Մայորկայի ոստիկանությունը բացահայտել է միջազգային ցանց, որը զբաղվել է փողերի լվացմամբ, այդ թվում՝ Կուբայում, գրում է DW-ը:
Կղզում բերման է ենթարկվել 55 կասկածյալ, եւս հինգ մարդ՝ Մադրիդում, կիրակի՝ մայիսի 16-ին, հայտնել է Պալմա դե Մայորկայի ոստիկանությունը: Բացի այդ, խուզարկության արդյունքում առգրավվել է 400 հազար եվրոյի չափով կանխիկ փող, ինչպես նաեւ զգալի չափով թմրանյութ:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ հանցախումբը զբաղվել է կոկաինի մաքսանենգությունից ստացված ֆինանսական միջոցների օրինականացմամբ՝ գումարը փոխանցելով Կուբա, Դոմինիկյան Հանրապետություն եւ ԱՄՆ: Ընդ որում՝ փոխանցումների չափերն այնքան չնչին էին, որ դրանք կասկած չէին հարուցում ստուգումների ժամանակ: Փողերը ստացողները ձեռք էին բերում անշարժ գույք եւ թանկարժեք ավտոմեքենաներ, որոնք այնուհետեւ տրամադրվում էին հանցավոր խմբի անդամներին:
Ընդ որում՝ Մայորկայում հանցախումբը ստեղծել է կեղծ շինարարական ընկերություններ, որոնք պայմանավորվածություն ունեին տեղական երկու ընկերությունների հետ եւ նրանց տրամադրում էին 200 000 եվրոյի չափով հաշիվներ կեղծ աշխատանքներ կատարելու համար, նշում է հետաքննությունը:
Մայորկայում թմրաբիզնեսը բարգավաճում է նախ Պալմա դե Մայորկայի օդանավակայանի մերձակայքում՝ Սոն Բանյա բնակավայրում, որը հայտնի է որպես «թմրագյուղ»: Միջազգային հանցավոր խմբերը հաճախ օգտագործում են իսպանական կղզին՝ որպես փոխադրման կետ: