News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 14-ին, հրապարակվեց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ դատախազ Աշոտ Ժամկոչյանի եւ ՀՔԾ քննիչ Դավիթ Կոստանդյանի նախաձեռնությամբ։

Նրանք պնդեցին, որ Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ բողոքի քննության ընթացքում հրապարակվի ձայնագրությունները, որով կհիմնավորվի, որ Վարդազարյանին մեղսագրվող արարքը որեւէ առնչություն չունի ԲԴԽ նախագահի լիազորությունների հետ, ուստի՝ նրա անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտություն չկա։

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ առարկեց՝ նշելով, որ ձայնագրության հրապարակումից չի փոխվելու մեղադրանքը եւ խնդիրը ոչ թե մեղադրանքի հիմնավորվածության մեջ է, այլ՝ ընթացակարգերի, համաձայն որի՝ պետք է հաղթահարվեր անձեռնմխելիությունը։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ դեմ չէ հրապարակմանը, եթե այն մոնտաժված չէ։

Դատարանը որոշեց հրապարակել ձայնագրությունը։ 

Ըստ ձայնագրության՝ Ռուբեն Վարդազարյանը զանգահարել է Սիմոնյանին՝ ասելով, որ այդ օրը նախատեսված է դատական նիստ (խոսքը քրեական հեղինակություն համարվող «Ալավերդցի Վահագի» գործի մասին է), ինչին ի պատասխան դատավորն ասել է, որ, կարծես թե նիստը չի կայանալու՝ պաշտպանների բացակայության պատճառով։ Վարդազարյանն էլ հայտնել է, թե, նոր անձ է ներգրավվել գործով։

Ըստ ձայնագրության` Վարդազարյանն հիշեցրել է նախկինում տրված իր խնդրանքը, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասել է, որ, եթե հնարավոր լինի, խափանման միջոցը կփոխի։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Տպել
Ամենաշատ