News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սյունիքում ստեղծված իրավիճակի շուրջ լարվածությունը չի թուլանում։ Արդեն երրորդ օրը Գեղարքունիքի եւ Սյունիքի արեւելյան սահմաններին շարունակվում է հակառակորդի այսպես կոչված «խաղաղ» ագրեսիան։ Ադրբեջանցի զինվորականները, չնայած հայկական կողմի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու պահանջը ոչ միայն անտեսել են, այլեւ որոշ տեղերում նույնիսկ առաջ շարժվել։ Վերին Շորժայի համայնքապես Արտյոմ Երանոսյանը NEWS.am-ին հայտնել է, որ Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը երեկ ևս 300–ից 400 մետր առաջ են եկել։ «Վարդենիսի սարատեղիի ձախ հատվածում ո՛չ մենք էինք եղել, ո՛չ իրենք, ազատ գոտի էր։ Նրանք տրամադրված չեն հետ գնալու, բայց մեր կողմը ոնց պետք է՝ կանգնած է»,– ասել է նա։ Ըստ գյուղապետի՝  ամբողջ գիշեր սահմանին հակառակորդի ծանր տեխնիկան է աշխատել, պարզ չէ՝ ձյան շերտն են մաքրում, թե ճանապարհ են ուզում գցել։ Ադրբեջանցիները հենց այն հատվածում են հաստատվել, որի մի մասը տեղացիներն օգտագործում են որպես արոտավայր, իսկ մյուս հատվածում նրանց ոռոգման ջրերն են կուտակվում։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի պետական սահմանի ներսում՝  Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածներում։ Բանակցություններին  հայկական կողմն, ըստ գերատեսչության, իր դիրքորոշումը հստակ հայտնել է՝ պնդելով, որ «դրանք մեր տարածքներն են, եւ մենք չենք պատրաստվում դրանցից անգամ մեկ մետր հետ քաշվել, իրենք պարտավոր են հեռանալ»։  Նշենք, որ նախօրեին բանակցություններ էին տեղի ունեցել, որոնք ըստ թության արդյունք չեն տվել։ Բանակցություններն այսօր դադարեցվել են: Դրանք կվերսկսվեն վաղը՝ ժամը 15:00-ին։ Հայաստանի կառավարությունը դիմել է ՀԱՊԿ-ում նախագահող Տաջիկստանի նախագահին, բայց ոչ թե 4-րդ՝ օժանդակության, այլ 2-րդ՝ քննարկումներ սկսելու հոդվածով։ 

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հետ։ Ի դեպ, Վլադիմիր Պուտինի հետ զրույցի վերաբերյալ Կրեմլի եւ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրություններում տարբերություններ կան: Հայկական տարբերակում ասվում է՝ Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է  ՀԱՊԿ–ին պաշտոնապես դիմելու իր որոշման մասին, մինչդեռ Կրեմլն իր հաղորդագրության մեջ ընդհանրապես չի անդրադարձել ՀԱՊԿ–ի թեմային։ Հայաստանի կառավարությունն իր տարածած տեղեկության մեջ ընդգծում է՝ Փաշինյանն ու Պուտինը համաձայնել են, որ ստեղծված իրավիճակից ելքը ադրբեջանական զորքերի վերադարձն է իրենց նախնական դիրքերին։ Այս մասը նույնպես բացակայում է ռուսական տարբերակից։

Երկու կողմերի հաղորդագրությունների միակ ընդհանրությունը այն է, որ կարևորվել է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահելու անհրաժեշտությունը։

Պուտինի մամուլի քարտողար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ պարզաբանել է, որ այդ  հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Մոսկվայի կողմից օգնության թեման՝ կապված Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ: «Ո՛չ, Փաշինյանը օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մտահոգությանը նախագահ Պուտինը համամիտ է եղել, հատուկ ընդգծել եռակողմ  պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը:

Եթե ռուսական կողմն իր արձագանքում ավանդույթի համաձայն չեզոք դիրքորոշում է հայտնել, կողմերից ոչ մեկին հասցեական չդիմելով, ապա Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումն այս հարցում հստակ էր՝ Ֆրանսիան իր զորակցություն է հայտնում Հայաստանի իշխանություններին, հավատարիմ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, իսկ ադրբեջանական զինված ուժերը անհապաղ պետք է դուրս գան հայկական տարածքից։ Ավելին, զրույցից հետո Մակրոնը ֆեյսբուքում հայատառ գրառում է կատարել և վերահաստատել բանավոր ասածը։

Հայաստանի Ազգային ժողովը երեկոյան արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է: Արտահերթ նիստը նախաձեռնել են ընդդիմադիր պատգամավորները՝  ստորագրահավաք կազմակերպելով։

Փաշինյանը բացատրել է, թե ինչու հեռախոսազրույցի ընթացքում Պուտինից ռազմական օգնություն չի խնդրել, նաև ընդգծել է՝ այսօր դիմել է ռուսաստանի նախագահին՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով։

Փաշինյանն ուշագրավ մանրամասներ է պատմել նաև Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցից։ Մակրոնը, ըստ Փաշինյանի, ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:

Փաշինյանը վստահ է՝ Ադրբեջանի նպատակը Հայաստանի տարածքում ռազմական բախում հրահրելն է: Այսինքն սա լոկալ ակցիա չէ մի բլուրի կամ լեռան վերաբերյալ: Սա հիմնավորող մի քանի փաստարկներ կան՝ ասել է Փաշինյանը: Նախ՝ սադրանքների մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածաված զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Սա չէր կարող զուտ պատահականություն լինել: Ըստ էության, 15 հազար զորք դուրս է բերվում մշտական տեղակայման վայրերից, ասել է Փաշինյանը։

Հաջորդը, դեռ ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ  բացահայտ սպառնալիքներով հանդես  եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացնի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Հաջորդ կարեւոր փաստարկը, եթե նայենք քարտեզին, կտեսնենք, որ Սեւ լիճը գտնվում է Հայաստանի հարավային հատվածի ամենանեղ հատվածում»,-ասաց նա:

«Եթե խնդիրը լիներ մի բլուրի վերաբերյալ, ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է արագ լուծել տեղային հարցը: Բայց քանի որ մեծ հավանականությամբ գործ ունենք մեծ բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գործարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը»,– ասել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչն իր աշխատանքային քարտեզներով այսօր միացել է ադրբեջանցիների հետ բանակցություններին: Նրա խոսքով, հայկական կողմի քարտեզները եւ ռուսական ռազմաբազայի քարտեզները հաստատում են պաշտոնական Երեւանի հայտարարությունները այս տարածքի եւ Հայաստանի սահմանային կոորդինատների պատկանելության մասին:

Նիստից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ եթե թերացում է եղել, դա Պաշտպանության նախարարության գործն է։

Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է Ժամկետային զինծառայողի դի։ Շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին գտել են կախված վիճակում։

«Անտինիկոլ» շարժման նախաձեռնող՝ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեսաուղերձ է տարածել, որում ընդգծում է, որ Փաշինյանին մինչեւ ընտրություններն իր պաշտոնում թողնելը շարունակում է ծանր հետեւանքներ թողնել Հայաստանի համար:

Ամեն օր Հայաստանում տասնյակից ավելի մարդ է մահանում կորոնավիրուսով, հարյուրավորները՝ վարակվում։ Անցած մեկ օրում գրանցվել է վարակվելու 230 նոր դեպք, մահացել 15 վարակված։ Մահացածների ընդհանուր թիվը 5356 է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 0.62 դրամով, կազմել է 522.48 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.50 դրամով ու հասել 632.67 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.96 դրամով ու հասել 734.61 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու կազմել է 7.06 դրամ:

Մայիսի 15-16-ին կեսօրից հետո երկրի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է կարկուտ։ Երեւանում անձրեւ սպասվում է երեկոյան ժամերին: Գիշերը մայրաքաղաքում կլինի +15-ից +17, վաղը ցերեկը՝ +28-ից +30։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ