News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Associated Press-ի հաղորդմամբ՝ ԶԼՄ-ների գրասենյակներով շենքի ուղղությամբ հարվածը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին, երբ սեփականատիրոջը զանգահարել էին իսրայելցի զինվորականները՝ նախազգուշացնելով, որ շենքի ուղղությամբ հարված է հասցվելու: AP-ի աշխատակիցներն ու շենքում գտնած մյուս անձինք անհապաղ տարհանվել են: Հարվածի հետեւանքով փլուզվել է ամբողջ շինությունը, որը վերածվել է փոշու հսկայական ամպի:

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստի-ն, պարզաբանումները հրապարակվել են ավելի ուշ: Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ հասցրել են հարվածներ բազմահարկ շենքի ուղղությամբ, քանի որ այդտեղ գտնվել են ռազմական սարքավորումներ, որոնք պատկանել են ՀԱՄԱՍ-ի հետախուզական ծառայություններին: Իսկ ԶԼՄ-ների գրասենյակները, իսրայելցի զինվորականների գնահատմամբ, օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի կողմից՝ որպես կենդանի վահան:

Associated Press-ը նաեւ նշում է, որ դրա նախօրեին իսրայելցի զինվորականները հարվածել են փախստականների ճամբարի ուղղությամբ, եւ այդ ժամանակ նախազգուշացում չի եղել: «Շաբաթ առավոտյան Գազայի Շաթի քաղաքում փախստականների ճամբարի եռահարկ շենքը հրետակոծելու հետեւանքով զոհվել է ութ երեխա եւ երկու կին մեծ ընտանիքից: Մոհամեդ Հադիդին հայտնել է լրագրողներին, որ նրա կինն ու հինգ երեխաները մեկնել էին տոնելու Կուրբան-բայրամը ազգականների հետ: Նա եւ իր 6-14 տարեկան երեք երեխաները զոհվել են, իսկ 11-ամյա տղան անհետ կորել է: Հայտնի է, որ ողջ է մնացել միայն նրա 5-ամսական որդի Օմարը: Ավերածությունների շրջանում կարելի էր տեսնել մանկական խաղաղլիքներ եւ «Մոնոպոլիա» սեղանի խաղը, ինչպես նաեւ ուտելիքով ափսեներ: Նախազգուշացում չէր եղել»,-նշված է պարբերականի հրապարակման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ