քո երկիրը չես պաշտպանում, քեզ ոչ մեկը չի պաշտպանի։ Դու պիտի պաշտպանես երկիրդ, որպեսզի նոր իրավիճակ ստեղծվի եւ գան քեզ օգնելու։ 200 հոգի գալիս են, դու նահանջում ես ու հպարտանում, որ զոհ չես տվել, զոհ չես տվել, մինչեւ Երեւան նահանջի թող գան ադրբեջանցիները։ Ես գտնում եմ, որ պետք էր դիմել միջազգային կազմակերպություններին։ Բայց մեր հույսը մեզ հետ պետք է կապենք։ Ունենք պատրաստի կառույցներ, որոնք տասնյակ տարիներ ծառայել են Հայաստանի համար եւ հիմա ոչ մի օգուտ չկա այդ կառույցներից»։

Հարցին՝ արդյոք կարիք կա՞ ռազմական դրություն մտցնելու՝ Մանուկյանն ասաց. «Եթե մտցնեն ռազմական դրություն, ռազմական դրության օրոք բանակը կանգնեցնեն սահմանների վրա, ադրբեջանցիներին դուրս շպրտեն, կանգնեն մեր դիրքերի վրա, այդ դեպքում  ռազմական դրությունն արդարացված է։ Բայց եթե ռազմական դրությունը հայտարարվելու եւ որեւիցե բան չի արվելու, այդ դեպքում ինչո՞ւ է ռազմական դրություն հայտարարվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ